ՄԻԵԴ-ը Ռուսաստանի իշխանություններին պարտավորեցրել է 6 ամսական երեխային ապահովել դեղամիջոցներով

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշել է Դատարանի Կանոնագրքի 39-րդ կանոնի համաձայն կիրառել ժամանակավոր միջոցներ և կարգադրել է Ռուսաստանի իշխանություններին 6 ամսական Ադա Քեշիշյանցին տրամադրել առաջին անհրաժեշտության Սպինրազա դեղամիջոցը:

Նման հարցով առաջին անգամ է Ռուսաստանի դեմ ժամանակավոր միջոցների մասին որոշում կայացվում: Ինչպես բացատրում են  իրավաբանները, չնայած որոշումը վերաբերում է առանձին ընտանիքին, այն Սպինրազա դեղամիջոցից օգտվելու հույս է տալիս հարյուրավոր մարդկանց, ովքեր հնարավորություն չունեն օգտվելու այդ դեղամիջոցից իրենց մարզերում:

Ստավրոպոլի տարածաշրջանի մանկական հիվանդանոցի բժշկական հանձնաժողովը Ադա Քեշիշյանցին նշանակել է Սպինրազա դեղամիջոցը, քանի որ 6 ամսական երեխայի մոտ ախտորոշվել է գենետիկ հազվագյուտ հիվանդություն՝ 1-ին տեսակի ողնաշարի մկանային ատրոֆիա (SMA)։ Ստավրոպոլի Լենինսկու շրջանի դատարանը հաստատել է դեղորայք ստանալու իրավունքը և կարգադրել է առողջապահության նախարարությանը անհապաղ ապահովել երեխային այդ դեղամիջոցով: Այնուամենայնիվ, որոշման պահից՝ 2020 թվականի ապրիլի 14-ից, որևէ գործողություն չի ձեռնարկվել` որոշումը կատարելու համար: Առողջապահության նախարարությունը չի ցուցաբերել որոշումը կատարելու պատրաստակամություն և, դեղամիջոցը տրամադրելու փոխարեն, բողոքարկել է դատարանի որոշումը:

Ադայի առողջական վիճակը կտրուկ վատացել է դեղամիջոցի բացակայության պատճառով։ 2020 թվականի ապրիլի 27-ից նրան միացրել են արհեստական շնչառության ապարատին, նրա կյանքին վտանգ է սպառնում: Ռուսաստանի դատարաններում բողոքարկման փուլերը կարող են տևել ամիսներ, և երեխայի ծնողները, «Իրավական նախաձեռնություն» նախագծի փաստաբանների աջակցությամբ, որոշել են դիմել Եվրոպական դատարան և օգտվել ժամանակավոր միջոցների կիրառման կարգից՝ ՄԻԵԿ-ի 2-րդ հոդվածով նախատեսված կյանքի իրավունքի հնարավոր խախտումը կանխելու համար:

ՄԻԵԴ-ը մի քանի օրվա մեջ որոշում է կայացրել, որի միջոցով կարգադրել է Ռուսաստանի Կառավարությանը երեխային տրամադրել բժիշկների կողմից նշանակված բուժօգնությունը և կատարել Լենինսկու շրջանի դատարանի 2020 թվականի ապրիլի 14-ի որոշումը, քանի որ այն պարտադիր ուժ է կրում ազգային իշխանությունների համար: Միևնույն ժամանակ, ՄԻԵԴ-ը հիշեցրել է, որ դատական ​​որոշումների կատարումը պարտադիր է: 

Չնայած այն բանին, որ ժամանակավոր միջոցները նախատեսված են ոչ թե Եվրոպական կոնվենցիայով, այլ Դատարանի կանոններով, դրանց իրականացումը պարտադիր է ԵԽ անդամ պետությունների համար: Եթե ​​Ռուսաստանի Դաշնությունը չկատարի որոշումը, ապա բողոքի քննության հետագա գործընթացում Դատարանը դա կհամարի Կոնվենցիայի 34-րդ հոդվածի (անհատական ​​գանգատի իրավունք) խախտում: 

Մայիսի 6-ին որոշումը ուղարկվել է Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարություն, որը մինչև սույն թվականի մայիսի 27-ը պետք է ՄԻԵԴ ուղարկի տեղեկատվություն և փաստաթղթեր՝ աղջկա ընթացիկ առողջական վիճակի և ստացած  բուժման վերաբերյալ։

Ռուսաստանում տարեկան մոտ 200 երեխայի մոտ ախտորոշվում է ողնաշարի մկանային ատրոֆիա: Պետությունը տեղեկացված է նման հիվանդների կյանքին և առողջությանը սպառնացող վտանգի մասին։ Հաշմանդամություն ունեցող երեխաներին բոլոր դեղերը անվճար տրամադրելու իրավունքը սուբյեկտի հաշվին ամրագրված է Ռուսաստանի օրենսդրությամբ, ինչն էլ նշվել է նաև դատարանի որոշման մեջ: Պաշտոնական տվյալների համաձայն, շատ բարձ գին ունեցող Սպինրազա դեղամիջոցը ձեռք է բերվել Ռուսաստանի 24 շրջաններում, ուստի, Ռուսաստանի իշխանություններն ընդունում են պետության հաշվին այդ դեղամիջոցը հիվանդներին տրամադրելու պարտավորությունը։