Հանրային քննարկման է դրվել «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծ

Այսօր Իրավական ակտեր հրապարակման միասնական  կայքում հանրային քննարկման է դրվել «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծ։Որպես օրենքի փոփոխության  հիմնավորվում նշվում է, որ նախորդ տարիներին նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերը հաստատվել են      ՀՀ քաղաքաշինության նախարարի, այնուհետ՝ ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի հրամաններով:

ՀՀ սահմանադրության (06.12.2015թ. փոփոխություններով) 6-րդ հոդվածն ուժի մեջ մտնելուց հետո՝ նույն հոդվածի դրույթների համաձայն, պետական մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: Նույն կետով նախատեսված է, որ սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր: Լիազորող նորմերը պետք է համապատասխանեն իրավական որոշակիության սկզբունքին:

Հետևաբար, անհրաժեշտություն է առաջանում հստակեցնել քաղաքաշինության բնագավառում իրավական ակտերի, քաղաքաշինական փաստաթղթերի, նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի հաստատման մասով քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմնի՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի իրավասությունները և դրանք ամրագրել Քաղաքաշինության մասին ՀՀ օրենքում:

Բացի այդ, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքով սահմանված է, որ 2021 թվականի հունվարի 1-ից չի թույլատրվելու առանց սահմանված կարգով հաստատված համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի, կառուցապատման նպատակներով հողամասերի և (կամ) ճարտարապետահատակագծային առաջադրանքների տրամադրումը:

Նպատակն ունենալով մինչև 2021 թվականը բոլոր համայնքներն ապահովել գլխավոր հատակագծերով, սկսած 2017 թվականից իրականացվում է Քաղաքաշինական ծրագրային (տարածական պլանավորման) փաստաթղթերի մշակում ծրագիրը:

Ծրագրի շրջանակներում 2017 թվականին մշակվել են ՀՀ Տավուշի մարզի               55 բնակավայրերի տարածքները ներառող միկրոռեգիոնալ փաստաթղթերը, իսկ          2018 թվականի ծրագրով նախատեսված ՀՀ Սյունիքի և Արարատի մարզերի միկրոռեգիոնալ փաստաթղթերի մշակման աշխատանքներն ընթացքում են:

Սակայն, հաշվի առնելով ֆինանսավորման ծավալները, ինչպես նաև առկա մասնագիտական ներուժը (այդ թվում՝ նախագծային կազմակերպությունների), ծրագիրն ավարտելու իրատեսական ժամկետը 2024 թվականն է:

Այս պատճառով, անհրաժեշտություն է առաջանում վերանայել առանց սահմանված կարգով հաստատված համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի, կառուցապատման նպատակներով հողամասերի և (կամ) ճարտարապետահատակագծային առաջադրանքների տրամադրման վերջնաժամկետը:

Առաջարկվում է «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքում, մասնավորապես՝ օրենքի 10.1, 14.3, 16 և 30-րդ հոդվածներում կատարել համապատասխան փոփոխություններ, նպատակ ունենալով օրենքի 14.3 հոդվածի 32-րդ մասով նախատեսված ժամկետը երկարաձգել մինչև           2024 թվականի հունիսի 30-ը, ինչպես նաև քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմնին վերապահել քաղաքաշինության բնագավառում համապատասխան իրավական ակտերի, քաղաքաշինական և նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի հաստատման լիազորություն:

Նախագիծը մշակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից՝ ՀՀ կառավարության 2018 թվականի սեպտեմբերի 6-ի Հայաստանի Հանրապետության կառավարության       2018-2022 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասսին N1030-Լ որոշման 305.1 կետի հանձնարարականի համաձայն:

Առանց գլխավոր հատակագծերի հողհատկացման գործառույթների իրականացման ժամկետի վերանայում, ինչպես նաև քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմնին քաղաքաշինության բնագավառում համապատասխան իրավական ակտերի, քաղաքաշինական և նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի հաստատման լիազորության վերապահում: