ՄԻԵԴ-ը Հայաստանին պարտավորեցրել է վճարել 242 հազար եվրո փոխհատուցում

 Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Աղայանն ու մյուսները՝ ընդդեմ Հայաստանի» գործով դատավճիռը, որով Հայաստանի Հանրապետությանը պարտավորեցրել է հայցվորներին վճարել ընդհանուր առմամբ 242.000 եվրո։ Գործը հարուցվել էր 22 դիմումների (Սերգեյ Աղայանի և 21 այլ հայցվորների դիմումների) հիման վրա՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության: Դատարանը գործը քննել է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 34-րդ հոդվածով:

Հայցվորները Եհովայի վկաներ են, որոնք զինվորական և այլ քաղաքացիական ծառայություն իրականացնելուց հրաժարվելու համար դատապարտվել են 2012-ին՝ տարբեր ամսաթվերի: Հայցվորների բողոքն այն է, որ քրեական դատավարության ընթացքում խախտվել են իրենց իրավունքները, որոնք ամրագրված են Կոնվենցիայի 9-րդ հոդվածով:

Վերջիններս 10-հազարական եվրո են պահանջել՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում, ինչպես նաև 2000՝ որպես դատական ծախսերի փոխհատուցում:

ՀՀ Կառավարությունը պատասխանել է նշելով, որ գումարի ծավալը չափազանցված է, սակայն դատարանն այն խելամիտ է համարել և պարտավորեցրել է 10-հազարական եվրո վճարել` որպես բարոյական վնասի փոխհատուցում, ինչպես նաև 1000 եվրո՝ տեղի դատական ծասերը փակելու համար: