Միջազգային դատարանում սկսվել են իրանական ակտիվների սառեցման գործով ԱՄՆ-ի դեմ Իրանի ներկայացրած հայցի լսումները  

Այս տարվա հոկտեմբերի 8-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում սկսվել են ԱՄՆ-ի դեմ Իրանի ներկայացրած հայցի առաջին դատական լսումները: Հաագայի Միջազգային դատարանում Թեհրանը բողոքել է Իրանի դեմ պատժամիջոցներ կիրառելու ԱՄՆ իշխանությունների որոշման արդարացիության մասին: Մասնավորապես՝ Իրանը բողոքել է, որ ԱՄՆ-ն Իրանի նկատմամբ միակողմանի պատժամիջոցներ սահմանելու մասին որոշում է կայացրել օրինական հիմքերի բացակայության պայմաններում, և այդ պատժամիջոցները, ի թիվս այլ բաների, հանգեցրել են Իրանի Կենտրոնական բանկի 2 մլրդ դոլար ընդհանուր գումարի չափով ակտիվների սառեցմանը: Գործի շրջանակներում Իրանը հայց է ներկայացրել՝ հակաիրանական պատժամիջոցների կիրառումը դադարեցնելու և արտասահմանյան հաշիվներում իրանական ակտիվների բռնագրավված գումարը փոխհատուցելու պահանջի մասին:
Դատական լսումների ժամանակ առաջինը խոսքով հանդես է եկել ՄԱԿ-ի Միջազգային Դատարանի նախագահ Աբդուլկավի Ահմեդ Յուսուֆը և հայտարարել է, որ իրանական ակտիվների սառեցման գործով առաջին լսումների ժամանակ իր փաստարկները և առարկությունները կներկայացնի միայն Պատասխանող կողմը՝ ԱՄՆ-ն:
Այսպիսով, Իրանն ընդդեմ ԱՄՆ-ի գործով դատական լսումների ժամանակ ԱՄՆ վարչակազմի փաստաբանները մի շարք առարկություններ են ներկայացրել: Մասնավորապես՝ նրանք բողոքել են, որ Իրանի ներկայացրած հայցի քննությունը դուրս է ՄԱԿ-ի դատարանի իրավասության շրջանակներից, ուստի՝ Միջազգային դատարանն իրավասություն չունի Վաշինգտոնից պահանջելու չեղարկել Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները: Պատասխանող կողմի ներկայացուցիչները նաև հայտարարել են, որ Իրանը ներգրավված է ահաբեկչության ֆինանսավորման և մի շարք այլ ապօրինի գործողությունների մեջ և շեշտել են, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների կիրառումն ուղղված է ԱՄՆ-ի ազգային անվտանգության և կայունության պաշտպանությանը:
Հայտնի է, որ դատական լսումները կշարունակվեն 4 օր: Այնուհետև, միջազգային դատական ատյանները կանցնեն դատավարության հաջորդ փուլին: Միջազգային դատարանը Հաագայի Խաղաղության պալատում կհրապարակի ԱՄՆ-ի դեմ Իրանի ներկայացրած հայցի շուրջ իր կայացրած որոշումը մեկ ամիս հետո:
Ավելի վաղ, Իրանը հայց է ներկայացրել Հաագայի Միջազգային դատարան՝ Իրանի և ԱՄՆ-ի միջև 1955 թվականին կնքված «Բարեկամության, տնտեսական հարաբերությունների և հյուպատոսական իրավունքների մասին պայմանագիրը» խախտելու, ինչպես նաև՝ Իրանի միջուկային ծրագրի համաձայնագիրը դադարեցնելու և Իրանի դեմ միակողմանի պատժամիջոցներ սահմանելու մասին այս տարվա մայիսի 8-ին ԱՄՆ-ի կայացրած որոշման վերաբերյալ։
Ընթացիկ տարվա հոկտեմբերի 3-ին Միջազգային դատարանը մասնակիորեն բավարարել է Իրանի ներկայացրած հայցը։ Դատարանը վճռել է, որ ԱՄՆ-ն պարտավոր է դադարեցնել Իրանի նկատմամբ սահմանված մի շարք պատժամիջոցների կիրառումը։ Խոսքը վերաբերում է այն պատժամիջոցներին, որոնք առնչվում են Իրանի Իսլամական Հանրապետության հումանիտար օգնության ոլորտին և քաղաքացիական ավիացիային։ Դատարանի որոշմամբ՝ ԱՄՆ-ն պետք է չեղյալ հայտարարի Իրանի նկատմամբ սահմանված բոլոր այն պատժամիջոցները, որոնք խոչընդոտներ կամ արգելքներ են առաջացնում Իրանի Իսլամական Հանրապետություն դեղերի, դեղանյութերի և բժշկական սարքավորումների, հանքային պարարտանյութերի, գյուղատնտեսական արտադրանքի, պահեստամասերի, տեխնիկական սարքավորումների և Իրանի քաղաքացիական ավիացիայի անվտանգությունն ապահովելու համար այլ ապրանքների ներմուծման գործընթացում։