ՌԴ-ում Հայաստանի դեսպանությունը դատապարտել է Արմավիրի հայկական եկեղեցում կատարված վանդալիզմը

Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը նշել է, որ Արմավիր քաղաքի հայկական եկեղեցու տարածքում քաղաքային դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովի արարքը կարող է ազգամիջյան լարվածություն առաջացնել:

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել են, որ Վինոգրադովը սև ներկով պղծել է եկեղեցու բակում տեղադրված Գարեգին Նժդեհի հուշատախտակը:

«Խորը վրդովմունք ենք հայտնում Արմավիրում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ: Քաղաքային դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովի գործողությունը գնահատում ենք վանդալիզմի ակտ հայկական եկեղեցու տարածքում և օրինական կարգին հակասող կամայականության դրսևորում: Այդ արարքը չի համապատասխանում հայ-ռուսական փոխհարաբերությունների ոգուն և կարող է ազգամիջյան լարվածություն առաջացնել», – մեկնաբանել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը:

Պաշտոնական Մոսկվան հավաստիացնում է, որ երկրի իրավապահները զբաղվում են Արմավիրի հայկական եկեղեցու բակում տեղի ունեցած վանդալիզմի հանգամանքներով, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նրա խոսքով, Արտգործնախարարությունն այդ մասին ահազանգ է ստացել Ռուսաստանում ՀՀ դեսպանությունից, և իրավապահ մարմինները զբաղվում են այդ գործով: