Հարկադիր կատարման ծառայության արձագանքը՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի վերաբերյալ

Հարկադիր կատարման ծառայությունն այսօր արձագանքել է հեռուստատաեսությամբ հեռարձակված   հարկադիր կատարողի գործունեության վերաբերյալ անդրադարձին։ Հարկադիր կատարման ծառայության հաղորդագրությունիցՍ/թ հոկտեմբերի 21-ին «Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակված «Սուր անկյուն» հաղորդաշարի շրջանակներում «Ունեզրկման աճպարարները» վերտառությամբ տեսանյութի վերաբերյալ Հարկադիր կատարման ծառայությունը հարկ է համարում հայտնել հետևյալը.
Տեսանյութի՝ Հարկադիր կատարման ծառայությանը վերաբերող հատվածը կառուցված է անհիմն, մեղադրական և իրականությանն ակնհայտ չհամապատասխանող տեղեկությունների ու հայտարարությունների վրա, համաձայն որոնց՝ աճուրդներն իբր տապալվում են, և լոտերը լավ արժեզրկելուց հետո դրանք վաճառվում են յուրայիններին:
Հարկադիր կատարման ծառայությունը ևս մեկ անգամ հայտնում է, որ հարկադիր էլեկտրոնային աճուրդները ԲԱՑԱՌԱՊԵՍ իրականացվում են «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով: Հարկադիր էլեկտրոնային աճուրդում հաղթող է ճանաչվում ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, և հաղթողը որոշվում է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻՋՈՑՈՎ: Գնորդը նախապես չի կարող հայտնի լինել:
Լրագրողի և հաղորդմանը մասնակից իրավագետի այն պնդումները, թե գույքերը խլվում, արժեզրկվում և իրացվում են, իրավաբանորեն որևէ կերպ չհիմնավորված հայտարարություններ են, որոնք նպատակ են հետապնդում ստվերել Ծառայության կողմից կազմակերպվող աճուրդային գործընթացի թափանցիկությունը:
Հարկադիր կատարման ծառայությունը շարունակում է աշխատել բաց, թափանցիկ, պատրաստ է լրագրողական նյութեր պատրաստելիս տրամադրել իր պաշտոնական դիրքորոշումն այս կամ այն թեմայի հետ կապված:
Ի վերջո, եթե կա նման փաստ, որը հայտնի է դարձել լրագրողական նյութեր հավաքագրելիս, դա իր մեջ պարունակում է հանցագործության հատկանիշներ, Ծառայությունը շահագրգիռ է, որ դրա մասին տեղեկացվեն իրավապահ մարմինները: Եվ այսուհետ, ցանկացած նման դեպքում խնդրում ենք դիմել իրավապահ մարմիններին՝ համապատասխան ընթացք տալու նպատակով:
Իսկ եթե չկան կոնկրետ փաստեր, հորդորում ենք Ծառայության գործունեությանն առնչվող հրապարակումներ կատարելիս զերծ մնալ անհիմն ապատեղեկատվություն տարածելուց: