Նվազ նշանակությամբ իրավախախտումների դեպքում տուգանքի փոխարեն կկիրառվի նախազգուշացում

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որի ժամանակ Վարչապետը հանձնարարական ` տվել նվազ նշանակության հարկային իրավախախտումների համար նախազգուշացման սահմանման վերաբերյալ :

 «Փոքր և միջին ձեռնարկատերերի հետ հանդիպումների և իրականացված ուսումնասիրությունների արդյունքում վերհանվել են նվազ նշանակության հաճախակի հանդիպող հարկային ոլորտի վարչական իրավախախտումներ, որոնք վերաբերում են հարկային մարմիններին անհրաժեշտ փաստաթղթերը սահմանված ժամկետներում ներկայացնելու կամ թերի ներկայացնելու դեպքերին: Նման իրավախախտումների համար ներկայումս նախատեսված է տուգանքի նվազագույն և առավելագույն չափ, սակայն դրանց որոշման օրենսդրական հիմքերը բացակայում են, ինչը թույլ է տալիս կիրառող մարմնին ցուցաբերել հայեցողական մոտեցում: Միաժամանակ նման իրավախախտումներն իրենց բնույթով նվազ նշանակության են, որի պարագայում առաջին անգամ նման խախտում թույլ տվող տնտեսվարողների նկատմամբ կարող է կիրառվել նախազգուշացում, սակայն ներկայումս նման հնարավորություն օրենսդրությամբ նախատեսված չէ», – նշել է գործադիրի ղեկավարը:

Այդ նպատակով Կարեն Կարապետյանը հանձնարել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին և ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահին 1-ամսյա ժամկետում ուսումնասիրել և կառավարության աշխատակազմ ներկայացնել հարկային ոլորտում նվազ նշանակության իրավախախտումների առաջին անգամ կատարելու դեպքում տնտեսվարողի նկատմամբ նախազգուշացում կիրառելու և տուգանքի չափի կիրառման հայեցողության հստակեցման վերաբերյալ առաջարկություններ:

Մեկնաբանություններ