ՄԻՊ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Տավուշի մարզի սահմանամերձ՝ Վազաշեն և Բարեկամավան գյուղերում ադրբեջանական զինուժի կողմից բնակիչների տների, դպրոցի ու մանկապարտեզի, արոտավայրերի ուղղությամբ կրակոցների և գնդակոծության վերաբերյալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ստացված ահազանգերը, ինչպես նաև վերոնշյալ միջադեպերի մասին ԶԼՄ-ների հրապարակումները հաշվի առնելով, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները սեպտեմբերի 15-ին այցելել են Տավուշի մարզի Վազաշեն և Բարեկամավան գյուղեր։ Հատուկ ուշադրության առարկա է նաև Բարեկամավան գյուղի մոտակայքում բռնկված հրդեհի հարցը. բարեկամավանցիների վկայությամբ՝ գյուղի արոտավայրերը վառվել են Ադրբեջանի հետ սահմանում բռնկված հրդեհից, որը տարածվել է գյուղում:
Միջազգային պրակտիկայում ընդունված հատուկ սկզբունքներին համապատասխան՝ տեղի են ունեցել առաձնազրույցներ համայնքի ղեկավարի, գյուղի բնակիչների հետ: Կատարվել են նաև արձակված կրակոցների հետևանքների վերաբերյալ հրապարակային տվյալների և անհրաժեշտ այլ ուսումնասիրություններ:
Փաստահավաք աշխատանքների ընթացքում արձանագրվել են դպրոցի շենքում և բակում գտնվողների կյանքի համար ակնհայտորեն վտանգավոր կրակոցների հետքեր, ինչը հաստատում է, որ գյուղի ուղղությամբ կրակոցները եղել են թիրախային:
ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներում ադրբեջանական զինուժի կողմից մարդու իրավունքների ակնհայտ խախտումների վերաբերյալ ձեռք բերված տվյալների ամփոփման արդյունքում կկազմվի հատուկ զեկույց՝ հայաստանյան և միջազգային համապատասխան կառույցներին ներկայացնելու նպատակով: