«Սասնա ծռեր»-ի անդամ Տիգրան Սարգսյանի խափանման միջոց կալանավորումը փոխվեց

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորքի նստավայրում շարունակվեց «Սասնա ծռեր»-ի 11 անդամների՝ Արմեն Լամբարյանի, Աշոտ Պետրոսյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Մանվել Աթոյանի, Վարդգես Գևորգյանի, Կարո Եղնուկյանի և Խաչատուր Գիչյանի, քրեական գործով դատական նիստը։ Նիստի մեկնարկին Տիգրան Սարգսյանի պաշտպան Գրիշա Բալասանյանը միջնորդություն ներկայացրեց, որ իր պաշտպանյալի խափանման միջոց կալանքը փոխվի: Պաշտպան Մուշեղ Շուշանյանը միացավ միջնորդությանը և հավելեց, որ գրավի համար Տիգրան Սարգսյանի հարազատները գումար չունեն և ցանկալի կլինի, որ խափանման միջոց կալանավորումը փոխվի չհեռանալու մասին ստորագրությամբ: Պաշտպանական կողմը միացավ միջնորդությանը, իսկ մեղադրող Արամ Չախոյանը միջնորդության վերաբերյալ ասաց, որ չի առարկում միջնորդության դեմ, սակայն անհրաժեշտ է կիրառել գրավը՝ որպես խափանման միջոց: Դատարանը, խորհրդակցական սենյակից վերադառնալով, հրապարակեց որոշում՝ խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ։ Տ․Սարգսյանի նկատմամբ կիրառվեց  ստորագրությամբ չհեռանալու մասին այլընտրանքային խափանման միջոցը։

Մեկնաբանություններ