Համացանցը հեղեղված է երեխաների նկատմամբ սեռական բռնության տեսարաններով․ ՄԱԿ-ը կոչ է անում պայքարել 

«Կառավարությունները կարող են և պետք է ավելի կոնկրետ գործողություններ ձեռնարկեն՝ երեխաների սեռական շահագործման դեմ պայքարելու համար»,- կոչ են արել Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակում տեղի ունեցած միջոցառման մասնակիցները։ Այս խնդիրը հասկանալու և դրա ծավալները գնահատելու հարցում կօգնի նոր համակարգը, որն ուղղված է անչափահասների նկատմամբ սեռական բնույթի հանցագործությունների դեմ պայքարում հաջողությունների և ձախողումների բացահայտմանը:

«Ամեն օր ամբողջ աշխարհում միլիոնավոր տղաներ և աղջիկներ տառապում են սեռական շահագործումից։ Այս երևույթը մեծ մտահոգության տեղիք է տալիս»,- հայտարարել է իր ելույթի ժամանակ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի առաջին տեղակալ Ամինա Մոհամմեդը: ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալներով՝ 2014 թվականին 20 տարեկանից ցածր 120 միլիոն աղջիկներից յուրաքանչյուր տասներորդը ենթարկվել է սեռական շահագործման: Միլիոնավոր երիտասարդ զոհեր, այդ թվում` նաև տղաներ, երբեք չեն փորձել դիմել օգնության և պաշտպանվել՝ վրեժխնդրության կամ նսեմացման վախի պատճառով:

Մեծ Բրիտանիայում տեղակայված «Արտասահմանյան երկրների զարգացման ինստիտուտ» վերլուծական կենտրոնի հաղորդած տեղեկությունների համաձայն՝ երեխաների նկատմամբ ֆիզիկական, հոգեբանական և սեռական բռնության հետևանքով տարեկան 7 տրիլիոն դոլար գումարի չափով վնաս է հասցվում համաշխարհային տնտեսությանը: Այս ցուցանիշների մասին իր ելույթի ժամանակ հայտարարել է Ամինա Մոհամմեդը։ Նրա կարծիքով՝ նման հանցագործությունները կանխելու համար ավելի քիչ գումար է պահանջվում:

«Հաշվի առնելով ներկայումս համացանցի դերը, որը հեշտացնում է երեխաներին սեռական շահագործման ենթարկելու հնարավորությունը, կառավարությունները պետք է կոնկրետ գործողություններ ձեռնարկեն»,- հավելել է Գլխավոր քարտուղարի առաջին տեղակալը: Նա նաև հիշեցրել է, որ ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներից մեկը նախատեսում է գործողություններ իրականացնել՝ սեռական շահագործման, թրաֆիքինգի և երեխաների նկատմամբ բռնության ցանկացած դրսևորման դեմ:

ՄԱԿ-ում վստահ են, որ բռնության զոհեր են դառնում փոքր երեխաները և երիտասարդները: ՄԱԿ-ը կոչ է արել բոլոր անդամ պետություններին հստակ քայլեր ձեռնարկել և փոփոխություններ կատարել իրենց ազգային քաղաքականության մեջ` երեխաների նկատմամբ սեռական բռնության և շահագործման դեպքերը բացահայտելու և հանցագործներին քրեական պատասխանատվության ենթարկելու համար։

Նյու Յորքում տեղի ունեցած միջոցառման շրջանակներում մեկնարկել է «Ստվերներից դուրս» նախաձեռնությունը: Այս համակարգն օգնում է վերահսկել երեխաների սեռական շահագործման դեմ իրականացվող պայքարի միջոցառումները՝ գնահատելով իրավիճակը հետևյալ չորս կատեգորիաներով՝ անվտանգ միջավայր, իրավական դաշտ, պետական և մասնավոր հատվածների հանձնառություն, քաղաքացիական հասարակության և մամուլի ներգրավվածություն:

Ինտերպոլի ներկայացուցիչ Բյորն Սելլստրեմի խոսքերով՝ համացանցում լայն տարածում գտած տեսանյութերում պատկերված երեխաների մեծ մասը զարգացած արևմտյան երկրների երիտասարդ ներկայացուցիչներն են։ Եթե երեխան փոքր է, նրան ավելի հեշտ է սեռական շահագործման ենթարկել։ Նա նաև հաստատել է, որ շատ հաճախ սեռական բռնության զոհ են դառնում տարրական դասարանների կամ նախադպրոցական տարիքի երեխաները: Փորձագետների կարծիքով՝ դա ապացուցում է, որ նման հանցագործություններ իրականացնող մարդիկ ծանոթ են զոհերին։

Ամինա Մոհամմեդն իր ելույթի ավարտին հավելել է, որ վերջին տարիներին հավաքագրված տվյալների շնորհիվ այսօր հայտնի է, թե ինչ միջոցներ պետք է ձեռնարկվեն երեխաներին պաշտպանելու համար: «Սեռական շահագործման և բռնության կանխարգելումը բոլորիս պարտքն է, մենք պետք է դադարենք լռել այս խնդրի մասին և պայքարենք այդ երևույթի դեմ»,- կիսել է իր մտահոգությունը Գլխավոր քարտուղարի առաջին տեղակալը։

Մեկնաբանություններ