Հայ ֊ ռուսական հարաբերությունների ներկան և ապագան՝ ըստ Տարոն Սիմոյանի

ՀՀ-ՌԴ հարաբերությունների զարգացումների շուրջ զրուցել ենք իրավաբան, ԱԺ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանի հետ:

-Պարոն Սիմոնյան, ի՞նչ մարտահրավերներ եք տեսնում ՀՀ֊ՌԴ հարաբերություններում։

-Այդ հարցին պատասխանելու համար անհրաժեշտ է մի փոքր լայն նայել աշխարհաքաղաքական իրավիճակին և մեր հարաբերությունները դիտարկել այդ ամենի համատեքստում։

Հարավային Կովկասում ամենազդեցիկ դերակատարը Ռուսաստանի Դաշնությունն է, որը կշարունակի պահպանել այդ կարգավիճակը առնվազն առաջիկա մեկ տասնամյակի ընթացքում։

Առաջիկա տարիներին Հարավային Կովկասում ՌԴ-ի հիմնական մրցակիցը լինելու է Թուրքիան, և անկախ այլ հարցերում (Սիրիա, Լիբիա, Սևծովյան ավազան, ռուսական էներգակիրների ներմուծում) ռուս-թուրքական հարաբերությունների զարգացումից, այստեղ երկկողմ հարաբերությունները շարունակելու են կրել ռազմավարական մրցակցության բնույթ։

Վերջին շրջանում ՀՀ֊ՌԴ հարաբերություններում նկատվում է  լարվածության առաջացում, այդ թվում` դրանք ռազմավարական դաշնակցությունից ռազմավարական գործընկերության մակարդակի իջեցման փորձերով։

Նշված միտումները կարող են լուրջ բացասական ազդեցություն ունենալ Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացի, ՀՀ տնտեսության ինչպես նաև ներքին քաղաքական կայունության վրա։

Կարծես թե արհեստական խոչընդոտներ են նկատվում հարաբերությունների զարգացման գործում, շատ դեպքերում՝ անձերով, շատ դեպքերում` պարզապես միմյանց չհասկանալով պայմանավորված  և այլն։ Սրանք կարճաժամկետ հատվածում որոշակի ազդեցություն ունենում են, սակայն հայ֊ռուսական հարաբերությունների ռազմավարական մակարդակում չեն կարող էական ազդեցություն ունենալ։

-Իսկ Ձեր կարծիքով հիմա ի՞նչ է մեզ պետք այդ հարաբերությունների զարգացման համար։

Անհրաժեշտ է հստակ ռազմավարություն ունենալ կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարով։

Երկարաժամկետ (10-20 տարի) պլանավորման համատեքստում ՀՀ-ին անհրաժեշտ է արդեն այսօր մշակել տարածաշրջանում ՌԴ-ի ազդեցության հնարավոր նվազման (կամ աճման) դեպքում առաջացող ռիսկերի չեզոքացման քայլերը։

Միևնույն ժամանակ, կարճաժամկետ և միջնաժամկետ հեռանկարում (մինչև 10 տարի) ՌԴ-ի հետ հարաբերությունների վատթարացումն էականորեն կնվազեցնի ՀՀ-ի և Արցախի համախումբ ներուժը և կնպաստի Ադրբեջան-Թուրքիա տանդեմի ծրագրերի իրականացմանը։   

Միևնույն ժամանակ պետք է օգտագործել ԵԱՏՄ տված հնարավորությունները` հայ֊ռուսական տնտեսական հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ, սակայն ոչ թե ավելացնելով միակողմ սոցիալ֊տնտեսական կախվածությունը, այլ հավասարակշռելով այն փոխադարձ շահով։

-Ի՞նչ բացթողումներ եք տեսնում այսօրվա մարտավարության մեջ։

Եթե կետերով ասեմ, ապա հետևյալներն են՝

  • կարճաժամկետ կտրվածքում ՀՀ֊ՌԴ հարաբերությունների լարում և արհեստական խոչընդոտների ստեղծում.
  • առկա մարդկային, տնտեսական, մշակութային և համագործակցային ռեսուրսների ոչ արդյունավետ օգտագործում.
  • բարձրաստիճան պաշտոնատար անձանց միջև միջանձնային հարաբերությունների կառուցման բացասական միտում։

Մեկնաբանություններ