Մարիա Միհալաչեն ընդդեմ Ռումինիայի

Դիմումատուն՝ Մարիա Միհալաչեն, ազգությամբ ռումինացի է, ծնվել է 1970թ․-ին, բնակվում է Ռումինիայում: Դիմումատուն բողոքել է ծխախոտային արտադրատեսակների ապօրինի ներմուծման և մաքսանենգության գործով իր օգտին կայացված դատական վճռի չկատարման մասին։

2013 թվականին Դիմումատուի և նրա ամուսնու դեմ քրեական գործ է հարուցվել այն բանից հետո, երբ ոստիկանությունը խուզարկություն է կատարել նրանց պատկանող բաց շինությունում և հայտնաբերել է 5450 տուփ մաքսանենգ ծխախոտ՝ ուկրաինական ակցիզային դրոշմանիշներով։ Դիմումատուն պնդել է, որ տեղյակ չի եղել իր շինությունում պահվող ծխախոտի մասին, և ապրանքները նրա տիրապետության տակ չեն եղել:

Շուտով գործի վարույթը կարճվել է՝ ապացույցների բացակայության պատճառով։ Սակայն, հարկային մարմինները հաշվարկել են համապատասխան մաքսատուրքերը, ԱԱՀ-ն և տուգանքները: Նրանք պահանջել են Դիմումատուից վճարել ծխախոտային ապրանքների (ըստ հարկային մարմինների՝ մաքսանենգ ապրանքների) ներմուծման մաքսատուրքի վճարումից խուսափելու համար առաջացած պարտքը՝ որպես նյութական վնասի հատուցում։ Պարտքի ընդհանուր գումարը կազմել է 61,780 ռումինական լեյ (մոտավորապես 13,730 եվրո): Այնուհետև, հարկային մարմինները որոշել են Դիմումատուին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի (հողատարածքի) վրա արգելանք դնել՝ որպես բռնագանձման պահանջի ապահովման միջոց։

Դիմումատուն բողոքել է հարկային մարմինների գործողությունների դեմ՝ պահանջելով վերացնել իր նկատմամբ սահմանված պարտքը։ 2015 թվականին առաջին ատյանի դատարանը բավարարել է Դիմումատուի հայցը և կարգադրել է արգելանքից հանել Դիմումատուի գույքը։ Դատարանը նշել է, որ Դիմումատուն չի կատարել գործողություններ, որոնք վնաս են պատճառել պետությանը, ուստի, նա չի կարող պատասխանատվություն կրել ուրիշի արարքի համար և հետևաբար, պարտքի վճարման պարտավորություն չունի։

Դատարանի որոշումը բողոքարկվել է պետական մարմինների կողմից, սակայն 2016 թվականի հունիսի 29-ին Վերաքննիչ դատարանը հաստատել է առաջին ատյանի կայացրած որոշումը՝ հոգուտ Դիմումատուի։ Դատարանը պարզել է, որ Դիմումատուի և հարկային մարմնի միջև առկա չէ որևէ հարկային իրավահարաբերություն։ Բացի այդ, քրեական գործի վարույթը կարճելու և անձին պատասխանատվության չենթարկելու որոշումների առկայության պարագայում վերջինս չպետք է պատասխանատվություն կրի այդ գործի շրջանակներում առաջացած հարկային պարտավորությունների համար։

Այնուամենայնիվ, Դիմումատուի օգտին կայացված օրինական և վերջնական ուժի մեջ մտած որոշումն այդպես էլ չի իրագործվել, քանի որ հարկային մարմինները չեն փոխել դիրքորոշումը, համաձայն որի՝ Դիմումատուն պետք է վճարի պարտքը։

Հիմք ընդունելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածը (սեփականության պաշտպանություն)՝ Դիմումատուն բողոքել է իրեն պատկանող գույքի վրա տարածված արգելանքը չվերացնելու և ներպետական դատարանների որոշումներն անտեսելու հարկային մարմինների գործողությունների մասին։

Կառավարությունը նշել է, որ քրեական և քաղաքացիական պատասխանատվությունը երկու տարբեր հասկացություններ են, որոնք պարտադիր չէ, որ փոխկապակցված լինեն: Այսպիսով, Դիմումատուն կարող է պատասխանատվություն կրել պետությանը պատճառված վնասի հատուցման համար, նույնիսկ եթե այդ գործի առնչությամբ քրեական պատասխանատվություն չի կրել: Կառավարությունը պնդել է, որ Դիմումատուի կողմից մաքսատուրքերի վճարումից խուսափելու պատճառով առաջացած պարտքի վճարումը պարտադիր է, անկախ քրեական գործի ընթացքից:

ՄԻԵԴ-ը նշել է, որ Կոնվենցիայի թիվ Արձանագրության 1-ին հոդվածի առաջին և ամենակարևոր պահանջն այն է, որ անձի գույքի անարգել օգտագործման իրավունքի իրացմանը պետության կողմից ցանկացած միջամտություն պետք է լինի օրինական և համաչափ։ Դատարանի նախադեպային իրավունքի համաձայն, միջամտությունը, ներառյալ հարկերի վճարումը ապահովելու միջոցներից բխող միջամտությունը, պետք է ապահովի «արդար հավասարակշռություն» համայնքի ընդհանուր շահերի և անձի հիմնարար իրավունքների պաշտպանության պահանջների միջև:

Սույն գործի փաստական հանգամանքները ուսումնասիրելիս Դատարանը հաշվի է առել Կառավարության կողմից ներկայացված փաստերն այն հարցի շուրջ, որ Դիմումատուի գույքի բռնագրավումը անհրաժեշտ էր հարկերի վճարումն ապահովելու համար։ Այնուամենայնիվ, Դատարանը չի գտել որևէ հիմք, որի պատճառով իշխանությունները կարող էին կասկածի տակ դնել առաջին ատյանի և վերաքննիչ դատարանի կայացրած որոշումների արդարացիությունը և չիրագործել դրանք։

Այսպիսով, ՄԻԵԴ-ը պարզել է, որ սույն գործով Դիմումատուի` իր օգտին կայացված վճիռն իրագործելու անկարողությունը, որի պատճառով նրան պատկանող գույքը երկար ժամկետով արգելանքի տակ է եղել, հանգեցրել է Պետության կողմից գույքի անարգել օգտագործման իրավունքի միջամտությանը։

ՄԻԵԴ-ը վճռել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի խախտում։ Դատարանը վճռել է, որ Ռումինիան պետք է ապահովի 2016 թվականի հունիսի 29-ին դատարանի կայացրած վճռի ամբողջական կատարումը, իսկ հակառակ դեպքում՝ վճարի Դիմումատուին 14․100 եվրո` նյութական վնասի դիմաց: Դատարանը նաև վճռել է, որ Ռումինիան պետք է Դիմումատուին պատճառված ոչ նյութական (բարոյական) վնասի համար վճարի 4․000 եվրո և 1․000 եվրո՝ դատական ծախսերի համար։