Ուկրաինայում լրագրողների նկատմամբ կատարված հարձակումների անպատժելիությունը նպաստում է դրանց շարունակվելուն. ՄԱԿ

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը անհանգստացած է լրագրողների վրա հարձակումներով, որոնք շարունակվում են Ուկրաինայում՝ նախկինում կատարված հարձակումներից հետո անպատժելիության պատճառով: Այս մասին հայտարարել է Ուկրաինայում ՄԱԿ-ի մարդու իրավունքների դիտորդական առաքելության նախագահ Մաթիլդա Բոգները՝ ներկայացնելով նոր զեկույց, որն ընդգրկում է 2019 թվականի մայիսի 16-ից օգոստոսի 15-ն ընկած ժամանակահատվածը։

 «Լրագրողների նկատմամբ ավելի վաղ կատարված հարձակումների համար պատասխանատվության չենթարկելու իշխանությունների դիրքորոշումը նպաստում է բռնության նոր դեպքերի իրականացմանը: Սույն թվականի մայիսի կեսից մինչև օգոստոսի կեսը գրանցվել է նման հարձակման 6 դեպք: Կոռուպցիոն դեպքերն իր հայրենի քաղաքում հետաքննող լրագրող Վադիմ Կոմարովը մահացել է դաժան գրոհից հետո: Հունիսի 7-ին Խարկովում լրագրողը ծեծի է ենթարկվել, իսկ հուլիսի 2-ին Կիևի Անկախության հրապարակում մեկ այլ լրագրող է ծեծի ենթարկվել՝ ընտրությունների հետ կապված մասնակիցների կողմից: Հուլիսի 30-ին ծայրահեղականների նախաձեռնությամբ խափանվել է ընտրություններից հետո ձայների հաշվարկի մամուլի ասուլիսը: Այդ դեպքից հետո գործակալության երեք լրագրող տուժել է, իսկ նրանցից մեկը հոսպիտալացվել է՝ մարմնական վնասվածքներ ստանալու հետևանքով: Վերոհիշյալ և այլ դեպքերի մասին մանրամասն նկարագրված է զեկույցում։

Բոգները հիշեցրել է, որ դեռևս պատասխանատվության չեն ենթարկվել լրագրողների վրա հարձակումներ կատարած անձինք, և նախկինում սկսված դատական գործընթացներում նկատելի առաջընթաց չկա: Բացի այդ, Մայդանի վերաբերյալ 2013-2014 թվականների ողբերգական իրադարձությունների, և մայիսի 2-ին Օդեսայում մահվան դեպքերի հետաքննությունները չեն ընթանում:

Զեկույցը պարունակում է մանրամասն տեղեկություններ Ուկրաինայի անվտանգության ծառայության կողմից ապօրինի կալանքի և խոշտանգումների դեպքերի վերաբերյալ, իսկ կառավարությունը չի իրականացնում նման միջադեպերի պատշաճ հետաքննություն: Զեկույցում ներկայացվել են նաև մի շարք այլ խնդիրներ, ինչպիսիք են՝ Ուկրաինայում հակամարտության ժամանակ կատարված հանցագործությունները և խախտումները, երկրում խոսքի ազատության սահմանափակումը, կենսաթոշակ ստանալու իրավունքի խախտումները, փոքրամասնությունների իրավունքների սահմանափակումը, պետական լեզվի հետ կապված խնդիրները, միջազգային օրենսդրությամբ ստանձնած երկրի պարտավորությունների կատարումը, մարդու իրավունքների խախտումների դեպքերի բազմաթիվ դեպքերը և այլն։

ՄԱԿ-ը Ուկրաինայի նոր կառավարությանը կոչ է անում հետևել բոլոր քաղաքացիների իրավունքների պատշաճ իրականացմանը և վերջ տալ անպատժելիությանը՝ դրանց խախտումների համար։ ՄԱԿ-ը նաև կոչ է անում երկրում խաղաղություն և արդարություն հաստատել և կոնկրետ քաղաքական գործողություններ ձեռնարկել, որոնք ուղղված են մարդկանց կյանքի բարելավմանը։