Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանին Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում շարունակվեց ՊՊԾ գնդի գրավման գործով դատական նիստին դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու և դատավորին վիրավորելու վերաբերյալ Պավել Մանուկյանի մասնակցությամբ գործի քննությունը:
Նիստի մեկնարկին Պավել Մանուկյանին պաշտպաններից Հարություն Բաղդասարյանը դատավոր Սերգեյ Մարաբյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց՝ դատավարության մասնակիցների նկատմամբ կանխակալ վերաբերմունք դրսևորելու համար։
Փաստաբանը նշեց, որ դատավորը կարող է մինչդատավարական վարույթի ժամանակ ընդունել գործը քննելու, գործը կարճելու և մեղադրողին վերադասելու մասին որոշում: Ըստ փաստաբանի՝ Պավել Մանուկյանի նկատմամբ, վերոնշյալ արարքի համար սանկցիա է կիրառվել՝ նշանակվել է Արտուշ Գաբրիելայնի որոշմամբ:
«Պավլիկ Մանուկյանի արարքում հանցակազմ չկա: Բացառվում է, որ դատավոր Արտուշ Գաբրիելյանը չիմանար, թե որն է հանցագործությունը: Քաջ գիտակցելով, որ հանցակազմ չկա, նա հաղորդում չի տվել հանցագործության մասին, մինչդեռ դուք կասկածի տակ եք դրել Արտուշ Գաբրիելյանի մասնագիտական կարողությունները՝ վարույթ ընդունելով այս գործը, մինչդեռ այն պետք է վերադարձնեիք Դատախազություն. Ձեր վրա որոշակի ուժեր են ազդել, դուք կաշկանդված եք այս գործով»,-հայտնեց պաշտպանը նշելով, որ քրեական գործ հարուցելու առիթի մեջ չկա տուժող անձի կողմից ներկայացված բողոք։
«Եթե այ գործի մեջ չկա տուժող, չկա նաև Քրեական օրենսգրքի 343 հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործություն, հետեւաբար Պավել Մանուկյանի կատարած արարքում բացակայում է հանցակազմը։ Սույն գործով դատավոր Գաբիրելյանը չի ճանաչվել տուժող, ուստի այդ հիմքով քրեական գործը պետք է կարճվի, բացակայում է նաև տուժողի բողոքը»,-իր միջնորդությունը հիմնավորեց Հարություն Բաղդասարյանը:
Պաշտպանը մանրամասնեց, որ ըստ մեղադրանքի՝ 2017-ի հուլիսի 26-ին կայացած դատական նիստին չի ենթարկվել դատարանի օրինական պահանջին, շարունակել է առանց նրա թույլտվության խոսել դատական նիստի ընթացքում, որից հետո դատավոր Արտուշ Գաբրիելյանը Մանուկյանին տասը ժամով նիստերի դահլիճից հեռացնելու որոշում է կայացրել, ինչպես նաև դատավորի պատվի ու արժանապատվության դեմ, անհարգալից վերաբերմունք է դրսևորել դատարանի նկատմամբ` դատավորին անվանելով «ցռան մոզի»:
Պաշտպան Ինեսսա Պետրոսյանը և ամբաստանյալ Պավել Մանուկյանը ևս միացան ներկայացված միջնորդությանը։
«Մի կողմից ափսոսս է գալիս, այսօր դատավորներին ասում են դուրս եկաք կկրակենք, կամ մեռնում եք, կամ պարտականությունները կատարում եք։ Ես նայում եմ դիմացս նստած Սերգեյ Մարաբյանին, ես տեսնում եմ մարդու, բայց չգիտեմ՝ էդ մարդու գլխին ինչ «օյին» են բերելու, բայց սեղանին դրված է նաև իմ արժանապատվությունը»,-դատարանում հայտարարեց Պավել Մանուկյանը։
Պավել Մանուկյանը դատարանին ասաց, որ Արտուշ Գաբրիելյանին կանչեն նիստերի դահլիճ. «Իմ ասածից կարող է ոչ թե վիրավորվել է, այլ ոգևերվել ու դրանից հետո ուղղվել է»։
Դատախազ Պետրոս Մարտիրոսյանը առարկեց ներկայացված միջնորդության դեմ՝ հայտնելով, որ Պավել Մանուկյանի հայտարարությունը եղել է սանկցիայից հետո, իսկ դրանից հետո այլ սանկցիա չի կիրառվել նրա նկատմամբ։ Նախագահող դատավորըմանրամասնեց, որ ներկայացված միջնորդության մեջ նշված դրույթներին պետք է դատաքննության ընթացքում անդարդառնա:
Ներկայացված միջնորդության վերաբերյալ պաշտպանական կողմը վերանայեց որոշումը և հրաժարվեց միջնորդությունից:
Դատական նիստը շարունակվեց, արդյունքում հարցաքննվեցին գործով վկանները, որոնք ըստ էության դատական կարգադրիչներն էին: Հարցաքննվեցին Գևորգ Պապոյանը, Արարատ Սահակյանը, Ռաֆայել Խաչատրյանը և Էդգար Սաֆարյանը:
Վկա Գևորգ Պապոյանը դեպքի օրվա մասին հայտնեց, որ լսել է «ցռան մոզի» արտահայտությունը Պավել Մանուկյանից, այն բանից հետո, երբ դատավորը 10 ժամյա սանկցիա է կիրառել վերջինիս նկատմամբ և թույլ չի տվել հայտարարությամբ հանդես գալ. «Անվանական չէր, չգիտեմ՝ ում էր ուղղված»:
Վկա Արարատ Սահակյանը դեպքից ոչ մի մանրամաս չմտաբերվեց, արդյունքում հրապարակվեց նախաքննության ընթացքում տված ցուցմունները: Հատկանշական է, որ նախաքննության ընթացքում վկան ամենայն մանրամասնությամբ ներկայացրել է այն ամենը ինչ տեղի է ունեցել, նույնիսկ հիշելով և նշելով գործի համարը:
Վկաներից Էդգար Սաֆարյան ներկայացնելով դեպքի օրը փաստեց, որ լսել է և ըստ նախաքննության իր ցուցմունքի՝ ենթադրել է, որ արտահայտությունը ուղղված է եղել հենց նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանին:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա փետրվարի 16-ին: