Պակիստանը կպատասխանի Քաշմիրում Հնդկաստանի գործողություններին

Պակիստանը առավելագույն հնարավոր պատասխան կտա վիճելի Քաշմիրում Հնդկաստանի գործողություններին, և միջազգային հանրությունը պատասխանատվություն կկրի ցանկացած «աղետալի» հետևանքի համար: Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Իմրամ Խանը։

«Ես աշխարհին հայտնել եմ, որ Պակիստանը չի ցանկանում պատերազմ, բայց միաժամանակ չի կարող իր անվտանգության և ամբողջականության հետ կապված խնդիրներից հեռու մնալ»,- ասել է Խանը:

«Մենք պատրաստ ենք թշնամուն պատասխան տալ: Հակառակ դեպքում, միջազգային հանրությունը կկրի աղետալի հետևանքների պատասխանատվությունը»,- հավելել է նա:

Պակիստանը Քաշմիրից երբեք չի հեռանա, ասել է բանակի հրամանատար, գեներալ Քամար Ջավեդ Բաջվան: «Մենք պատրաստ ենք զոհաբերության Քաշմիրի մեր եղբայրների համար, մեր պարտքը կկատարենք մինչև վերջին փամփուշտը, մինչև վերջին զինվորը և մինչև վերջին շունչը»,- ասել է նա:

Հնդկաստանը զորքերը մտցրել է Քաշմիրի հովիտ, սահմանափակել է տեղաշարժը և կապն ընդհատել այն բանից հետո, երբ վարչապետ Նարենդրա Մոդին օգոստոսի 5-ին հետ է կանչել Քաշմիրի հատուկ կարգավիճակը:

Հնդկաստանի կողմից վերահսկվող Քաշմիրը զրկվել է սեփական օրենքների մշակման իրավունքից, ոչ ռեզիդենտներին թույլ է տրվել այնտեղ անշարժ գույք գնել փոփոխությունների համաձայն, որոնք, կառավարության խոսքով, նպաստելու են զարգացմանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Պակիստանի իշխանությունները հայտարարել են, որ Քաշմիրի շուրջ վեճը լուծելու են ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի օգնությամբ։ Իրավիճակը սրվել է այն բանից հետո, երբ Հնդկաստանը Քաշմիրի տարածաշրջան դաշնային կառավարություն է մտցրել՝ վերացնելով տարածաշրջանի հատուկ ինքնավար կարգավիճակը: Պակիստանն իր հերթին ընդհատել է առևտրի և տրանսպորտի կապերը և վտարել է Հնդկաստանի դեսպանին երկրից: Այժմ Պակիստանը ցանկանում է վերանայել երկկողմ պայմանագրերը Հնդկաստանի հետ և բարձրացնել Քաշմիրի հատուկ կարգավիճակը վերացնելու վերաբերյալ հարցը ՄԱԿ-ում: