Ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար նախատեսվում է տուգանք

Ոչ սթափ վիճակում ավտոմեքենան վարելու դեպքում նախատեսվում է տուգանք՝  100 հազարից 400 հազար դրամ տուգանք, ինչպես նաև տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկում՝ մինչև 1 տարի ժամկետով, իսկ  ոչ սթափ վիճակում գտնվող վարորդի տրանսպորտային միջոցը պարտադիր տեղափոխվում է տուգանային հրապարակ: Եթե վարորդը խուսքափում է զննություն անցնել՝ սթափության վիճակը ստուգելու  համար, տուգանվում է 150 հազար դրամով:

ՀՀ վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 126-րդ հոդվածով նախատեսվում է՝

1. Տրանսպորտային միջոցները ոչ սթափ վիճակում վարելը, եթե վարորդը միայն ալկոհոլի ազդեցության տակ է, և զանցանքը չի պարունակում սույն հոդվածի երկրորդից վեցերորդ մասերի հատկանիշները` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը կատարելը, եթե վարորդի արյան մեկ լիտրի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցում է 1 գրամը կամ եթե նրա մեկ լիտր արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցում է 0.5 միլիգրամը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:

3. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը կատարելը, եթե վարորդի ոչ սթափ վիճակում լինելը պայմանավորված է արյան կամ մեզի մեջ թմրամիջոցի կամ հոգեմետ նյութի պարունակությամբ` առաջացնում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` մեկ տարի ժամկետով:

4. Սահմանված կարգին համապատասխան` սթափության վիճակը ստուգելու նպատակով զննություն անցնելուց խուսափելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:

5. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը` առաջացնում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` մեկ տարի ժամկետով:

6. Սույն հոդվածի երկրորդ կամ չորրորդ մասով նախատեսված արարքը կատարելը տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

7. Սույն հոդվածի երրորդ կամ հինգերորդ մասով նախատեսված արարքը կատարելը տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրհիսնապատիկի չափով:

8. Սույն հոդվածի առաջինից հինգերորդ մասերով նախատեսված արարքները կատարելը տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձի կողմից` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրհիսնապատիկի չափով:

9. Սույն օրենսգրքով նախատեսված դեպքում անձը համարվում է ոչ սթափ վիճակում գտնվող, եթե ստուգմամբ պարզվում է, որ նրա մեկ լիտր արյան մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը 0.4 գրամից կամ մեկ լիտր արտաշնչած օդի մեջ 0.2 միլիգրամից ավելի է, կամ եթե անձի արյան կամ մեզի մեջ առկա է թմրամիջոցի կամ հոգեմետ նյութի պարունակություն:

10. Արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակության միջոցով վարորդի ոչ սթափ վիճակում լինելու փաստի որոշումը կարող է իրականացվել տեխնիկական միջոցով կամ բժշկական փորձաքննությամբ: Անձի արյան մեջ մաքուր ալկոհոլի կամ արյան կամ մեզի մեջ թմրամիջոցի կամ հոգեմետ նյութի պարունակությամբ ոչ սթափ վիճակի որոշումն իրականացվում է բժշկական փորձաքննությամբ:

 

 

 

 

Մեկնաբանություններ