Միացյալ Թագավորությունը պետք է անհապաղ դադարեցնի Չագոս արշիպելագի կառավարումը․ Արդարադատության միջազգային դատարան

2018 թվականին Մավրիկիոսը հայց է ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան՝ Հնդկական օվկիանոսում գտնվող Չագոս արշիպելագը բրիտանական իշխանություններից վերադարձնելու պահանջի վերաբերյալ։ 

Միջազգային դատական ատյանները որոշել են, որ Չագոս արշիպելագը բաժանվել է Մավրիկիոսից օրինական հիմքերի բացակայության պայմաններում և չպետք է շարունակի գտնվել բրիտանական գաղութային իշխանությունների տիրապետության տակ: Միջազգային դատարանի դատավորները վճռել են, որ Միացյալ Թագավորությունը պետք է անհապաղ դադարեցնի Հնդկական օվկիանոսում գտնվող այդ արևադարձային կղզիների կառավարումը։

Նշենք, որ Չագոս արշիպելագը գտնվում է Հնդկական օվկիանոսում։ 1966 թվականից մինչև 1973 թվականը Չագոսի մշտական բնակիչները հարկադրանքի ներքո լքել են արշիպելագը և տեղափոխվել են Մավրիկիոս և Սեյշելյան կղզիներ։ Ներկայումս կղզիներում բնակվում են մոտ 3․000 բրիտանացի և ամերիկյան զինվորներ՝ իրենց ընտանիքներով: Մավրիկիոսի անկախությունը ճանաչվել է 1968 թվականին, սակայն Չագոս արշիպելագը շարունակել է գտնվել բրիտանական գաղութային իշխանությունների տիրապետության տակ և ամբողջովին բաժանվել է Մավրիկիոսից։ Տարիներ շարունակ Մավրիկիոսի իշխանությունները պնդել են, որ բրիտանական իշխանությունների իրականացրած գործողություններն օրինական հիմքեր չունեն և հայց են ներկայացրել Միջազգային դատարան՝ պահանջելով վերադարձնել արշիպելագն օրինական բնակիչներին։ Այնուհետև, Միացյալ Թագավորությունը բողոքել է Միջազգային դատարան հայց ներկայացնելու մասին Մավրիկիոսի կայացրած որոշման դեմ։ Այնուամենայնիվ, միջազգային դատական ատյանները սկսել են Մավրիկիոսի ներկայացրած հայցի քննությունը և գործի շրջանակներում քննել են 22 երկրների ներկայացուցիչների։  

Այսպիսով, Միջազգային դատարանի նախագահ Աբդուլքավի Ահմեդ Յուսուֆը հրապարակել է դատարանի փորձագիտական եզրակացությունը և վճիռը։ Միջազգային դատարանի կայացրած որոշմամբ՝ Մավրիկիոսի ապագաղութացումը, որը հանգեցրել է Չագոս արշիպելագի բաժանմանը, տեղի է ունեցել անօրինական ճանապարհով։

Նշենք, որ Միջազգային դատարանի կայացրած վճիռները պարտադիր ուժ են կրում, սակայն դրանք երբեմն չեն իրագործվում։ Դատարանի որոշումը պարտադիր է միայն գործին մասնակցող կողմերի համար և միայն տվյալ գործի շրջանակներում: Բացառիկ դեպքերում Միջազգային դատարան կարող է ներկայացվել որոշման վերանայման մասին խնդրանքը՝ միայն նոր բացահայտված հանգամանքների հիման վրա, որոնք իրենց բնույթով կարող են վճռական ազդեցություն ունենալ գործի վրա, և որոնք որոշում կայացնելիս հայտնի չեն եղել ոչ Դատարանին, ոչ վերանայում խնդրող կողմին. ընդորում` այն պայմանով, որ նման անիրազեկությունը չի հանդիսացել անփութության հետևանք: Որոշման վերանայման մասին խնդրանքը պետք է ներկայացվի Դատարան նոր հանգամանքների բացահայտումից հետո 6 ամսվա ընթացքում։