Մակրադուլին ընդդեմ Նախկին Հարավսլավիայի Մակեդոնիա Հանրապետության

Դիմումատուն՝ Ջանի Մակրադուլին, ազգությամբ մակեդոնացի է, ծնվել է 1965 թվականին և բնակվում է Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում։ Գործի շրջանակներում Դիմումատուն երկու բողոք է ներկայացրել՝ իրեն զրպարտության համար մեղավոր ճանաչելու մասին Դատարանի կայացրած որոշման վերաբերյալ։ Առաջին բողոքը վերաբերում է 2007 թվականի դեկտեմբերին Մակեդոնիայում տեղի ունեցած քաղաքական իրադարձություններին։ Համապատասխան ժամանակահատվածում Դիմումատուն հանդիսացել է «Մակեդոնիայի սոցիալ-դեմոկրատական միություն» (SDMS) ընդդիմադիր կուսակցության քաղաքական գործիչ։ Դիմումատուի մասնակցությամբ տեղի ունեցած հերթական մամուլի ասուլիսի ժամանակ նա հայտարարել է, որ երկրում իշխող կուսակցության անդամ և «Անվտանգության և Հակահետախուզության Գործակալության» ղեկավար, ոմն Ս․Մ-ն չարաշահել է իր պաշտոնեական դիրքը, ոստիկանության օգնությամբ իրականացված հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման միջոցով արժեթղթերի շուկայում շահույթ է ձեռք բերել և այլ ապօրինի գործողություններ է իրականացրել։ Այնուհետև, Ս․Մ-ն վիրավորանքի և զրպարտության հիմքերով դատական գործ է հարուցել Դիմումատուի դեմ։ 2009 թվականի նոյեմբերին Մակեդոնիայի ներպետական դատական ատյանները զրպարտության համար մեղավոր են ճանաչել Դիմումատուին և 1․500 եվրո գումարի չափով տուգանք են նշանակել նրա նկատմամբ։ Դիմումատուն բողոք է ներկայացրել իրեն մեղավոր ճանաչելու և տուգանք նշանակելու մասին Դատարանի կայացրած որոշման դեմ, սակայն ապարդյուն։ 2011 թվականի փետրվարին Մակեդոնիայի Վերաքննիչ դատարանը մերժել է Դիմումատուի ներկայացրած բողոքը և հաստատել է Դատարանի կայացրած որոշումը։

Դիմումատուի ներկայացրած երկրորդ բողոքը վերաբերում է 2007 թվականի սեպտեմբերին կայացած հերթական մամուլի ասուլիսի ժամանակ տեղի ունեցած իրադարձություններին։ Իր նախաձեռնությամբ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Դիմումատուն լրագրողների ներկայությամբ հայտարարել է, որ երկրի վարչապետը կամ վերջինիս զարմիկը ներգրավված են ապօրինի գործարքների մեջ և հանրության կողմից օգտագործվող հողատարածքների վաճառք են իրականացնում՝ հյուրանոցի կառուցման նպատակով։ Այնուհետև, վարչապետի զարմիկը զրպարտության հիմքով դատական գործ է հարուցել Դիմումատուի դեմ։

2011 թվականի փետրվարին ներպետական դատական ատյանները պարզել են, որ մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետի զարմիկի հասցեին Դիմումատուի հնչեցրած բոլոր մեղադրանքները կեղծ և անհիմն են։ Դատարանը զրպարտության համար մեղավոր է ճանաչել Դիմումատուին և նրա նկատմամբ 1․000 եվրո գումարի չափով տուգանք է նշանակել։ 2011 թվականի մայիսին Վերաքննիչ դատարանը մերժել է Դատարանի կայացրած որոշման դեմ Դիմումատուի ներկայացրած բողոքը։ Այնուհետև, Դիմումատուն սահմանադրական բողոք է ներկայացրել, որը նույնպես մերժվել է 2012 թվականի սեպտեմբերին։

Դիմումատուն բողոքել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի (արտահայտվելու ազատություն) խախտում։ Վերջինս բողոքել է զրպարտության հիմքով իր դեմ քրեական գործ հարուցելու և մեղավոր ճանաչելու որոշման արդարացիության մասին։

Հաշվի առնելով վերը նշված գործոնները՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի խախտում։

Դիմումատուի հայցը բավարարելու համար ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վճիռն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, պատասխանող Պետությունը պարտավոր է ոչ նյութական (բարոյական) վնասի համար Դիմումատուին վճարել 1․500 եվրո գումարի չափով փոխհատուցում և 1․020 եվրո՝ դատական ծախսերի համար։ Վերոգրյալ գումարները պետք է փոխարկվեն պատասխանող պետության արժույթով՝ վճարման ամսաթվի դրությամբ գործող փոխարժեքով։