ՄԻԵԴ-ը հրապարակել է «Վարդանյանն ընդդեմ Հայաստանի» գործով արդարացի փոխհատուցման վճիռը

Սույն թվականի հուլիսի 25-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Հայաստանի դեմ աննախադեպ վճիռ է կայացրել: Հայաստանը երեք ամսվա ընթացքում պետք է 1 մլն 608 հազար եվրո վճարի քաղաքացի Յուրի Վարդանյանին: Վճիռն աննախադեպ է, քանի որ այս մեկ գործով փոխհատուցման գումարն ավելին է, քան Հայաստանի դեմ կայացված ՄԻԵԴ-ի բոլոր վճիռներով փոխհատուցման հանրագումարը: 

Նշենք, որ Վարդանյանն ընդդեմ Հայաստանի գործով ՄԻԵԴ-ը դեռևս 2016 թվականի հոկտեմբերի 27-ի վճռով ճանաչել է Վարդանյանի արդար դատաքննության, ինչպես նաև սեփականության իրավունքի խախտումները, իսկ արդարացի փոխհատուցման հարցը թողել էր հետագա լուծման։

Յուրի Վարդանյանն ապրել է Երևան քաղաքի Բուզանդի 13 հասցեում, որտեղ սեփականության իրավունքով ունեցել է 395.6 քմ մակերեսով տուն, 1,385.6 քմ մակերեսով հողատարածք: Այն գերակա շահ է ճանաչվել և անցել պետությանը: ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ վերականգնումը հնարավոր չէ, քանի որ տունը քանդված է, իսկ հողամասն օտարվել է երրորդ անձանց: Ուստի, դատարանը համարել է, որ պետք է տրվի նյութական վնասի հատուցում:

Կառավարությունը որպես փոխհատուցման գումարի չափ առաջարկել է մոտ 893 հազար 916 եվրո, ինչին դեմ է եղել Յուրի Վարդանյանը: Նա ներկայացրել է հաշվարկներ, որոնք մի քանի անգամ գերազանցել են կառավարության առաջարկած փոխհատուցման գումարի չափը: Եվրոպական դատարանը հետաձգել է արդարացի հատուցման հարցի քննությունը՝ կոչ անելով կողմերին համաձայնության գալ արդարացի փոխհատուցման պահանջի հարցի շուրջ: 2017 թվականի հուլիսի 26-ին Դիմումատուն ներկայացրել է արդարացի փոխհատուցման փոփոխված պահանջ՝ ընդհանուր առմամբ 5 միլիոն 231 հազար 651 եվրո գումարի չափով:

Այս գործն առանձնահատուկ է նաև նրանով, որ ՄԻԵԴ-ը դեռևս 2016 թվականի հոկտեմբերի 27-ի վճռով արձանագրել էր, որ Վճռաբեկ դատարանի այն ժամանակվա նախագահ Արման Մկրտումյանը (ՄԻԵԴ-ի վճռի տեքստում նշված է որպես judge M.) թույլ է տվել Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի խախտում: Մկրտումյանը, որպես դատավոր, օբյեկտիվ դիրքորոշում չի ցուցաբերել՝ խախտելով մարդու արդար դատաքննության իրավունքը:

Այսպիսով, ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի (արդար դատաքննության իրավունք) խախտում և Թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի (սեփականության պաշտպանություն) խախտում։ 2019 թվականի հուլիսի 25-ին հրապարակված վճռով Եվրոպական դատարանը, հաշվի առնելով կառավարության առարկությունները, նվազեցրել է Դիմումատուի պահանջած 5 միլիոն 231 հազար 651 եվրո գումարի չափը և Դիմումատուին շնորհել է 1 միլիոն 608 հազար եվրո: