Ռաշկինն ընդդեմ Ռուսաստանի. դիմումատուն փոխհատուցել էր «Ելցիններ, Վոլոդիններ, Պուտիններ» ասելու համար

Դիմումատուն՝ Վալերի Ռաշկինը, ազգությամբ ռուս է, ծնվել է 1955 թվականին և բնակվում է Սարատովում: Գործը վերաբերում է քաղաքական ցույցի ժամանակ Դիմումատուի կողմից արված արտահայտությունների համար նրան մեղավոր ճանաչելու մասին որոշմանը։ 

2009 թվականին Դիմումատուն՝ այն ժամանակ Ռուսաստանի Կոմունիստական ընդդիմադիր կուսակցության անդամը, ելույթ է ունեցել Սարատովում՝ բոլշևիկյան հեղափոխության 92-ամյակի կապակցությամբ։ Նա տարբեր քաղաքական գործիչներին մեղադրել է ազգի դեմ կատարված հանցագործությունների մեջ, այդ թվում՝ Վոլոդինին՝ իշխող «Միասնական Ռուսաստան» կուսակցության անդամին: Ի թիվս այլ բաների, Դիմումատուն հայտարարել է, որ «այդ բոլոր հանցագործությունների բեռը մեծապես կրում են 1991 թվականի հեղաշրջման հետևում կանգնած ուժերը՝ Ելցինները, Վոլոդինները, Սլիսկաները, Մեդվեդևները և Պուտինները: Նրանք պատասխանատվություն են կրում այնպիսի հանցագործությունների կատարման համար, որոնք կարելի է լվանալ միայն արյունով: Արյան միջոցով նրանք պետք է լվանան այն խայտառակությունը, որը բերել են մեր գլխին»:

Վոլոդինը զրպարտության հիմքով հայց է ներկայացրել Ռաշկինի դեմ։ 2010 թվականին դատարանը բավարարել է հայցը և կարգադրել է Ռաշկինին փոխհատուցում վճարել Վոլոդինին՝ 1 միլիոն ռուսական ռուբլի (25.640 եվրո) գումարի չափով։ Դատարանը գտել է, որ Ռաշկինը մեղադրել է Վոլոդինին ազգի դեմ հանցագործություններ կատարելու մեջ, իսկ ելույթը վնաս է պատճառել նրա հեղինակությանը։ Չնայած այն հանգամանքին, որ Ռաշկինը չի շեշտել Վոլոդինի անունը և ազգանունը, իսկ ազգանունը գործածվել է հոգնակի ձևով, այնուամենայնիվ, Վոլոդինը հայտնի անձ է Սարատովում։ Ուստի, զգալի թվով քաղաքացիներ հասկացել են, որ հայտարարությունը վերաբերում է հենց Վոլոդինին, ով պետական ​​մարմիններում ներկայացնում է Սարատովի շրջանը։ Դատարանը որոշման մեջ նաև նշել է, որ Ռաշկինի ելույթը պարունակել է հայտարարություններ, որոնք ենթադրում են, որ Վոլոդինը խախտել է քրեական օրենսգիրքը, ինչը նրան բացասական կողմից է բնութագրել։ Սակայն, ​​հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը, քանի որ Վոլոդինը չի մասնակցել 1991թ. իրադարձություններին, նա այդ ժամանակ դասավանդել է համալսարանում և խորհրդարանի անդամ է եղել։

Դիմումատուն բողոքել է դատարանի կայացրած որոշման դեմ՝ պնդելով, որ նա իր կարծիքն է արտահայտել իշխանությունների մասին, նրա հայտարարությունը ուղղված չի եղել Վոլոդինին, և վերջինիս անունը և ազգանունը չի հիշատակվել ելույթի ժամանակ։ Այնուամենայնիվ, վերաքննիչ դատարանը մերժել է բողոքը։ 

Հիմք ընդունելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը (արտահայտվելու ազատություն)՝ Դիմումատուն բողոքել է իր դեմ կայացված որոշման մասին։ Նա պնդել է, որ Ռուսաստանի դատարանները չեն քննել գործը Կոնվենցիայի 10-րդ հոդվածում սահմանված սկզբունքների համաձայն: Դիմումատուն ընդդիմադիր քաղաքական գործիչ և խորհրդարանի անդամ է, և այդ փաստը պետք է հաշվի առնվեր, քանի որ նա ժողովրդի ներկայացուցիչ է և ներկայացնում է իր ընտրազանգվածին։ Նա ոչ թե Վոլոդինին, այլ իշխանություններին է մեղադրել մարդկանց դեմ կատարված հանցագործությունների մեջ։ Դիմումատուն պնդել է, որ փոխհատուցման գումարի պատճառով ահռելի բեռ է կրել։ Նա նշել է, որ վաճառել է իր գույքի մի մասը՝ գումարը վճարելու համար: 

Կառավարությունը նշել է, որ Վոլոդինի հասցեին արված Դիմումատուի հայտարարություններն անհիմն են։ Դրանք վնաս են հասցրել պատգամավորի հեղինակությանը և համբավին։ Դիմումատուի պնդումները դուրս են եկել քննադատության ընդունելի սահմանից, և միջամտությունն անհրաժեշտ էր մեղադրանքները չեղյալ համարելու համար: Իսկ փոխհատուցման գումարի չափը որոշվել է հաշվի առնելով Վոլոդինի հոգեկան ապրումները։ 

ՄԻԵԴ-ը նշել է, որ վիրավորանքի կամ զրպարտության համար պատասխանատվությունը` անկախ դրա բնույթից ու չափից, հանդիսանում է միջամտություն անձի արտահայտվելու ազատությանը: Դատարանը նաև նշել է, որ եթե միջամտությունը անձի արտահայտվելու ազատությանը ունի օրինական հիմք, ապա վնաս կրած կողմը կարող է դիմել դատական ​​պաշտպանության և պահանջել փոխհատուցում ոչ նյութական վնասի համար։ Այս առնչությամբ Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը պահանջում է, որպեսզի վիրավորանքի կամ զրպարտության համար սահմանվող փոխհատուցումը համաչափության ողջամիտ հարաբերակցություն ունենա անձի հեղինակությանը պատճառված վնասի հետ։ Դատարանի նպատակն է պարզել, թե արդյոք միջամտությունը «անհրաժեշտ էր ժողովրդավարական հասարակության մեջ»:

ՄԻԵԴ-ը պարզել է, որ Դիմումատուի կողմից արվել է հայտարարություն հավաքական քաղաքական պատասխանատվության մասին, և կոնկրետ քրեական հանցագործությունների մեղադրանք չի հնչել Վոլոդինի հասցեին։ Որպես քաղաքական մտքի արտահայտման ձև, այն պետք է պաշտպանվեր ավելի բարձր մակարդակով Կոնվենցիայի 10-րդ հոդվածի համաձայն, քանի որ քաղաքական խոսքի սահմանափակումներն արդարացնելու համար շատ ծանրակշիռ պատճառներ են անհրաժեշտ։ 

ՄԻԵԴ-ը որոշել է, որ ներքին դատարանները հաշվի չեն առել այն ենթատեքստը, որում արվել են վիճարկվող հայտարարությունները և չեն ճանաչել կողմերի դերը՝ որպես քաղաքական գործիչների: Նրանց որոշումները սահմանափակվել են վնասի գնահատմամբ, որը կարող էր պատճառվել Վոլոդինի հեղինակությանը: Դատարանները չեն փորձել գտնել հավասարակշռություն Վոլոդինի հեղինակությունը պաշտպանելու անհրաժեշտության և Դիմումատուի խոսքի ազատության միջև: Այս թերությունները հանգեցնում են այն եզրակացության, որ ներքին դատարանները «չեն կիրառել այնպիսի ստանդարտներ, որոնք համահունչ են 10-րդ հոդվածում ամրագրված սկզբունքներին» և չեն ներկայացրել համապատասխան և բավարար պատճառներ՝ պետության կողմից անձի արտահայտվելու ազատությանը միջամտությունն արդարացնելու համար։ Ինչ վերաբերում է փոխհատուցման գումարի չափին, ապա ՄԻԵԴ-ը պարզել է, որ այն սահմանելու ժամանակ դատարանը հաշվի չի առել Դիմումատուի ֆինանսական վիճակը և ռեսուրսները։ Բացի այդ, հայտնի քաղաքական գործիչները և պատգամավորները պետք է պատրաստ լինեն հանդուրժել կոշտ քննադատություն և չեն կարող պահանջել պաշտպանության նույն միջոցները, ինչ և մասնավոր անձինք, մանավանդ, եթե գործը չի վերաբերում նրանց անձնական կյանքին։

Քննելով սույն գործի հանգամանքները՝ Դատարանը եզրակացրել է, որ Դիմումատուի նկատմամբ սահմանված բարձր փոխհատուցումը չի հետապնդում «սոցիալական կարիք», և նրա արտահայտվելու ազատությանը իշխանությունների միջամտությունը «անհրաժեշտ չէ ժողովրդավարական հասարակության մեջ»:
Այսպիսով, ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի խախտում։ Դատարանը վճռել է, որ Ռուսաստանը պետք է Դիմումատուին պատճառված ոչ նյութական (բարոյական) վնասի փոխհատուցման համար վճարի 7․800 եվրո։