Նվազել են խափանման միջոց կալանավորումն ընտրելու միջնորդությունները, ավելացել են կալանքին այլընտրանք խափանման միջոց գրավի անհիմն կիրառման դեպքերը  

ՀՀ դատախազության կոլեգիան իր 2017թ. օգոստոսի 4-ի նիստի որոշումներով  սահմանել է խափանման միջոց կալանավորման հիմքերի պարզման ու հիմնավորման, դրանց մասին փաստական տվյալները միջնորդություններում պարտադիր ներառելուն ուղղված մի շարք պահանջներ ու չափանիշներ:ՀՀ գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել է 2018թ. 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և Երևան քաղաքի վարչական շրջանների դատախազությունների կողմից այդ պահանջների կատարման վիճակը: Պարզվել է, որ 2018թ. առաջին կիսամյակում դատարան է ներկայացվել մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու 335 միջնորդություն, որոնցից 299-ը կամ 89,2%-ը բավարարվել է, 36-ը կամ 10,8%-ը՝ մերժվել: Համեմատության համար նշենք, որ 2017թ. նույն ընթացքում դատարան ներկայացված՝ մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին 394 միջնորդությունից բավարարվել է 348-ը կամ 88,3%-ը, մերժվել՝ 46-ը կամ 11,7%-ը: Փաստորեն, նախորդ տարվա համեմատ 2018թ. 1-ին կիսամյակում կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունները նվազել են 59-ով կամ 15%-ով, իսկ դրանց բավարարման ցուցանիշն աճել է 21.7%-ով:

Նույն ընթացքում մեղադրյալի նկատմամբ ընտրված կալանավորման ժամկետը երկարացնելու մասին միջնորդությունները վերջնականորեն մերժվել են ընդամենը 5, 2017թ. նույն ժամանակահատվածում՝ 13 դեպքերում: Այսինքն նման միջնորդությունները մերժելու դեպքերը նվազել են 61.5%-ով:

Ուսումնասիրությունները վկայում են, որ այն դեպքերում, երբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունները նախապես պատշաճ  ուսումնասիրվել են դատախազության սահմանած չափանիշների պահպանման տեսանկյունից, որպես կանոն, արձանագրվել է այդ միջնորդությունների բավարարում, դրանց մասին դատական ակտի դեմ ներկայացված բողոքների մերժում: Դրա մասին է վկայում նաև իրողությունը, որ կալանավորման միջնորդությունը բավարարելու մասին 2018թ. առաջին կիսամյակի ընթացքում կայացված դատական ակտերի դեմ պաշտպանության կողմի ներկայացրած վերաքննիչ 118 բողոքներից բավարարվել է ընդամենը 15-ը կամ 12,7%-ը, սակայն մերժվել է 103-ը կամ 87,3%-ը:

Վերոնշյալ ցուցանիշները փաստում են, որ կալանավորման մասին միջնորդություն ներկայացնելու չափանիշների հստակեցումն էականորեն նպաստել է կալանավորման չհիմնավորված կամ ոչ լիարժեք հիմնավորումներով միջնորդություններ ներկայացնելուց մեծ չափով ձեռնպահ մնալուն: