Լրատվական նյութի օգտագործումը որպես ստեղծագործության ազատ օգտագործման տեսակ

Իրավական տարբեր մակարդակներում ճանաչվում և պաշտպանվում են գրականության, գիտության և արվեստի բնագավառներում հեղինակի ստեղծագործական աշխատանքի յուրօրինակ արդյունքի` ստեղծագործության հետ կապված վերջինիս իրավունքները, որոնք հավաքական կերպով անվանվում են հեղինակային իրավունք։ Միևնույն ժամանակ անհրաժեշտ է հասկանալ, որ հեղինակային իրավունքը բացարձակ և անսահման չէ։ Կոչված լինելով պաշտպանել հեղինակների իրավունքները` հեղինակային իրավունքը չի սահմանափակվում միայն այդ գործառույթով։ Հեղինակային իրավունքի կողմից հետապնդվող մեկ այլ կարևոր նպատակ էլ ուղղված է անձանց ավելի լայն շրջանակի` հասարակության շահերի ապահովմանը։ Այլ կերպ, հասարակությունը շահագրգռված է ոչ միայն նրանում, որ իր անդամները ազատորեն ստեղծագործեն և օգտվեն դրանց արդյունքներից, այլև այն բանում, որ ստեղծվող ստեղծագործություններն օգտագործվեն հասարակության կողմից։

Նշված հանգամանքով պայմանավորված` հեղինակային իրավունքի շրջանակում նախատեսվել է ստեղծագործությունների ազատ օգտագործման ինստիտուտը, որի գործիքակազմը հնարավորություն է տալիս անձանց օգտագործել ստեղծագործությունները, սակայն առանց հեղինակային իրավունքի ավելորդ խախտումների` այդպիսով հավասարակշռելով հեղինակների և ստեղծագործությունն օգտագործողների շահերը։ Հավասարակշռության ապահովումն է հենց ազատ օգտագործման նպատակը։ Հետևաբար, հեղինակային իրավունքը չափավորված է իր սահմանափակումների (ազատ օգտագործման) նուրբ կառուցվածքով, որոնք անհրաժեշտ հավասարակշռող գործիքներ են` հաշվարկված այնպես, որ հատկացնեն ստեղծագործություններն օգտագործողներին բավականաչափ ազատություն փոխգործակցելու այդ ստեղծագործությունների հետ։

Ազատ օգտագործման վերաբերյալ դրույթներ առկա են ոլորտի վերաբերյալ հիմնական միջազգային իրավական աղբյուրներում։ Այսպես, «Գրական և գեղարվեստական ստեղծագործությունների պաշտպանության մասին» 1886թ.-ի սեպտեմբերի 9-ի Բեռնի կոնվենցիայի (այսուհետ` Բեռնի կոնվենցիա) 9-րդ հոդվածի 2-րդ կետում սահմանվում է, որ միության երկրների օրենսդրության իրավասությունն է թույլատրելու ստեղծագործությունների վերարտադրությունը որոշակի հատուկ դեպքերում, պայմանով, որ այդպիսի վերարտադրությունը չի վնասի ստեղծագործության բնականոն օգտագործմանը և անհիմն կերպով չի ոտնահարի հեղինակի օրինական շահերը։ Այնուհետև, Բեռնի կոնվենցիայի 10bis հոդվածում սահմանվում են հոդվածների ու հեռարձակված ստեղծագործությունների ազատ օգտագործումը և ընթացիկ իրադարձությունների ժամանակ դիտված կամ լսված ստեղծագործությունների ազատ օգտագործումը։

Հատկանշական է, որ ազատ օգտագործման ինստիտուտի նախատեսման անհրաժեշտությունն ի սկզբանե պայմանավորված է եղել տեղեկատվության և լրատվության ապահովման նպատակներով, ինչի մասին է վկայում այն փաստը, որ Բեռնի կոնվենցիայի առաջին շարադրանքի 7-րդ հոդվածը թույլատրում էր լրատվական թերթերի և հոդվածների վերարտադրումը` ընթացիկ իրադարձությունների հաղորդման նպատակով` երաշխավորելով նաև զանգվածային լրատվության միջոցների ազատության իրավունքը։

Միաժամանակ նշենք, որ Բեռնի կոնվենցիան թույալտրում է ստեղծագործությունների ազատ օգտագործումը երեք-քայլանոց թեստի հիման վրա։ Այլ կերպ ասած` Բեռնի կոնվենցիան թույլատրում է ստեղծագործությունների վերարտադրությունը 1. որոշակի հատուկ դեպքերում, 2. ստեղծագործության բնականոն օգտագործումը չվնասելու պայմանով և 3. հեղինակի օրինական շահերն անհիմն կերպով չոտնահարելու պայմանով։

Իր հերթին, հեղինակային իրավունքի սահմանափակումների մասին դրույթներ է պարունակում նաև Ժնևի` 1996թ.-ի դեկտեմբերի 20-ի` Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության «Հեղինակային իրավունքի պայմանագիրը» (այսուհետ` ՄՍՀԿ Հեղինակային իրավունքի պայմանագիր), որի 10-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պայմանավորվող կողմերը կարող են, իրենց ազգային օրենսդրությամբ նախատեսել նույն Պայմանագրի հիման վրա գրական և գեղարվեստական ստեղծագործությունների հեղինակներին տրամադրվող իրավունքների սահմանափակումներ կամ բացառություններ որոշ հատուկ դեպքերում, որոնք չեն խոչընդոտում ստեղծագործության բնականոն օգտագործմանը և անհիմն կերպով չեն վնասում հեղինակի օրինական շահերը (թարգմանությունը կատարված է հեղինակի կողմից)։

Անդրադառնանք նաև Եվրոպական Միության (այսուհետ` ԵՄ) շրջանակներում գործող օրենսդրությանը` հաշվի առնելով, որ այն ընդհանուր բնույթ է կրում ԵՄ անդամ երկրների համար։ Այսպիսով, «Տեղեկատվական հասարակության մեջ հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների որոշակի ասպեկտների ներդաշնակման մասին» դիրեկտիվի (այսուհետ` Դիրեկտիվ) 5-րդ հոդվածի 3-րդ մասի «c» կետի համաձայն` անդամ երկրներում որպես ազատ օգտագործում կարող է թույլատրվել տնտեսական, քաղաքական, կրոնական թեմաներով հրապարակված հոդվածների կամ հեռարձակվող տեղծագործությունների կամ նմանաբնույթ այլ նյութերի մամուլում վերարտադրությունը, հանրությանը հաղորդակցումը կամ այլ կերպ մատչելի դրաձնելը, եթե այդպիսի օգտագործումը ուղղակիորեն արգելված չէ, առկա է հղում սկզբնաղբյուրին (ներառյալ` հեղինակի անունը) և ստեղծագործությունն օգտագործված է տեղեկատվության նպատակն արդարացնող ծավալով։

Վերոնշյալի հիման վրա կարելի է հետևություն անել, որ ազատ օգտագործման ուսումնասիրման առարկա տեսակը` լրատվական նյութի օգտագործումը սերտորեն առնչվում է մարդու հիմնական իրավունքների, մասնավորապես` տեղեկություններ և գաղափարներ ստանալու և տարածելու ազատության հետ։ Այս առումով նշենք, որ որոշ հեղինակների կարծիքով ազատ օգտագործման շնորհիվ ապահովվում է հեղինակային իրավունքի համապատասխանեցումը իրավունքի հիմնական սկզբունքների հետ։

Այսպես, 1950թ.-ին Եվրոպայի խորհրդի կողմից ընդունված «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (այսուհետ` ՄԻԵԿ) 10-րդ հոդվածի 1-ին կետով սահմանվում է, որ«յուրաքանչյուր ոք ունի ազատորեն արտահայտվելու իրավունք։ Այս իրավունքը ներառում է (…) տեղեկություններ և գաղափարներ ստանալու և տարածելու ազատությունը (…)»։

Այս համատեքստում, մարդու հիմնարար իրավունքների և հեղինակային իրավունքի հարաբերակցությունը հասկանալու համար անդրադառնանք ՄԻԵԿ-ի 10- րդ հոդվածի 2-րդ կետին, որտեղ նշվում է, որ 1-ին կետում նշված ազատությունների իրականացումը կարող է պայմանավորվել որոշակի պայմաններով և սահմանափակումներով, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում այլ անձանց իրավունքները պաշտպանելու համար։ Այլ կերպ ասած, հասարակության իրավունքը իրացնելու իր ազատ արտահայտվելու իրավունքը կարող է և պետք է պայմանավորված լինի որոշակի սահմանափակումներով` պաշտպանելու համար հեղինակի իրավունքներն իր ստեղծագործության նկատմամբ։ Այս տեսանկյունից հեղինակային իրավունքը և՛ միջազգային իրավական ակտերի, և՛ ՀՀ ներպետական օրենսդրության իմաստով դասվում է մարդու սեփականության իրավունքների շարքին։ Մասնավորապես, ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը (այսուհետ` Օրենսգիրք) քաղաքացիական իրավունքի օբյեկտների շարքին է դասում նաև մտավոր գործունեության արդյունքները` ներառյալ դրանց նկատմամբ բացառիկ իրավունքները (մտավոր սեփականություն) [8, հոդված 132, 4-րդ կետ]։ Որպես մտավոր սեփականության օբյեկտ Օրենսգիրքը նշում է նաև գիտության, գրականության և արվեստի ստեղծագործությունները [8, հոդված 1100, 2- րդ մաս, 1-ին կետ]։ Հետևաբար, հեղինակային իրավունքը իրենից ներկայացնում է սեփականության իրավունքի առանձին տարատեսակ, որի համար գործում են սեփականության իրավունքի համար նախատեսված երաշխիքներն ու պաշտպանության միջոցները. ոչ ոքի չի կարելի զրկել իր գույքից, բացառությամբ ի շահ հանրության` օրենքով նախատեսված դեպքերի։

Այսպիսով, մի կողմից նախատեսված են երկու հիմնարար իրավունքներ, իսկ մյուս կողմից էլ դրանց միջև առկա են էական հակասություններ։ Ուստի անհրաժեշտ է հավասարակշռել և ներդաշնակեցնել այս երկու հիմնարար իրավունքները։ Հենց
այստեղ է, որ իր անփոխարինելի դերն է կատարում ստեղծագործության ազատ օգտագործման ինստիտուտը։ Մասնավորապես, լրատվական նյութի օգտագործման կարգավորումների շնորհիվ որոշ սահմաններում և որոշակի պայմանների պահպանման դեպքում սահմանափակվում են ստեղծագործության հեղինակի իրավունքները, ինչի արդյունքում ապահովվում է հասարակության անդամների տեղեկություններ և գաղափարներ ստանալու և տարածելու ազատությունը` հավասարակշռելով երկու կողմերի իրավունքները։ Ընդ որում, լրատվական նյութի օգտագործման համար սահմանված պայմանները պաշտպանում են հեղինակներին իրենց իրավունքների ավելորդ և անհամաչափ խախտումներից։

Այժմ, ուսումնասիրության նպատակներից ելնելով, անդրադառնանք լրատվական նյութի օգտագործման հայաստանյան օրենսդրական կարգավորումները` նկարագրելով դրանց բնույթը և նշանակությունը, ներկայացնելով միջազգային փորձից օրինակներ, ինչպես նաև կանդրադառնանք շրջանառության մեջ դրված ««Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) կարգավորումներին։

Այսպիսով, «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքը (այուհետ` Օրենք) 22-րդ հոդվածում սահմանում է, որ ազատ օգտագործում է համարվում առանց հեղինակի համաձայնության և վարձատրության, սակայն հեղինակի անվան և ստեղծագործության սկզբնաղբյուրի պարտադիր նշումով, ստեղծագործության օգտագործումը, որը չի հակասում ստեղծագործության բնականոն օգտագործման պահանջներին և չի վնասում ստեղծագործության նկատմամբ հեղինակի օրինական շահերը։ Նշվածից երևում է, որ օրենսդիրը հիմնվելով Բեռնի կոնվենցիայի դրույթների վրա` թույլատրում է ստեղծագործությունների ազատ օգտագործման հնարավորությունը` երեք-քայլանոց թեստին համապատասխան։ Ի տարբերություն գործող կարգավորման` Նախագծով հավելվում է` նույն օրենքով նախատեսված իրավունքների սահմանափակումները կարող են կիրառվել կոնկրետ սահմանափակման նպատակն ապահովող ծավալով, ինչպես նաև հեղինակի անվան և ստեղծագործության սկզբնաղբյուրի նշումով, եթե նման նշումն անհնարին չէ: Սահմանափակումները կիրառվում են պայմանով, որ չեն հակասում ստեղծագործության բնականոն օգտագործման պահանջներին և անհիմն կերպով չեն վնասում ստեղծագործության նկատմամբ հեղինակի օրինական շահերը [7, 34-րդ հոդված]։

Ինչ վերաբերում է ազատ օգտագործման խնդրո առարկա տեսակին, ապա Օրենքը որպես ազատ օգտագործում թույլ է տալիս տնտեսական, քաղաքական, սոցիալական ու կրոնական ընթացիկ հարցերին վերաբերող և օրինական ճանապարհով մամուլում հրապարակված հոդվածների կամ նմանօրինակ հեռարձակված ստեղծագործությունների վերարտադրումը մամուլում և հեռարձակումը, եթե հեղինակը նման օգտագործումը նախապես չի արգելել [6, 22-րդ հոդված, 2-րդ մաս, «գ» կետ]։ Այսպիսով, Օրենքը այս կարգավորման շրջանակներում թույլ է տալիս որոշակի կոնկրետ հարցերին վերաբերող լրատվական նյութի վերարտադրումը` նախատեսելով մեկ իմպերատիվ պայման, այն է` եթե հեղինակն այդպիսի օգտագործումը նախապես չի արգելել։ Ինչպես արդեն քննարկել ենք վերոգրյալում, այս սահմանափակման իմաստն է ապահովել հասարակության իրավունքը հաղորդակից լինելու շրջակա աշխարհում կատարվող իրադարձություններին, ապահովել զանգվածային լրատվության միջոցների բնականոն աշխատանքը։ Այստեղ բավականին հստակ ընդգծվում է հեղինակների և ավելի լայն հասարակական շահերի միջև հավասարակշռությունն ապահովելու նպատակը, որի տարերից է ազատ խոսքի իրավունքը։ Այս տեսանկյունից կարծում ենք, որ Օրենքի սահմանումն անհարկի նեղացնում է այդ դրույթի մեկնաբանման հնարավորությունը։ Նախ փորձենք հասկանալ` ինչ ասել է «իրադարձություն»։ Ճիշտ է, այդպիսին հիմնականում հենց այն հարցերն են, որոնց շրջանակը նախատեսված է Օրենքով, սակայն երբեմն, աննշան և սովորական դեպքերը նույնպես կարող են համարվել իրադարձություն։ Նմանօրինակ դեպք քննվել է անգլիական դատարաններից մեկում Pro Sieben Media v. Carlton UK Television դատական գործի շրջանակներում, որտեղ վերարտադրված նյութը մի կնոջ մասին էր, ով հղի էր ութնյակով։ Սակայն, հաշվի առնելով հասարակական լայն հետաքրքրությունը և լրատվական դաշտում այդ նյութի ինտենսիվ տարածումը, դատարանը համարեց, որ այն ևս պետք է դիտարկել որպես «իրադարձություն»։ Ընդ որում, հավելենք, որ չնայած Դիրեկտիվը նույնպես սահմանում է իրադարձությունների նմանօրինակ ցանկ, սակայն այն հավելում է «նմանաբնույթ այլ նյութեր» եզրույթը, ինչի շնորհիվ այդ ցանկը չի դիտարկվում որպես սահմանափակ ցանկ` հնարավորություն ընձեռելով դատարանին անհրաժեշտության դեպքում մեկնաբանության շնորհիվ որպես իրադարձություն դիտարկել նաև այլ դեպքերը։ Չնայած, Դիրեկտիվում առկա է սահմանափակող այլ դրույթ` դրա 2-րդ հոդվածը, որի համաձայն` հեղինակները կարող են արգելել իրենց ստեղծագործությունների վերարտադրությունը։

Միաժամանակ, նշված կարգավորումը միայն բավարար չափով չի ապահովում հավասարակշռության պահպանումը, որի արդյունքում կարող են տեղի ունենալ հեղինակների իրավունքների անհարկի խախտումներ։ Մասնավորապես, այս կարգավորման ներքո միանշանակ պարզ չէ, թե արդյո՞ք կարող են դիտարկվել համացանցում գործունեություն տարածող զանգվածային լրատվության միջոցները, քանի որ «Զանգվածային լրատվության մասին» օրենքով «մամուլ» եզրույթի փոխարեն օգտագործվում է «զանգվածային լրատվության միջոց» եզրույթը, իսկ նույն օրենքի 6- րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետից, որտեղ օգտագործվում է «մամուլի տպաքանակ» եզրույթը, կարող ենք եզրակացնել, որ «մամուլ»-ը վերաբերում է միայն տպագիր լրատվությանը։ Իր հերթին, խնդրո առարկա կարգավորումը բավարար չէ հոդվածների սկզբնաղբյուրների իրավունքների և օրինական շահերի ամբողջական պաշտպանությունը ապահովելու համար։

Ուստի, օրենսդիրը, նաև վերոգրյալի հաշվառմամբ, 2013թ.-ին նախատեսեց նոր դրույթ լրատվական նյութի օգտագործման պայմանների վերաբերյալ։ Այստեղ արդեն սահմանվում է, որ տպագիր լրատվական միջոցների, էլեկտրոնային կայքերի (ցանցային լրատվության միջոց) լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը այլ տպագիր լրատվական միջոցներում, ինտերնետային կայքերում թույլատրվում է իրականացնել միայն մեջբերման նպատակն արդարացնող ծավալով՝ առանց հեղինակի (հեղինակային իրավունքի իրավատիրոջ) համաձայնության և վարձատրության վճարման [6, 22.1-րդ հոդված, 1-ին մաս]: Այս կարգավորմամբ, արդեն, նպատակ է հետապնդվում ոչ միայն առավել մանրամասն սահմանել թերթերի, ամսագրերի հոդվածներից քաղվածքների օգտագործման կարգը, այլ նաև կարգավորում է ինտերնետային կայքէջերի հոդվածների օգտագործման կարգը, ինչի անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը և բազմաթիվ լրատվական կայքերի առկայությունը հնարավորություն են տալիս ազատորեն վերարտադրել սկզբնաղբյուր հանդիսացող թերթերի տեղեկատվական, նույնիսկ վերլուծական հոդվածները տարբեր կայքերում:

Միաժամանակ նշենք, որ այս հոդվածում ևս օրենսդրորեն նախատեսվում են մի քանի պայմաններ, որոնք առավել խելամիտ և գործնականում կիրառելի պայմաններ են, քան նրանք, որոնք նախատեսված են Օրենքի 22-րդ հոդվածում։ Մասնավորապես այդպիսիք են` լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը, վերարտադրումը պետք է բացառի լրատվական նյութի սկզբնաղբյուրի հնարավոր ընթերցողների քանակի և լրատվական նյութի օգտագործման ծավալների վրա բացասական ազդեցությունը, լրատվական նյութի ամբողջական վերարտադրումը կարող է իրականացվել միայն հեղինակի (հեղինակային իրավունքի իրավատիրոջ) համաձայնության դեպքում [6, 22.1-րդ հոդված, 1-ին մաս], ինչպես նաև բոլոր դեպքերի համար սահմանված է պայման` հղում կատարել լրատվական նյութի սկզբնաղբյուրին [6, 22.1-րդ հոդված, 2-րդ մաս]։ Այսպիսով, օրենսդրորեն նախատեսվել է ավելի ընդունելի մոտեցում լրատվական նյութի ազատ օգտագործման վերաբերյալ, որն էլ թերևս մեզ հանդիպած միակ հոդվածն է, որը որպես պաշտպանության միջոց օգտագործվել է ՀՀ դատական պրակտիկայում։

Այժմ փորձենք հասկանալ Օրենքի 22.1-ին հոդվածով և Նախագծի 36-րդ հոդվածով նախատեսված կարգավորման սահմանները։ Անդրադառնանք մեջբերման նպատակն արդարացնող ծավալին։ Այս պայմանը, ըստ էության, հիմնականն է օգտագործման այս տեսակի համար, և մնացած պայմանները ուղղված են հենց այս պայմանի ապահովմանը։ Ի տարբերություն Օրենքի, Նախագծով օգտագործման նպատակն ավելի հստակը է ընդգծվում` պայմանավորելով այն ոչ թե մեջբերման նպատակով, այլ տեղեկատվության նպատակով, ինչի արդյունքում յուրաքանչյուր դեպքում ազատ օգտագործման այս տեսակը մեկնաբանելիս կամ կիրառելիս պետք է հիմք ընդունի լրատվական նյութին հասարակությանը հաղորդակից դարձնելը, տեղեկացնելը։ Միաժամանակ, այս նպատակն արդարացնող ծավալի որոշումը բավականաչափ բարդ և վիճահարույց է, ուստի, յուրաքանչյուր դեպքի համար պետք է ենթարկվի առանձին վերլուծության և գնահատման, քանի որ հնարավոր չէ տալ մեկ ընդհանուր բանաձև բոլոր դեպքերի համար, որը թույլ կտա պարզել, թե արդյոք մեջբերումն իրականացվել է նպատակն արդարացնող ծավալով, թե` ոչ [20]։ Սակայն, կարծում ենք, որ հենց այսպիսի ճկունության շնորհիվ է հնարավոր արդարացի գնահատել յուրաքանչյուր դեպքում օգտագործման բարեխղճությունը` ապահովելով ազատ օգտագործմամբ հետապնդվող հավասարակշռության նպատակը։ Ուստի, ոչ թե պետք է խուսափել նման կարգավորումներից, այլ պետք է ձգտել զարգացնել դրանց կիրառման պրակտիկան։

Հենց նպատակն արդարացնող ծավալի պայմանից է բխում, որ չի կարելի վերարտադրել ողջ լրատվականը նյութը` առանց դրա իրավատիրոջ համաձայնության, որի արդյունքում էլ կապահովվի լրատվական նյութի սկզբնաղբյուրի հնարավոր ընթերցողների քանակի և լրատվական նյութի օգտագործման ծավալների վրա բացասական ազդեցության բացառումը, քանի որ նյութի էական մասը հնարավոր կլինի ընթերցել սկզբնաղբյուրի նյութը ընթերցելով, որի մասին վերարտադրված նյութում բավարար հղում պետք է առկա լինի։ Իր հերթին, «էական մաս»-ի պայմանը ևս միտված է նյութի հեղինակի շահերի պաշտպանությանը, քանի որ այն կարող է վերաբերել ինչպես հեղինակի վերլուծական մտքերին, այնպես էլ բուն իրադարձության մասին էական հանգամանքներին և նյութի այլ հատկանիշներին։

Վերոնշյալ պայմանները պահպանված լինելու հարցը քննելիս, թերևս, անհրաժեշտ է հաշվի առնել ամբողջ լրատվական նյութի հետ համեմատության մեջ օգտագործվող մասի ծավալը և կարևորությունը` ինչպես քանակական, այնպես էլ որական տեսանկյունից, ինչպես նաև օգտագործման նպատակն և բնույթը, որը պետք է հետապնդի առավելապես հանրությանը տեղեկություն տալու նպատակ [20]։ Այս հանգամանքները հաշվի առնելով է հնարավոր հավասարակշռել հեղինակների և հասարակության անդամները իրավունքները և շահերը` ապահովելով ազատ օգտագործման ինստիտուտի պատշաճ կիրառումը։

Ուստի, գտնում ենք, որ նախատեսվել են խելամիտ և, ինչն առավել կարևոր է, մեկը մյուսի հետ կապված պայմաններ, որոնք ոչ թե բացառում այլ անհրաժեշտորեն փոխլրացնում են միմյանց։ Արդյունքը այս կարգավորումների գործնականում կիրառումն է, որին կարող ենք ականատես լինել էլեկտրոնային կայքերում առկա նյութերում, որտեղ ավելի ու ավելի հաճախ են սկսել հանդիպել նմանօրինակ արտահայտությունները` «Ավելի մանրամասն տե՛ս սկզբնաղբյուրում` «հղում»»։

Ըստ էության` մեջբերման նպատակն արդարացնող կամ տեղեկատվության նպատակն արդարացնող ծավալը նույնանում է անգլիական իրավակարգավորմամբ սահմանված բարեխիղճ գործելակերպի հետ։ Այստեղ մասնավորապես նշված է, որ ընթացիկ իրադարձությունները հաղորդելու նպատակով ստեղծագործության հետ (բացառությամբ լուսանկարի) բարեխիղճ գործելակերպը չի հանգեցնում հեղինակային իրավունքի խախտման, պայմանով, եթե առկա է սկզբնաղբյուրի մասին հղում։ Ինչպես տեսնում ենք ՄԹ օրենքում կարգավորումն ավելի պարզ է սահմանված, որտեղ բոլոր պայմաններն ամփոփված են բարեխիղճ գործելակերպի սկզբունքով։ Ավելի լայն կարգավորում է նախատեսված ԱՄՆ օրենքով, որտեղ սահմանվում է, որ «(…) հեղինակային իրավունքով պաշտպանված ստեղծագործության բարեխիղճ օգտագործումը, ներառյալ այդպիսի օգտագործումը օրինակների կամ հնչյունագրերի վերարտադրման ձևով կամ ցանկացած այլ ձևով, այնպիսի նպատակների համար ինչպիսիք են (…) լուրերի հաղորդումը (…), հեղինակային իրավունքի խախտում չէ»։ Իսկ օգտագործումը համարվում է բարեխիղճ, երբ համապատասխանում է սահմանված չորս գործոններին` 1. օգտագործման բնույթը և նպատակը, ներառյալ այն հանգամանքը, թե արդյո՞ք նման օգտագործումը առևտրային բնույթի է, թե առանց շահույթի հետապնդման ուսուցողական նպատակների համար, 2. հեղինակային իրավունքով պաշտպանված ստեղծագործության բնույթը, 3. օգտագործված մասի քանակը և էականությունը` համեմատած հեղինակային իրավունքով պաշտպանված ստեղծագործության հետ որպես ամբողջի, 4. օգտագործման հետևանքը հեղինակային իրավունքով պաշտպանված ստեղծագործության հավանական շուկայի կամ արժեքի վրա։ Բարեխիղճ գործելակերպի սկզբունքն է առկա նաև Հոնգ Կոնգի իրավական համակարգում, Կանադայում։

Հետաքրքրական է, որ Հայաստանում օրենսդիրը այս առումով առավելապես առաջնորդվում է անգլո-ամերիկյան իրավական համակարգի երկրների օրինակով, ինչը կարծում ենք` ավելի ճկուն մոտեցում է և առավելապես ունակ է ապահովել հեղինակների և հասարակության իրավունքների և շահերի հավասարակշռումը։

Այնուամենայնիվ, պետք է նկատել, որ Նախագծի 36-րդ հոդվածի կարգավորումը վերաբերում է միայն տպագիր և ցանցային լրատվական միջոցների լրատվական նյութերի օգտագործմանը, այնինչ Օրենքի գործող խմբագրության պարագայում ազատ կարող են օգտագործվել նաև հեռարձակված ստեղծագործությունները։ Հետևաբար, այս տեսանկյունից Նախագծի կարգավորումը կարող է ավելի սահմանափակ մեկնաբանվել, քան գործող կարգավորումն է։

Այսպիսով, կարծում ենք, որ Նախագծով նախատեսվող փոփոխությունները կարող են բավականին ամրապնդել լրատվական նյութերի հետ կապված հեղինակային իրավահարաբերությունները, ներառյալ` դրանց օգտագործման պրակտիկան` դրանց նկատմամբ կիրառելով ճկուն մոտեցումներ։ Սակայն, միաժամանակ, գտնում ենք, որ անհրաժեշտ է Նախագծի 36-րդ հոդվածի 1-ին մասում չսահմանափակվել միայն տպագիր և ցանցային լրատվական միջոցների նյութերի օգտագործմամբ։ Նման մոտեցումը պայմանավորված է ինչպես առաջադեմ միջազգային փորձով, այնպես էլ աննախադեպ արագ զարգացող թվային միջավայրով, որի պարագայում առաջանում են լրատվության հաղորդման տարատեսակ միջոցներ և հարթակներ. օրինակ` «Տելեգրամ» բջջային հավելվածով լրատվության հաղորդումը ներկայումս բավականին տարածված երևույթ է, սակայն տելեգրամյան ալիքների ցանցային լրատվության միջոց հանդիսանալը վիճելի հարց է։ Արդյունքում, բացառված չէ, որ լրատվական նյութի օգտագործման կանոնները կիրառելի չլինեն այս միջոցով լրատվության տարածման դեպքում` հանգեցնելով հավասարակշռության խախտմանը։ Այս տեսանկյունից կարծում ենք, որ Նախագիծը անհրաժեշտ է լրամշակել` այն իր նպատակներին լիարժեք ծառայեցնելու նպատակով։

Գիտական հոդվածի հեղինակ՝ Դավիթ Ղարիբյան
ԵՊՀ, Իրավագիտության ֆակուլտետ, մագիստրանտ