Միջազգային քրեական դատարանը շարունակում է հետևել Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններին և Ուկրաինայի արևելքում ստեղծված իրավիճակին

Միջազգային քրեական դատարանն իր կատարած աշխատանքի մասին զեկույց է ներկայացրել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի անդամներին: Նրանք քննարկել են նաև արդարադատության այս մարմնին աջակցելու բանաձևի նախագիծը: Փաստաթղթի հեղինակները կոչ են արել բոլոր երկրներին համագործակցել Միջազգային քրեական դատարանի հետ:Հաշվետու ժամանակահատվածում՝ 2017 և 2018 թվականներին, Միջազգային քրեական դատարանի Դատախազը Վրաստանում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ մեկ նոր գործի, իսկ հետո 10 այլ գործի քննություն է սկսել: Դատախազության աշխատակազմը 32 այց է կատարել ութ տարբեր երկրներ՝ շարունակելով հետաքննել Վրաստանում ենթադրաբար կատարված հանցագործությունները: Միջազգային քրեական դատարանում կոչ են արել բոլոր երկրներին, այդ թվում՝ նաև Ռուսաստանի Դաշնությանը և Հարավային Օսեթիային աջակցել այդ հանցագործությունների բացահայտման գործին:

Նախքան հետաքննություն սկսելը, դատարանը պետք է քննի իրավիճակը և որոշի, թե կարո՞ղ է, արդյոք, Միջազգային քրեական դատարանն իր իրավասության շրջանակներում քննել այդ գործը: Ներկայումս Միջազգային քրեական դատարանում քննության փուլում են գտնվում Ուկրաինայում և Պաղեստինում տեղի ունեցած իրադարձություններին առնչվող գործերը:

Այժմ Ուկրաինայի հետ կապված գործերի շրջանակներում Դատախազն ուսումնասիրում է 2013 թվականի նոյեմբերից մինչև 2014 թվականի փետրվարը Կիևի Անկախության հրապարակում տեղի ունեցած իրադարձությունները, ինչպես նաև՝ 2014 թվականի փետրվարի 20-ից Ղրիմում և Ուկրաինայի արևելքում տեղի ունեցած ենթադրյալ հանցագործությունները:

2017 թվականի դեկտեմբերին Միջազգային քրեական դատարանի պատրաստված զեկույցում նշվում է, որ Ուկրաինայի արևելքում արձանագրվել է հանցագործության ավելի քան 1200 դեպք: Խոսքը վերաբերում է սպանության, խոշտանգումների, քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացման, բռնաբարության և անօրինական կալանքի դեպքերին:

2018 թվականի զեկույցի տվյալների համաձայն՝ Միջազգային քրեական դատարանի Դատախազության գրասենյակը լրացուցիչ տեղեկություններ է ստացել Ուկրաինայի կառավարությունից և ոչ կառավարական կազմակերպություններից, ինչպես նաև՝ 2017 և 2018 թվականներին դեպի Ուկրաինա երկու ուղևորություններ կատարած փորձագետներից:

Նշենք, որ Միջազգային քրեական դատարանը ստեղծվել է 21-րդ դարում կատարված լուրջ հանցագործությունների անպատժելիությունը դադարեցնելու նպատակով: Միջազգային քրեական դատարանը կախված չէ ՄԱԿ-ից: Այն ստեղծվել է Հռոմի ստատուտի համաձայն, որն էլ ուժի մեջ է մտել 2002 թվականի հուլիսի 1-ին, երբ 60 երկիր վավերացրել է այն: