«Կարմիր գծերը» և Երևանի քաղաքապետարանի ոչ իրավաչափ պրակտիկան

Վերլուծությունը` «Ի Էլ Էլ Գործընկերություն» իրավաբանական գրասենյակի գլխավոր տնօրեն Գոհար Գևորգյանի և իրավաբան Սաթիկ Ղիմոյանի հետ:

Առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում կարմիր գծերով գետնանշված, վճարովի կայանատեղերում կայանելու համար սահմանված տեղական տուրքը չվճարելու իրավախախտումների կապակցությամբ Երևանի քաղաքապետարանի կողմից վարչական տույժերի նշանակման գործընթացը: Իրավական երկակի կարգավորումների առկայությունը,  ինչպես նաև իրավակիրառ պրակտիկայում ոչ հստակ և ոչ նպատակային մոտեցումները, հաճախ հանգեցնում են անձանց իրավունքների և օրինական շահերի խախտման, ինչպես նաև՝ նրանց լրացուցիչ պարտականություններով ծանրաբեռնման։ Կարմիր գծերով սահմանազատված փողոցներում ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը կայանելու համար օրենքով սահմանված տեղական տուրքը չվճարելու համար պատասխանատվությունը նախատեսված է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 124.7-րդ հոդվածով։ Նշված իրավախախտումը առաջացնում է տուգանքի նշանակում՝ 5,000 ՀՀ դրամի չափով։ Այսպես, Երևան քաղաքի ավագանու թիվ 563-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում)  նախատեսվել է ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը համայնքային վճարովի ավտոկայանատեղում կայանելու համար օրենքով սահմանված տեղական տուրքը չվճարելու իրավախախտման արձանագրության (այսուհետ՝ իրավախախտման արձանագրություն) կազմման  կարգը, ինչը տարբերվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով սահմանված կարգից: Մասնավորապես, որոշման համաձայն՝ իրավախախտման արձանագրությունը կազմվում է առանց իրավախախտի մասնակցության և  կազմվելուց հետո է ուղարկվում վերջինիս: Մինչդեռ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով սահմանվում է վարչական իրավախախտման արձանագրությունը ենթադրյալ իրավախախտի ներկայությամբ կազմելու և առձեռն վերջինիս հանձնելու կանոնը: Նշված իրարամերժ կարգավորումների հետևանքով ստեղծված իրավիճակի լուծումը որոշակիացրեց ՀՀ վճռաբեկ դատարանի 22.03.2019թ. իրավական դիրքորոշումը։ Վճռաբեկ դատարանն արձանագրեց, որ քննարկվող իրավահարաբերությունների շրջանակներում կիրառելի է ոչ թե Երևան քաղաքի ավագանու որոշմամբ սահմանված վարչական իրավախախտման արձանագրությունն իրավախախտի բացակայությամբ կազմելու և հետո վերջինիս ուղարկելու կանոնը, այլ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 255-րդ հոդվածով սահմանված կարգավորումը, հետևաբար վարչական մարմինը՝ տվյալ դեպքում Երևանի քաղաքապետարանը, նախքան վարչական տույժի մասին որոշման կայացումը պետք է ապահովի իրավախախտման վերաբերյալ գործի արձանագրության և մյուս նյութերի պատշաճ կազմումը: 

Չնայած վերը նշվածի՝ կարմիր գծերով գետնանշված փողոցներում առանց տեղական տուրքը վճարելու կայանելու իրավախախտման հետևանքով տույժերի նշանակման գործող պրակտիկայի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ անգամ Վճռաբեկ դատարանի վկայակոչված որոշումից հետո Երևանի քաղաքապետարանը շարունակում է իրավախախտումների արձանագրման և դրանց հիման վրա վարչական տույժերի նշանակման նույն գործելաոճը։ Արդյունքում, Երևանի քաղաքապետարանը, կարծես, խաղում է ռուսական ռուլետկա՝ վարչական ակտի կայացնելուց հետո սպասելով տուգանված «իրավախախտի» վարքագծին՝ արդյոք ատրճանակը կկրակի՞ («իրավախախտը» կվճարի ակտով սահմանված տուգանքի գումարը), թե «թմբուկը» դատարկ կլինի («իրավախախտը» կբողոքարկի ակտը)։ Վերը նշվածը հիմնավորելու համար մեր կողմից կամայականորեն ընտրվել է 2019 թվականի հուլիս ամիսը, և առանց մեծ ջանքերի գործադրման, www.datalex.am պաշտոնական կայքից հայտնաբերվել է նշված ժամանակաշրջանին վերաբերող առնվազն տասը դատական գործ, որոնցով քաղաքացիների կողմից վարչական ակտը դատական կարգով բողոքարկելուց անմիջապես հետո Երևանի քաղաքապետարանը սեփական նախաձեռնությամբ վերացրել է վարչական տույժեր նշանակելու մասին որոշումները (տե’ս թիվ ՎԴ/5724/05/19, ՎԴ/5607/05/19, ՎԴ/5442/05/19, ՎԴ2/0179/05/19, ՎԴ/5316/05/19, ՎԴ/5247/05/19, ՎԴ/5218/05/19, ՎԴ/5268/05/19, ՎԴ/5022/05/19, ՎԴ4954/05/19 վարչական գործերը): Քաղաքապետարանի նման քաղաքականության արդյունքում ստեղծում է մի իրավիճակ, երբ քաղաքապետարանը կայացնում է վարչական տույժ նշանակելու մասին որոշում՝ գիտակցելով, որ որոշման կայացման ընթացակարգը հակասում է օրենքին ու բողոքարման դեպքում դատարանների կողմից վերացվելու է, ուստի հայցադիմումը ստանալուն պես, առանց սպասելու այն վարույթ ընունելու մասին դատարանի որոշմանը, դատարան է ուղարկում տվյալ ժամանակահատվածում բողոքարկված մեկ կամ մի քանի վարչական ակտերը վերացնելու մասին որոշում։ Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող վարչարարությունը որևէ ընդհանուր գիծ չունի  վարչարարության համաչափության սկզբունքի հետ, քանի որ վարչարարությունը պետք է ուղղված լինի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով հետապնդվող նպատակին, և դրան հասնելու միջոցները պետք է լինեն պիտանի, անհրաժեշտ և չափավոր։

Ավելին, վարչական իրավախախտման արձանագրման կարգը միակ խախտումը չէ, որ Երևանի քաղաքապետարանը թույլ է տալիս վարչական վարույթի ընթացքում։ ՀՀ վճռաբեկ դատարանը թիվ ՎԴ/5084/05/14 վարչական գործով 02.12.2016թ. որոշմամբ արտահայտել է դիրքորոշում առ այն, որ վարչական իրավախախտումների վերաբերյալ յուրաքանչյուր գործ քննելիս վարչական մարմնի օրենքով ամրագրված պարտականությունն է նախքան տույժի նշանակումը սահմանված կարգով պարզել այն բոլոր փաստական հանգամանքները, որոնք անհրաժեշտ են կոնկրետ վարչական ակտն ընդունելու համար։ Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը պարզաբանել է, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 124.7-րդ հոդվածով նախատեսված իրավախախտման դեպքի առկայության համար անհրաժեշտ պայմաններից՝ անվճար ժամանակահատվածից ավելի ժամանակով համայնքային վճարովի ավտոկայանատեղում կայանելու փաստը կարող է հաստատվել ոչ թե մեկ կամ մի քանի լուսանկարներով, այլ այնպիսի տեսանյութով կամ լուսանկարներով, որոնց քանակությունը և դրանց լուսանկարահանման հաճախականությունը հնարավորություն կտան հաշվարկելու անընդմեջ կայանման տևողությունը։ Այսինքն, տվյալ դեպքում Երևանի քաղաքապետարանի՝ օրենքով սահմանված և Վճռաբեկ դատարանի որոշումներով «կյանքի իրավունք ունեցող» պարտականությունն է նախքան պատասխանատվության միջոցների սահմանումը՝ յուրաքանչյուր դեպքում համակողմանի ստուգման արդյունքում պարզել իրավախախտման փաստի հաստատման համար անհրաժեշտ բոլոր պայմանները։ Այլ կերպ ասած՝ Երևանի քաղաքապետարանը պարտավոր է տեսագրություն, որ տրանսպորտային միջոցը կայանվել է համայնքային վճարովի կայանատեղիում տասնհինգ րոպե և ավելի ժամանակով։ Սակայն, ինչպես գիտենք բոլորս, Երևանի քաղաքապետարանի կողմից վարչական ակտերի հիմքում մեկ կամ մի քանի լուսանկարներից ու առանց ենթադրյալ իրավախախտի մասնակցության կազմած արձանագրությունից բացի այլ ապացույցներ չեն դրվում։

Երևանի քաղաքապետարանի նշված գործելակերպը ոչ միայն չի համապատասխանում վարչական իրավախախտումների կապակցությամբ տույժեր նշանակելու օրենսդրորեն ամրագրված կարգին և նպատակներին, այլև հակապատկերն է իրավական պետության նկարագրի, այն ուղղակիորեն ծնում է իրավական նիհիլիզմ կառույցի և քաղաքային  իշխանության նկատմամբ, բերում անվստահության։ Այս գործելաոճը խախտում է հատկապես այն անձանց իրավունքները, ովքեր տարբեր օբյեկտիվ պատճառներով չունեն իրավունքների դատական կամ արտադատական պաշտպանությունից օգտվելու հնարավորություն, չունեն համապատասխան իրավական գրագիտություն, ֆինանս կամ ժամանակ բողոքարկելու վարչական ակտերը, կամ գերադասում են բողոքարկման գործընթացների վրա իրենց ռեսուրսը ծախսելու փոխարեն ուղղակի վճարել ակտի 5,000 ՀՀ դրամը։ Այլ կերպ ասած՝ քաղաքացիներին առաջարկվում է վարքագծի կանոններից որևէ մեկը՝  կա՛մ կամայական և ոչ պատշաճ վարչարարության իրականացման արդյունքում ենթարկվիր  անհիմն պատասխանատվության և վճարիր 5,000 ՀՀ դրամ, կա՛մ հանուն արդարության վերականգնման ու իրավակարգի ամրապնդման դիմիր բողոքարկման ընթացակարգերին՝ ծախսելով շատ ավելի մեծ ռեսուրսներ (դրամական, ժամանակային, հոգեկան), քան բուն տույժի գումարն է։

Կարծում ենք՝ շատերը կհամաձայնեն, որ մեղմ ասած, սա չէ իրավական պետության կառուցման մեր բոլորիս տեսլականը։ Հեծանիվ հայտնագործած չենք լինի՝ պնդելով, որ օրինականության ամրապնդման առաջին քայլերը պետք է կատարել սեփական օրինակով, որից հետո ակնկալել օրինապաշտ վարքագիծ քաղաքացիներից։

Այս ամենը հաշվի առնելով՝ «Ի Էլ Էլ Գործընկերություն» իրավաբանական գրասենյակի կողմից մշակվել է առանձին էլեկտրոնային կայք՝ www.boghoq.am կամ www.boxoq.am, ինչը հնարավորություն է տալիս բողոքարկել և´ Երևանի քաղաքապետարանի կողմից կայացված, և´ ճանապարհային ոստիկանության կայացված վարչական ակտերը։ Սույն էլեկտրոնային կայքէջի գործունեության մեկնարկը տրվելու է սույն թվականի սեպտեմբերի երկրորդ տասնօրյակից։