Չերնիուսը և Րինկևիչյուսն ընդդեմ Լիտվայի

Դիմումատուները՝ Իրմանտաս Չերնիուսը և Անդրեխուս Րինկևիչյուսը, ազգությամբ լիտվացի են, ծնվել են համապատասխանաբար 1977 և 1960 թվականներին, բնակվում են Վիլնյուսում: Գործը վերաբերում է Դիմումատուների ներկայացրած բողոքին՝ վարչական դատավարության շրջանակներում կատարված դատական ծախսերի փոխհատուցման պահանջին։

Համապատասխան ժամանակահատվածում Դիմումատուները Լիտվայում անվտանգության ծառայություններ մատուցող ընկերությունների կառավարիչներ են հանդիսացել։ 2015 թվականին Աշխատանքի պետական տեսչությունը այդ ընկերություններից յուրաքանչյուրին 500 եվրո գումարի չափով տուգանք է նշանակել՝ աշխատողների աշխատանքային գրաֆիկների վերաբերյալ հաշվետվություն չներկայացնելու համար:

Դիմումատուները բողոքել են ընկերությունների նկատմամբ տուգանք նշանակելու որոշումների մասին և հաղթանակ տարել դատարանում: Դիմումատուների շահերը ներկայացրել է մի իրավաբանական գրասենյակ, որը գործի ավարտին իր կատարած ծառայությունների համար Դիմումատուներից պահանջել է 1,169 եվրո և 837 եվրո։ Դիմումատուները նոր հայց են ներկայացրել դատարան՝ գործի շրջանակներում դատական ներկայացուցչության համար կատարված ծախսերի փոխհատուցման պահանջով։ 

Ներպետական դատական ատյանները մերժել են Դիմումատուների ներկայացրած հայցը՝ այն համարելով անհիմն։ Դիմումատուները բողոքել են դատական ատյանների կայացրած որոշման դեմ՝ նշելով, որ ավելի նպատակահարմար կլիներ վճարել ընկերության նկատմամբ նշանակված տուգանքը, քան բողոք ներկայացնել դատարան, ինչը, ի վերջո, հանգեցրել է նրանց համար մեծ ֆինանսական կորուստների: Այնուամենայնիվ, Վերաքննիչ դատարանը մերժել է բողոքը։

Դիմումատուները բողոք են ներկայացրել ՄԻԵԴ՝ նշելով, որ դատավարության հաջող ավարտից հետո ներպետական դատական ատյանները մերժել են դատական ծախսերի հատուցման վերաբերյալ իրենց պահանջը, ինչի արդյունքում նրանք մեծ ֆինանսական կորուստներ են կրել և ավելի վատ վիճակում են հայտնվել, քան եթե չդիմեին դատարան և չպաշտպանեին իրենց իրավունքները։ Հաշվի առնելով, որ Դիմումատուների նպատակը նրանց նկատմամբ նշանակված տուգանքների վերացումն է եղել, բայց դատավարության ընթացքում նրանց կրած նյութական վնասը գերազանցել է սահմանված բոլոր տուգանքների չափը, Դիմումատուները բողոքել են արդար դատաքննության իրավունքի խախտման մասին։ 

ՄԻԵԴ ներկայացված փաստարկներում Դիմումատուները նշել են, որ ներպետական օրենսդրությամբ իրավաբանական օգնությունից օգտվելու համար չկան սահմանափակումներ, այսինքն՝ Դիմումատուները իրավունք ունեին օգտվել ինչպես պետության կողմից տրամադրված, այնպես էլ՝ իրենց ընտրած փաստաբանի ծառայություններից։ Ուստի, ի պատասխան կառավարության ներկայացրած այն դիրքորոշմանը, որ Դիմումատուներն օգտվել են բարձր վարձատրություն պահանջած փաստաբանի ծառայություններից, և պետությունը պարտավոր չէ փոխհատուցել դատական ծախսերը,  Դիմումատուները պնդել են, որ գործի հաջող ընթացքի համար որպես ներկայացուցիչ ընտրել են այն փաստաբանին, ով մասնագիտացված է հենց աշխատանքային իրավունքի ոլորտում։ Դիմումատուները բողոքել են նաև, որ ներպետական օրենսդրությունը չի կարգավորել դատական ծախսերի հատուցումը այն կողմի համար, որի կայացրած որոշումը բեկանվել է և ճանաչվել անօրինական։ Այս դեպքում, պետական մարմնի, մասնավորապես՝ Աշխատանքի պետական տեսչության կողմից կայացված որոշումը դատարանի կողմից ճանաչվել է անհիմն և չեղյալ է հայտարարվել, ուստի՝ պետությունը և պետական մարմինները պետք է հատուցեն ծախսերը, որոնք կատարվել են դատավարության ընթացքում՝ որպես պետական մարմինների կայացրած որոշման հետևանք։ 

Կառավարությունն իր դիրքորոշումներում հայտնել է, որ արդարացի և հրապարակային դատաքննության իրավունքի մասով խախտում տեղի չի ունեցել, քանի որ Դիմումատուները երկու հայց են ներկայացրել դատարան: Կառավարությունը նշել է, որ ֆինանսական խնդիրներ ունենալու պարագայում Դիմումատուները կարող էին ստանալ անվճար իրավաբանական օգնություն և չի եղել դրան խոչընդոտող որևէ հանգամանք։ Ուստի, Դիմումատուները կարող էին ընտրել այլ փաստաբանի։ Բացի այդ, իրավաբանական ծառայությունների համար վճարումը ենթակա է համաձայնության փաստաբանի և հաճախորդի միջև: Կառավարությունը նաև նշել է, որ վարչական իրավախախտման գործի կարճումն ինքնին չի կարող միանշանակ համարվել պետական ​​մարմինների կողմից ապօրինի գործողությունների հետևանք։ Դրանից հետևում է, որ պետությունը չի կարող պատասխանատվություն կրել նման դեպքերում: Վերոգրյալի լույսի ներքո, Կառավարությունը պնդել է, որ Դիմումատուների բողոքը պետք է ճանաչել անհիմն և մերժել այն։

ՄԻԵԴ-ը որոշել է, որ Դիմումատուների դատարան դիմելու նպատակը տուգանքներից ազատվելն է եղել, սակայն դատավարության ավարտին այդ գումարները եռապատկվել են։ ՄԻԵԴ-ը նշել է, որ պետության կողմից տրամադրվող անվճար իրավաբանական ծառայությունները պարտադիր բնույթ չեն կրում, ուստի Դիմումատուներն իրավունք ունեին ընտրելու իրենց ցանկությամբ փաստաբանի։

Վերոհիշյալ նկատառումներից և սույն գործի առանձնահատուկ հանգամանքներից ելնելով՝ ՄԻԵԴ-ը վճռել է, որ վարչական դատավարության ընթացքում Դիմումատուների կատարած դատական ծախսերը փոխհատուցելու պահանջը մերժելու մասին ներպետական դատարանների որոշումը, անկախ այդ դատական ծախսերի գումարի չափից, հանգեցրել է ՄԻԵԿ-ի 6-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դրույթների խախտմանը:

ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ երկու Դիմումատուների նկատմամբ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի (արդար դատաքննության իրավունք) 1-ին կետի խախտում։ ՄԻԵԴ-ը արձանագրել է նաև, որ կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վճիռն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, պատասխանող Պետությունը պարտավոր է նյութական վնասի համար Չերնիուսին վճարել 1․169, իսկ Րինկևիչյուսին 836 եվրո գումարի չափով փոխհատուցում, ոչ նյութական (բարոյական) վնասի համար յուրաքանչյուր Դիմումատուին վճարել 1․000 եվրո գումարի չափով փոխհատուցում, ինչպես նաև վճարել Չերնիուսին 907, իսկ Րինկևիչյուսին 282 եվրո՝ դատական ծախսերի համար։ 

Վերոգրյալ գումարները պետք է փոխարկվեն պատասխանող Պետության արժույթով՝ վճարման ամսաթվի դրությամբ գործող փոխարժեքով։