Այսօր քննարկամն է դրվել «ՀՀ 2018 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը գումար հատկացնելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից:
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման ծրագրի շրջանակներում 2014, 2015, 2016թթ «Հրաշք այգի» ՍՊԸ հետ կնքել է սուբսիդիա տրամադրելու մասին և պետության կողմից դրամաշնորհի ձևով տրամադրվող ֆինանսական աջակցության գումարների օգտագործման մասին պայմանագրեր, իսկ 2017թ՝ միայն պետության կողմից դրամաշնորհի ձևով տրամադրվող ֆինանսական աջակցության գումարների օգտագործման մասին պայմանագիր։ Նշված պայմանագրերի շրջանակներում (որտեղ հստակ սահմանված են ծրագրի իրականացման ժամկետները)՝ ներկրված և բաշխված քանակությունների պահպանման կազմակերպման ռիսկերը կազմակերպությանն են, քանի որ սուբսիդիայի մեծության հաշվարկման հիմքում ընկած է եղել կազմակերպության կողմից ներկայացված նվազագույն շահավետ գինը (այն իր մեջ պետք է ներառի կազմակերպության բոլոր հնարավոր ծախսերը)։ Սակայն ծրագրերի սահմանված ժամկետների ավարտից հետո «Հրաշք այգի» ՍՊԸ կողմից վարձակալած պահեստներում մնացել են պարարտանյութերի չբաշխված քանակություններ՝ պայմանավորված հողօգտագործողների վճարունակ պահանջարկի բացակայությամբ, որոնք պահեստավորվել են մինչև հաջորդ տարվա բաշխման աշխատանքների իրականացման համար պայմանագրի կնքումը և պարարտանյութերի սուբսիդավորված նոր խմբաքանակի ներկրումը։
Նախագծի նպատակն է հաստատված ծրագրերի շրջանակներում հողօգտագործողների վճարունակ պահանջարկի բացակայությամբ պայմանավորված՝ իրականացված լրացուցիչ ծախսերի փոխհատուցում, «Հրաշք այգի» ՍՊԸ-ին պարարտանյութերի պահեստավորման համար 15100000 դրամ գումարի տրամադրում։
Որոշման նախագծի ընդունման դեպքում կկատարվի «Հրաշք այգի» ՍՊԸ կողմից լրացուցիչ պահեստավորման ծախսերի փոխհատուցման պահանջը։
Նախագծին մանրամասն կարող եք ծանոթանալ՝ e-draft.am իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում: