Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Շվեյցարիայի Ժնև քաղաքում մասնակցել է Crans Montana ֆորումի «Հայրենիք և համաշխարհային անվտանգություն» համաժողովի ամենամյա նստաշրջանին:Crans Montana ֆորումը համագործակցում է ՄԱԿ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի, Եվրամիության, ՆԱՏՕ-ի, Եվրոպայի խորհրդի և այլ միջազգային կազմակերպությունների հետ ու նպատակ ունի խրախուսել միջազգային համագործակցությունը:
Ֆորումի շրջանակում տարեկան կազմակերպվում է չորս միջոցառում, որոնց ընթացքում ավելի քան 100 երկրի առանցքային դերակատարներ հավաքվում են՝ ոչ պաշտոնական մթնոլորտում քննարկելու կարևոր սոցիալական, տնտեսական և անվտանգությանն առնչվող հարցեր:
«Հայրենիք և համաշխարհային անվտանգություն» համաժողովի ամենամյա նիստաշրջանի քննարկման թեմաներն են միջազգային հարաբերություններում առկա խնդիրներն ու ռիսկերը, առողջապահությանը, կիբերանվտանգությանը և տեղեկատվության կառավարմանը վերաբերող հարցերը:
Նախագահ Արմեն Սարգսյանը նստաշրջանի ընթացքում հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես անդրադարձել է է համաշխարհային անվտանգության ռիսկերը կառավարելու նոր մեթոդների որոնման կարևորությանը:
Հայաստանի նախագահը նշել է, որ 21-րդ դարը համաշխարհային անվտանգության, կայունության, նոր քաղաքականության, մեր հասարակությունների քվանտային պահվածքի, ինչպես նաև ռիսկերի ու անվտանգության նոր դար է, որը սկսվում է 2020 թվականին: «Մենք նոր աշխարհի դարպասների մոտ ենք և պետք է վերափոխենք մեր մտածելակերպը մեր մոտեցումների, արժեհամակարգի առումով,- ասել է նախագահ Սարգսյանը:-Ինձ համար Հայաստանը 21-րդ դարում ապրող երկրի օրինակ է, քանի որ մենք արտացոլում ենք աշխարհում առկա միտումները: Մենք փոքր երկիր ենք, բայց համաշխարհային ազգ: Այնքան, որքան հայեր են բնակվում Հայաստանում, նույնքան բնակվում են նաև Ռուսաստանում: Երևանը՝ աշխարհի հնագույն քաղաքներից մեկը, որը 2800 տարեկան է, ունի այնքան հայ բնակչություն, որքան Լոս Անջելեսը: Մի շարք ոլորտներում, ինչպիսիք են տեղեկատվական տեխնոլոգիաների, բանկային ոլորտները, Հայաստանը տարածաշրջանային առաջատար է:
Ուստի, լինելով փոքր երկրի նախագահ՝ ես փորձում եմ միևնույն ժամանակ լինել նաև համաշխարհային ազգի առաջնորդ»,- եզրափակել է նախագահ Սարգսյանը: