Ռոբերտ Միրզոյանն ընդդեմ Հայաստանի

Գործը վերաբերում է պարտադիր զինվորական ծառայություն անցնելու ժամանակ կատարված զինվորի սպանությանը։ Դիմումատուն՝ Ռոբերտ Միրզոյանը, ծնվել է 1954 թվականին, բնակվում է Արարատի մարզի Մարմարաշեն գյուղում։ Դիմումատուի որդին՝ Գեղամ Սերգոյանը, պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն է անցել Արցախի Հանրապետությունում։ Ծառայության ժամանակ՝ 2007 թվականի ապրիլին, Գեղամը սպանվել է զորամասի դասակի հրամանատարներից մեկի կողմից։ Հրամանատարի արձակած կրակոցից հրազենային վնասվածք ստանալու հետևանքով Դիմումատուի որդին ծայրահեղ ծանր վիճակի մեջ է ընկել։ Գեղամին տեղափոխել են հիվանդանոց, սակայն, այդպես էլ գիտակցության չգալով, նա մահացել է։

Սպանության փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Գործի շրջանակներում պարզվել է, որ 2007 թվականի ապրիլի 15-ին 37673 զորամասի դասակի հրամանատար Հենրիխ Գրիգորյանը, նշանակված լինելով զորամասի հերթապահ, հերթապահության սենյակում տեսնելով նույն զորամասի զինծառայող կրտսեր սերժանտ Գեղամ Սերգոյանին, ով հեռուստացույցով ցուցադրվող հաղորդման առիթով փորձել է կատակել իր հետ, դիտողություն է արել նրան՝ առանց թույլտվության հերթապահության սենյակ մտնելու համար։ Չնայած Գեղամ Սերգոյանի կողմից դիտողությունն ընդունելու և սենյակից դուրս գալու փորձին, նրա կատակը որպես վիրավորանք ընկալելով՝ հրամանատարն իրեն ամրակցված ատրճանակից կրակել է Գեղամ Սերգոյանի ծնոտին և զրկել նրան կյանքից: Այս մասին վկայել է նաև նույն սենյակում գտնվող մեկ այլ զինծառայող և հավելել է, որ Գեղամ Սերգոյանին թույլատրել են հերթապահության սենյակ մտնել, քանի որ համապատասխան ժամանակահատվածում վերջինս ոտքի հետ կապված խնդիրներ է ունեցել՝ վիրահատության ենթարկվելու և եղունգը հեռացնելու պատճառով։ Սպանություն գործած հրամանատարը, ով նախկինում բազմիցս նկատողություններ է ստացել վերադաս մարմինների կողմից, ընդունել է իր մեղքը։

2009 թվականին Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը վճռել է հրամանատարին դատապարտել 15 տարվա ազատազրկման՝ իշխանության չարաշահման, խուլիգանական դրդումներով կատարված սպանության և իշխանական անգործության հիմքերով։ Դիմումատուն Պետության դեմ բողոք և հայց է ներկայացրել՝ հրամանատարին ցմահ ազատազրկման դատապարտելու և իր որդու սպանության հետևանքով իրեն պատճառված ոչ նյութական (բարոյական) վնասի հատուցման պահանջի վերաբերյալ։ Այնուամենայնիվ, Դատարանը մերժել է Դիմումատուի ներկայացրած բողոքը և պահանջը։ Դատարանի կայացրած որոշման մեջ առկա է եղել նաև այն հիմնավորումը, որ ներքին օրենսդրությամբ բարոյական վնասի հատուցում չի նախատեսվում: Դիմումատուն բողոք է ներկայացրել նաև Վերաքննիչ դատարան և Վճռաբեկ դատարան, սակայն, ապարդյուն։

Հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածը, որի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է օրենքի գերակայությունը, Դիմումատուն բողոքել է, որ իր որդու պանության գործը քննելու և ոչ նյութական փոխհատուցում հատկացնելու վերաբերյալ որոշում կայացնելու ժամանակ ներպետական դատական ատյանները հիմք են ընդունել միայն ներքին օրենսդրությունը և հաշվի չեն առել Կոնվենցիան, որը, Դիմումատուի կարծիքով, պետք է գերիշխող դեր ունենա։ 

Դիմումատուն բողոքել, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի (կյանքի իրավունք) խախտում և 13-րդ հոդվածի (իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք) խախտում։ Մասնավորապես՝ Դիմումատուն բողոքել է, որ տեղի իշխանությունները և պետական մարմինները չեն կարողացել պաշտպանել իր որդու կյանքի իրավունքը։ Դիմումատուն բողոքել է իր որդու սպանությունը կատարած հրամանատարի պատիժը մեղմացնելու, ինչպես նաև իր զավակի սպանության հետևանքով իրեն պատճառված ոչ նյութական (բարոյական) վնասի հատուցման համար ներկայացրած պահանջը մերժելու որոշման մասին։

Հաշվի առնելով վերը նշված գործոնները՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է, որ Դիմումատուի նկատմամբ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի և 13-րդ հոդվածի խախտում։ ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վճիռն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, Հայաստանը պարտավոր է Դիմումատուին պատճառված ոչ նյութական (բարոյական) վնասի համար վճարել 15․000 եվրո գումարի չափով փոխհատուցում, որը պետք է փոխարկվի պատասխանող Պետության արժույթով՝ վճարման ամսաթվի դրությամբ գործող փոխարժեքով։