Կապահովվի ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանությունն ու անվտանգությունը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որի ժամանակ Հավանություն է տրվել «Ընտանեկան բռնության կանխարգելման, ընտանեկան բռնութան ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» և հարակից օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի մասին փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Նախագծերի փաթեթի ընդունմամբ ակնկալվում է ապահովել ընտանեկան բռնության կանխարգելման կազմակերպաիրավական հիմքերը, ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանությունն ու անվտանգությունը, արդարադատության մատչելիությունը, նրանց տրամադրել անհրաժեշտ հոգեբանական, իրավաբանական, սոցիալական, համապատասխան դեպքերում` նաև ժամանակավոր նյութական աջակցություն: Նախատեսվում է նաև նվազեցնել ընտանեկան բռնության լատենտայնության մակարդակը, կանոնակարգել պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների միջև ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի բնագավառում համագործակցությունը և հստակեցնել դրանց գործառույթները: Օրինագծերով լուծում ստացող առաջին խնդիրն ընտանեկան բռնության կանխարգելման գործունեությունը հստակեցնելն ու համակարգելն է: Ընտանեկան բռնության անմիջական վտանգի դեպքում անձի անվտանգությունն անհապաղ ապահովելու նպատակով օրինագծում ներդրվել են անհետաձգելի միջամտության որոշման և պաշտպանական որոշման ինստիտուտները: Նախագծով առաջարկվող նախազգուշացման ինստիտուտն էլ կկիրառվի առաջին անգամ ընտանեկան բռնություն գործադրելու դեպքում, եթե արարքում հանցակազմի հատկանիշներ չկան, և ընտանեկան բռնության ենթարկվածի կյանքին կամ առողջությանն անմիջական վտանգ չի սպառնում: ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ևս մեկ անգամ հայտարարել է, որ փաթեթը չի նախատեսում ծնողական իրավունքներից զրկման կամ ծնողական իրավունքներից սահմանափակման որևէ նոր հիմք, ինչպես նաև որևէ հիմք, որը կարող է խարխլել ավանդական ընտանեկան արժեքները:

«Օրենքը բազմիցս քննարկել ենք տարբեր հարթակներում: Պետք է նշեմ, որ առաջին տարբերակից մինչև այն տարբերակը, որը ներկայացնում եմ ձեր դատին, մի շարք լուրջ փոփոխություններ են այստեղ ամրագրվել: Ամրագրվել են նաև մտահոգիչ հարցեր: Օրինակ՝ արդյոք կարելի է անչափահասին վերցնել ընտանիքից և տեղափոխել ապաստարան առանց ծնողի, իրականում՝ ոչ, և դա ստիպված կոշտ ամրագրել ենք, որպեսզի դադարեցնենք այն անհիմն քննադատությունը, որը հաճախ հնչում է այս օրենքի հասցեին»,-ասել է նախարարը:

Մեկնաբանություններ