Արժույթի միջազգային հիմնադրամը հաստատել է Ուկրաինային ֆինանսական օգնության հատկացնելու նոր ծրագիրը

Ընթացիկ տարվա դեկտեմբերի 18-ին Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Ուկրաինայի իշխանությունների միջև հանդիպում է տեղի ունեցել, որի ժամանակ քննարկվել են Ուկրաինայի հետ համագործակցության և երկրին հերթական ստանդարտ վարկ հատկացնելու վերաբերյալ կարևոր հարցերը։

ԱՄՀ գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է Ուկրաինայի համապարփակ տնտեսական ծրագրի աջակցման համար  3.9 միլիարդ դոլար գումարի չափով «Stand-by» սանտդարտ նոր վարկի տրամադրման համաձայնագիրը՝ 14 ամիս ժամկետով։

Ուկրաինային 1․4 մլրդ դոլար գումարի չափով առաջին տրանշը պետք է հատկացվի համաձայնագիրը կնքելուց անմիջապես հետո: Ուկրաինայի ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ ակնկալում է ստանալ ԱՄՀ-ի կողմից հատկացվող գումարը մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 25-ը: Գումարի մնացած մասը կտրամադրվի երկրի տնտեսության կիսամյակային հետազոտություններից հետո գրանցված դրական արդյունքների հիման վրա։

ԱՄՀ մամուլի ծառայության հաղորդած տեղեկությունների համաձայն՝ Ուկրաինայի հետ համագործակցության նոր ծրագիրը 2019 թվականին կաջակցի երկրի իշխանությունների վարած տնտեսական քաղաքականությանը և կկենտրոնանա երկրի մակրոտնտեսական և ֆինանսական կայունության պահպանման վրա:

Ծրագրի առաջնայնությունները ներառում են պետական պարտքի հետագա կրճատումը, գնաճի նվազումը և Ուկրաինայում կառուցվածքային բարեփոխումների խթանումը: Առանձին առաջնահերթ խնդիր է համարվում նաև երկրում հակակոռուպցիոն բարեփոխումների հետագա առաջընթացը։

Հիշեցնենք, որ Արժույթի միջազգային հիմնադրամը երկու պահանջ է ներկայացրել Ուկրաինային՝ ֆինանսական աջակցություն ցուցաբերելու և հերթական վարկ հատկացնելու համար։ Ուկրաինային հաջողվել է վարկ ստանալ հիմնադրամից Հակակոռուպցիոն դատարանի ստեղծման մասին օրինագիծ ընդունելու և գազի գները բարձրացնելու վերաբերյալ իր տված խոստումները կատարելուց հետո։