ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կասեցրել է անհատ ձեռնարկատեր Արմեն Միքայելյանի արտադրամասի գործունեությունը: Իրականացված վերահսկողության ընթացքում պարզվել է, որ Էջմիածնում գործող հացի արտադրամասում խախտվել են սանիտարահիգիենիկ նորմերի պահանջները, արտադրամասի աշխատակիցները չեն պահել անձնական հիգիենայի կանոնները և աշխատանքը կազմակերպել են առանց մաքուր արտահագուստի: Խախտվել են նաև հումքի և մյուս բաղադրիչների պահման պայմանները:
Երևանում գործող կիսապատրաստվածքների արտադրամասում ևս խախտվել են սանիտարահիգիենիկ նորմերի պահանջները: «Գ. Նուրբեկյան» ՍՊԸ-ին պատկանող արտադրամասի գործունեությունը կասեցվել է մինչև որ արտադրամասը բերվի մաքուր և նորոգ վիճակի, ապահովվի սառը և տաք մշտական ջրով, ախտահանման միջոցներով և չորացման հիգիենիկ սարքերով և վերացվեն սանիտարահիգիենիկ նորմերի բոլոր խախտումները: