Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչությունը հարկային դաշտը շրջանցել փորձողների նկատմամբ իրականացրած հսկողական միջոցառումների շրջանակում Երևանում հայտնաբերել է անօրինական գործունեության մի շարք դեպքեր: Մասնավորապես օպերատիվ-հետախուզական միջոցառումներով Նուբարաշեն փողոցում հայտնաբերվել է առանց պետական գրանցման և հարկային մարմիններում հաշվառման կոշիկի արտադրամաս: Մոտ 80 քմ մակերեսով շինությունում միաժամանակ հայտնաբերվել են արտադրության համար անհրաժեշտ սարքավորումներ, մեքենաներ, հումք, ինչպես նաև պատրաստի արտադրանք: Օպերատիվ-հետախուզական միջոցառման ժամանակ բացի արտադրամասի սեփականատիրոջից, աշխատում էին ևս երկու չգրանցված վարձու աշխատող: Նախնական տվյալներով ապօրինի գործունեության ընթացքում իրացվել է ավելի քան 2 մլն 400 հազար դրամ ընդհանուր արժեքով կոշկեղեն: Փաստի առթիվ առաջադրվել է տուգանք՝ 1 միլիոն 222 հազար դրամի չափով: Ինչպես նաև չձևակերպված երկու վարձու աշխատողի համար վճարման է առաջադրվել 120 հազար դրամի եկամտային հարկ: Ձեռնարկված միջոցառումներով հայտնաբերվել է նաև անօրինական գործող փայտամշակման արտադրամաս: Երկու դեպքով էլ հաշվարկվում է պետության պատճառված վնասի չափը:
Օպերատիվ-հետախուզական միջոցառումներով բացահայտվել է մեկ այլ ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն. մոտ 20մ² տարածքում առանց համապատասխան պետական գրանցման մատուցվել է վարսավիրական ծառայություն: Պարզվել է նաև, որ բացի վարսավիրանոցի սեփականատիրոջից, աշխատում է ևս մեկ հոգի: Փաստի առթիվ կազմվել է արձանագրություն և առաջադրվել է վարչական տուգանք՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
171 դիտում