Պենդովն ընդդեմ Բուլղարիայի

Դիմումատուն՝ Լազար Պենդովը, ազգությամբ բուլղարացի է, ծնվել է 1986 թվականին, բնակվում է Պլովդիվ քաղաքում։ Գործը վերաբերում է ոստիկանության կողմից վեբ կայքերի և սերվերի առգրավմանը, դրանց գործունեության սահմանափակմանը։  

2010 թվականի հունիսին ոստիկանությունը խուզարկել է այն տարածքը, որտեղ գտնվել է համակարգչային սերվեր և այն առգրավել է։ Սերվերի վրա տեղակայված է եղել վեբ կայք։ Վեբ կայքը, ենթադրաբար, հեղինակային իրավունքի խախտմամբ, գիրք է վերբեռնել համացանց, ինչի պատճառով քրեական հետաքննություն է սկսվել: Սերվերի վրա տեղակայված է եղել նաև ճապոնական անիմե մշակույթին նվիրված մեկ այլ վեբ կայք, որը պատկանել է Դիմումատուին և կառավարվել է նրա կողմից: 

Դիմումատուին երբեք չի տրամադրվել խուզարկման հրամանի պատճենը և սերվերի առգրավման մասին արձանագրությունը, սակայն, նա հարցաքննվել է ոստիկանության կողմից: Դիմումատուն բազմիցս դիմել է համապատասխան մարմիններին՝ սերվերը վերադարձնելու խնդրանքով։ Դիմումատուն նշել է, որ իր վեբ կայքը չի կարող գործել առանց տվյալների, որոնք առգրավել է ոստիկանությունը, որ քրեական հետաքննության համար անհրաժեշտ տեղեկատվությունը հնարավոր է պատճենել և «հեղինակային իրավունքի օբյեկտներ» պարունակող վեբ կայքը վերադարձնել իրեն։ Դիմումատուն բողոքել է նաև ոստիկանության գործողությունների հետևանքով իրեն պատճառված զգալի վնասի վերաբերյալ, բացի այդ նշել է, որ վեբ կայքի փակումը «վարկաբեկել է իրեն» այցելուների և գործընկերների մոտ։ 

Ի վերջո, Գլխավոր դատախազությունը, հետաքննություն է անցկացրել Դիմումատուի բողոքների հիման վրա, և 2011 թվականի փետրվարին սերվերը վերադարձվել է նրան՝ օգտագործման իրավունքով: Սույն գործով հետաքննության ընթացքում սերվերը չի փորձարկվել փորձագետների կողմից և որևէ այլ կերպ չի օգտագործվել քրեական հետաքննության նպատակներով: 

Կայքը վերականգնել է գործունեությունն այն բանից հետո, երբ սերվերը վերադարձվել է Դիմումատուին: Սակայն, ըստ նրա, կայքը կորցրել է լսարանը՝ որոշ ժամանակ անհասանելի լինելու պատճառով։ 

Հիմք ընդունելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի Թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածը (սեփականության պաշտպանություն) և Կոնվենցիայի 10-րդ հոդվածը (արտահայտվելու ազատություն)՝ Դիմումատուն բողոքել է սերվերի առգրավման և երկար ժամկետով պահելու մասին։

Կառավարությունն իր դիրքորոշումներում հայտնել է, որ Դիմումատուն չի սպառել իրավական պաշտպանության ներքին միջոցները և նշել է, որ սերվերը պահվել է ընդամենը մի քանի ամիս, չի ենթարկվել որևէ ստուգման և Դիմումատուին վերադարձվել է լավ վիճակում: Ինչ վերաբերում է Կոնվենցիայի 10-րդ հոդվածի հիման վրա ներկայացված բողոքին, Կառավարությունը նշել է, որ իշխանությունները մտադիր չեն եղել փակել Դիմումատուի կայքը և դրա ժամանակավոր անհասանելիությունը չի հանգեցրել Դիմումատուի խոսքի ազատության իրավունքի սահմանափակման։ Բացի այդ, Դիմումատուի նկատմամբ ոչ մի վարչական, քրեական կամ այլ պատժամիջոց չի կիրառվել, և նա ոչ մի կերպ չի հետապնդվել իր վեբ կայքի բովանդակության համար:

Դիմումատուն, իր հերթի, նշել է, որ քրեական գործի հետաքննության շրջանակներում չի ներկայացվել իր սերվերը առգրավելու անհրաժեշտության համար որևէ ապացույց, այն երբեք չի ստուգվել փորձագետի կողմից, ոչ էլ օգտագործվել է այլ նպատակով: Ավելին, հնարավոր է եղել պատճենել դրա վրա պարունակվող ցանկացած համապատասխան տեղեկատվություն և ժամանակին այն վերադարձնել իրեն։ Ինչ վերաբերում է Կոնվենցիայի 10-րդ հոդվածին, Դիմումատուն պնդել է, որ սերվերի առգրավման արդյունքում իր վեբ կայքի ժամանակավոր անհասանելիությունը չի ծառայել 10-րդ հոդվածի 2-րդ կետում նշված օրինական նպատակներից որևէ մեկին և հանգեցրել է ֆինանսական կորուստների և մասնագիտական գործունեության խոչընդոտման։ 

Սույն գործը ՄԻԵԴ-ը քննել է հետևյալ հարցերի լույսի ներքո․

  • Գույքի տիրապետման նկատմամբ վերահսկողություն
  • Դիմումատուի համակարգչային սերվերի անհարկի երկարատև պահում՝ երրորդ անձանց դեմ քրեական գործի քննության շրջանակներում
  • Իշխանությունների կողմից սերվերը չուսումնասիրելու և համապատասխան տեղեկատվությունը պատճենելու անկարողություն
  • Սերվերի օգտագործման դերը Դիմումատուի մասնագիտական գործունեության համար
  • Խոսքի ազատության, տեղեկատվության տարածման և վեբ կայքի սահմանափակ գործունեության նպատակներ և միջոցներ

ՄԻԵԴ-ը նշել է, որ Թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի համաձայն՝ չի արգելվում հիմնավոր ապացույցների պահպանումը շարունակվող քրեական հետաքննության շրջանակներում: Այնուամենայնիվ, միջոցը, որը վերաբերում է գույքի օգտագործման վերահսկմանը, պետք է համապատասխանի թիվ Արձանագրության 1-ին հոդվածի պահանջներին: Նման միջոցը պետք է նախատեսվի օրենքով և հետապնդի օրինական նպատակ: Բացի այդ, իշխանությունների գործողությունները պետք է ապահովեն արդարացի հավասարակշռություն ընդհանուր շահերի և անհատական սեփականության տիրապետման իրավունքի միջև։

Վերը նշված նկատառումները և այն փաստը, որ Դիմումատուի սերվերը երբեք չի քննվել երրորդ անձանց դեմ հարուցված քրեական հետաքննության նպատակներով, ինչպես նաև դատախազության մասնակի անգործությունը՝ նշանակում է, որ Դիմումատուի սերվերի պահպանումը 2010 թվականի հունիսի 21-ից մինչև 2011 թվականի փետրվարի 8-ը ընկած ժամանակահատվածում անհամաչափ է եղել: Այսպիսով, ՄԻԵԴ-ը վճռել է, որ անհրաժեշտ արդարացի հավասարակշռություն չի պահպանվել սույն գործով հետապնդվող օրինական նպատակի և Դիմումատուի իրավունքների միջև, ինչն էլ հանգեցրել է ՄԻԵԿ-ի Թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի խախտման: 

Դատարանը նաև հաստատել է, որ 10-րդ հոդվածը երաշխավորում է խոսքի ազատություն «բոլորի համար»: Դա չի տարբերակվում ըստ հետապնդվող նպատակի բնույթի: Ավելին, դա վերաբերում է ոչ միայն տեղեկատվության բովանդակությանը, այլև տարածման միջոցներին, քանի որ կիրառված ցանկացած սահմանափակում խոչընդոտում է տեղեկատվություն ստանալու և տարածելու իրավունքին։ Դատարանը նշել է, որ Դիմումատուի կայքը, որը նվիրված է ճապոնական անիմե մշակույթին, հանդիսացել է նրա խոսքի ազատության իրականացման միջոց: Դատարանը, հետևաբար, եզրակացրել է, որ պետական մարմինների գործողությունը, մասնավորապես՝ կայքի մի քանի ամսվա սահմանափակ գործունեությունն առանց հիմնավոր պատճառների և ապացույցների, միջամտություն է հանդիսացել Դիմումատուի խոսքի ազատության իրավունքին։Հաշվի առնելով վերոգրյալը՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի Թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի և 10-րդ հոդվածի խախտում։ ՄԻԵԴ-ը վճռել է, որ պատասխանող Պետությունը պարտավոր է Դիմումատուին պատճառված ոչ նյութական (բարոյական) վնասի փոխհատուցման համար վճարել 5․200 եվրո և 1․800 եվրո` դատական ծախսերի համար։