Կարո՞ղ է արհեստական ինտելեկտը փոխարինել իրավաբանին

      Նորագույն տեխնոլոգիաների ի հայտ գալուն պես հարց է առաջանում, թե այս անգամ որ ոլորտի մասնագետներին է այն փոխարինելու: Իրավաբաններն ու իրավաբանությունը նույնպես զերծ չեն մնում այս փոփոխություններից: Արհեստական ինտելեկտն արդեն ներթափանցել և շարունակում է իր ուրույն տեղը զբաղեցնել տարատեսակ ոլորտներում, ինչպես, օրինակ՝ բժշկության, կրթական, բնապահպանական, գյուղատնտեսական ոլորտների, արվեստի և, իհարկե, իրավաբանության մեջ: Այնուամենայնիվ, կարո՞ղ է արդյոք արհեստական ինտելեկտն ի վերջո փոխարինել իրավաբանին, և ի՞նչ ծրագրեր են իրականացվում այսօր շուկայում: Այս հարցերի պատասխանները ստանալու նպատակով զրուցել ենք «Ի ԷԼ ԷԼ Գործընկերություն» իրավաբանական գրասենյակի ներպետական գծով տնօրեն, փաստաբան Նորայր Բալայանի հետ:

-Պարո՛ն Բալայան, ի՞նչ է իրենից ներկայացնում  վերջերս այսքան շատ քննարկվող արհեստական ինտելեկտը:

-Արհեստական ինտելեկտը համակարգչային գիտությունների նորագույն ճյուղերից մեկն է: Այն կրկնօրինակում է մարդու ուղեղի կոնկրետ գործառույթներ, իսկ «արհեստական ինտելեկտ» տերմինն օգտագործվում է, երբ տեխնոլոգիաները կատարում են այնպիսի առաջադրանքներ, որոնք պահանջում են մարդկային ինտելեկտ:

Այս դեպքում ինչպե՞ս կարող է արհեստական ինտելեկտը կիրառվել ամենօրյա իրավաբանական պրակտիկայում:

-Արհեստական ինտելեկտը կարող է իրականացնել իրավաբանի այնպիսի հիմնական գործառույթներ, ինչպիսիք են՝ իրավական հետազոտությունը, օրենսդրական ակտերի և փաստաթղթերի պատշաճ ուսումնասիրությունը, հաճախորդների սպասարկման որոշ գործառույթներ, ինչպես նաև՝ մինչև անգամ գործի ելքի մասին եզրակացություններ: Չմոռանանք նաև, որ արհեստական ինտելեկտը զուրկ է մարդուն հատուկ հուզականությունից և կողմնակալ վերաբերմունքից, ինչն ավելի արդյունավետ ու անաչառ է դարձնում կատարվող առաջադրանքների բնույթը:

-Իսկ չե՞ք  կարծում, որ արհեստական ինտելեկտը կարող է մի օր ընդհանրապես դուրս մղել իրավաբաններին մասնագիտական դաշտից:

Որքան էլ որ խելացի և արագաշարժ լինի կիրառվող տեխնոլոգիան, կարծում եմ՝ այն միևնույն է, ամբողջապես չի կարող փոխարինել մարդուն, քանի որ իրավաբանի ներքին համոզմունքը էական դեր ունի վերջնական որոշումների կայացման գործում, իսկ միայն փաստական տվյալների հիման վրա եզրակացություն անելը միշտ չէ, որ կարող է լինել արդարացի: Պետք է նաև նկատել, որ արհեստական ինտելեկտը ստեղծվում է մարդու կողմից, այսինքն՝ բոլոր այն գործառույթները, որոնք պետք է իրականացնի տեխնոլոգիան, նույնպես որոշում է մարդը, հետևաբար, կարծում եմ՝  վերջինս, ամեն դեպքում, թույլ չի տա տեխնոլոգիաներին վերջնականապես փոխարինել իրեն:

Ի՞նչ ծրագրեր է իրականացնում ՀՀ-ն այս ոլորտում, իրավաբանական գրասենյակներն արդեն իսկ կիրառու՞մ են արհեստական ինտելեկտն իրենց ամենօրյա աշխատանքում:

-Հայաստանում արհեստական ինտելեկտը կամ դրան բնորոշ հատկություններով տեխնոլոգաները դեռևս զարգացած չեն: Սակայն, պետք է նշեմ, որ մեր գրասենյակն արդեն հասցրել է իրականացնել նմանատիպ ծրագրեր: Մասնավորապես, առաջին մեծ նախագիծը պատրաստվել է Ռուսաստանի Դաշնության համար, որը կոչվում է «Е-Суд»: Այն էլեկտրոնային համակարգ է, որը հիմնված է Ռուսաստանի Դաշնության օրենսդրության և դատական պրակտիկայի հիման վրա: Օգտագործողը համակարգում լրացնում է գործի համապատասխան տվյալները, և համակարգը դրա հիման վրա հետազոտում է գործի հանգամանքները և կայացնում օբյեկտիվ ու մասնագիտական դատական որոշում: Այս փուլում, էլեկտրոնային դատարանի որոշումները պարտադիր իրավաբանական ուժ չունեն. դրանք դեռևս միայն խորհրդատվական և փաստահետազոտական բնույթ են կրում:                           Հաջորդ խոշոր նախագիծը ՀՀ-ում վարչական ակտերի բողոքարկման համակարգն է՝ «Boghoq.am»-ը: Այն հնարավորություն է ընձեռում բողոքարկել ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնների խախտման արդյունքում կայացված վարչական ակտերը։ Բողոքարկման արդյունավետությունը երաշխավորելու համար ձևավորվել է իրավաբանների մի թիմ, որը մասնագիտացված է վարչական իրավունքի ոլորտում, իրավաբանական և փաստաբանական խորհրդատվություն և օգնություն է տրամարդում վարորդներին` իրենց նկատմամբ կայացված ոչ իրավաչափ վարչական ակտերը վիճարկելու հարցում: Վարչական ակտի տվյալները լրացնելուց հետո օգտագործողի համար ավտոմատ կերպով պատրաստվում է դիմում-բողոքի ձևը, ինչը հնարավոր է դարձնում ճանապարհային երթևեկության կանոնների խախտման արդյունքում կայացված վարչական ակտերի առցանց բողոքարկումը՝ առանց իրավաբանական գրասենյակ այցելելու։