Նախնական դատական նիստ` ըստ երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանի հայցի ընդդեմ Արամ Անտինյանի

VerdictԱյսօր Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում անցկացվեց նախնական դատական նիստ` ըստ երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանի հայցի ընդդեմ «BlogNews.am» կայքի գլխավոր խմբագիր Արամ Անտինյանի՝ պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկությունների հերքման, ներողության և պատասխանի հրապարակման պահանջի մասին:

Հայցվորի պնդմամբ, սույն թվականի մայիսի 14-ին վերոհիշյալ կայքում տեղ գտած հրապարակման մեջ, որը վերնագրված է եղել «Լիլիթ Հովհաննիսյանը և Արամեն շատ խիստ նեղացրել են Վլադիվաստոկի հայերին», տեղ էին գտել այնպիսի արտահայտություններ` մասնավորապես, ««աստղ» կոչեցյալ», «Լիլիթ Ձիոռ Հովհաննիսյանը», «սույն ալամեզոնները», «արած բոլոր անշնորհքությունները», որոնք վիրավորանք են հասցրել երգչուհուն և նսեմացրել նրա արժանապատվությունը: Հայցվոր կողմը դատարանից պահանջում է պատասխանողին պարտավորեցնել հեռացնել տվյալ հրապարակումը, հրապարակային ներողություն խնդրել և հրապարակել երգչուհու պատասխանը: 

Պատասխանող կողմն՝ ի դեմս Արամ Անտինյանի ներկայացուցիչ փաստաբան Արամ Մելքոնյանի, առարկելով ներկայացված հայցի դեմ, պնդում է,որ Արամ Անտինյանը պատասխանատվություն չի կրում տվյալ հրապարակման բովանդակության համար, քանի որ այն ուղղակի վերարտադրություն է այլ աղբյուրից, որի մասին էլ հրապարակման մեջ եղել է համապատասխան հղում: Պատասխանող կողմը իրեն ոչ պատշաճ պատասխանող ճանաչելու միջնորդություն ներկայացրեց  և նշեց, որ պատշաճ պատասխանող կարող է լինել սկզբնաղբյուր կայքը, որը կրում է «Անկախ Հայաստան»վերտառությունը:

Դատարանը նիստի արդյունքում որոշեց ապացուցման բեռի հետ կապված հարցերը, որով, մասնավորապես, հայցվորը կրում է ««աստղ»կոչեցյալ», «սույն ալամեզոն», «կատարած անշնորհքություններ»արտահայտությունների միջոցով վիրավորանք հասցնելու հանգամանքը, ինչպես նաև «Զանգվածային լրատվության միջոցների մասին» ՀՀ օրենքի իմաստով վերոհիշյալ «Անկախ Հայաստան»ֆեյսբուքյան հեղինակային կայքը տեղեկատվական աղբյուր չհանդիսանալու հանգամանքը, ներկայացված պահանջների իրավական հիմնավորումն ապացուցելու բեռը: Պատասխանողի վրա, հաշի առնելով վերջինիս կողմից վկայակոչված առարկությունները, դրվեց  «Անկախ հայաստան»ֆեյսբուքյան հեղինակային կայքի անանունությունը հերքելու և վիրավորանք հասցնելու՝ ի սկզբանե եղած դիտավորության  կամ միտում լինելու հանգամանքը բացառելու պարտականությունը:

Քանի որ կողմերը նշեցին, որ ունեն լրացուցիչ ապացույցներ, որոնք կցանկանային ներկայացնել, դատարանը, կողմերին այդ ապացույցները ձեռք բերելու համար ժամանակ տրամադրելով, որոշեց նշանակել ևս մեկ նախնական դատական նիստ, որը տեղի կունենա նույն դատարանում սույն թվականի հոկտեմբերի 7-ին`ժամը 14.30:

Հեղինակ` LegalInfo: