ՄԱԿ-ը համաշխարհային հիմնադրամ կստեղծի կորոնավիրուսի դեմ պայքարի համար

Նորվեգիայի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ ՄԱԿ-ը հիմնադրամ կստեղծի` ամբողջ աշխարհում կորոնավիրուսի դեմ պայքարի համար։ 

«Նորվեգիան մտադիր է ձեռնարկել ՄԱԿ-ի հովանու ներքո կորոնավիրուսի դեմ պայքարի գլոբալ հիմնադրամ ստեղծելու համար բոլոր հնարավոր միջոցները։ ՄԱԿ-ի հովանու ներքո գործող միջազգային հիմնադրամը կկարողանա ապահովել կայունություն մեր գործընկերների համար և կօգնի ավելի արդյունավետ դարձնել բոլոր երկրների ջանքերը»,- նշվում է Նորվեգիայի արտգործնախարար Ինե Էրիքսեն Սորեյդեի հայտարարության մեջ: 

Հիմնադրամը կարող է ստեղծվել մեկ այլ հիմնադրամի օրինակով, որը ստեղծվել է 2014 թվականին Էբոլայի դեմ պայքարի համար, և որի գործունեությունը շատ հաջող է ընթացել:

«Համաշխարհային ճգնաժամի պայմաններում, ինչպես և հիմա, միջազգային համագործակցությունը կարևոր նշանակություն ունի: Մենք մտահոգված ենք այն հարցով, թե ինչպես վիրուսը կարող է ազդել առողջապահության թույլ համակարգ ունեցող զարգացող երկրների վրա», – հավելել են Նորվեգիայի արտաքին գործերի նախարարությունում:

Հիմնադրամի գլխավոր նպատակն է լինելու օգնել առողջապահության թույլ համակարգ ունեցող զարգացող երկրներին հաղթահարել ճգնաժամը և համաճարակի երկարատև ազդեցությունը: Հիմնադրամի ստեղծման մասին պաշտոնական հայտարարություն կարող է արվել արդեն այս շաբաթ: