Նախագահ Սերժ Սարգսյանը օգոստոսի 23-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ Սոչի, որտեղ հանդիպում կունենա ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Նախատեսվում է, որ երկու երկրների ղեկավարները կքննարկեն մի շարք ոլորտներում՝ քաղաքական, տնտեսական, հումանիտար, մշակութային երկկողմ փոխգործակցության օրակարգի առանցքային հարցեր, ինչպես նաև կանդրադառնան Նախագահ Սերժ Սարգսյանի այս տարվա մարտին Ռուսաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունների իրագործման ընթացքին:
Բարձր մակարդակի բանակցությունների ժամանակ անդրադարձ կլինի նաև ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության զարգացման հեռանկարին առնչվող հարցերին:
Նախատեսվում է, որ հանդիպմանը նախագահները կարծիքներ կփոխանակեն միջազգային և տարածաշրջանային արդիական հարցերի, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ: