Հայկական ակնաբուժության նախագիծ բարեգործական հիմնադրամը (ՀԱՆ ԲՀ) ՀՀ առողջապահության նախարարության հետ և Շաքարախտի համաշխարհային հիմնադրամի աջակցությամբ 2017թ. մարտի 1-ից իրականացնում է «Հայաստանում կուրության կանխարգելում շաքարախտային ռետինոպաթիայից» եռամյա ծրագիրը: Նպատակը շաքարախտով պայմանավորված ակնային հիվանդություններից առաջացող կուրության կանխարգելումն է՝ բարելավված խնամքի և բուժման, բուժծառայությունների և հանրային տեղեկատվության հասանելիության բարձրացման շնորհիվ:
Աշխարհում շաքարային դիաբետով հիվանդացության աճը զուգակցվում է ակնային բարդություններով, այդ թվում՝ շաքարախտային ռետինոպաթիայով: Ենթադրվում է, որ դիաբետ ունեցողների 95 տոկոսը կարող է ունենալ դիաբետի հետևանքով առաջացած ակնային որեւէ ախտահարում, իսկ երեքից մեկի մոտ, ի վերջո, կզարգանա շաքարախտային ռետինոպաթիա: Ենթադրվում է, որ զարգացող երկրներում մինչև 2030թ. շաքարախտային ռետինոպաթիայով հիվանդների թիվը կկրկնապատկվի:
Չափազանց կարեւոր է, որ հիվանդները տեղյակ լինեն շաքարային դիաբետի պատճառով առաջացող ակնային խնդիրներին և ակնաբույժի մշտական հսկողության տակ գտնվեն: Հետազոտությունների համաձայն՝ ազգային ծրագրի իրականացման պարագայում շաքարախտով հիվանդների շրջանում կուրացողների կամ տեսողական խնդիրներ ունեցողների թիվը կիսով չափ նվազում է:
Շաքարախտով պայմանավորված ակնային հիվանդությունները ՀԱՆ ԲՀ-ի ուշադրության կենտրոնում են դեռ 2003թ.-ից` «Լույս հայի աչքերին» ծրագրի մեկնարկից ի վեր:
Իրականացվող նոր ծրագիրն առավել թիրախավորված է և նոր բաղադրիչներ է պարունակում: 2017թ. մարտից մեկնարկած ծրագրով երեք տարում շաքարային դիաբետ ունեցող յուրաքանչյուր հիվանդ ակնային ստուգում անցնելու հնարավորություն կունենա, նոր հատուկ սարքավորման միջոցով կնկարահանվի նրանց ակնահատակը: Շաքարախտային ռետինոպաթիայի ռիսկային խմբում գտնվողները խորացված հետազոտություն կանցնեն Աչքի շարժական հիվանդանոցում կամ ՀԱՆ մարզային ակնաբուժական կենտրոններում՝ հետագա լազերային բուժման կամ վիրահատության նպատակով:
Այս տարի ակնային զննումներ և լազերային բուժում է իրականացվել Կոտայքի, Գեղարքունիքի և Շիրակի մարզերում: 2018թ. դիաբետով հիվանդների ակնային զննումներ և բուժում կիրականացվի Արագածոտնի, Արարատի, Վայոց Ձորի, Արմավիրի մարզերում և Երևանում, իսկ 2019թ.-ին՝ Երևանում: Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերի բնակիչները ծրագրի ողջ ընթացքում կսպասարկվեն ՀԱՆ ԲՀ մարզային ակնաբուժական կենտրոններում:
Տեսական և գործնական դասընթացներ են կազմակերպվել Կոտայքի, Գեղարքունիքի, Շիրակի և Տավուշի մարզերի մասնագետների համար: Միաժամանակ, ներզատաբանների համար կստեղծի շաքարախտով հիվանդների ակնաբուժության թեմայով կրթական ծրագիր, առաջնային օղակի բուժաշխատողներին կտրամադրվեն շաքարախտով պայմանավորված աչքի խնամքի վերանայված կրթական նյութեր։
Ծրագրի շրջանակում մինչև 2020թ. մարտը շուրջ 3.000 հիվանդ լազերային բուժում կստանա կամ կվիրահատվի (որից 500-ը` Շաքարախտի համաշխարհային հիմնադրամի հետ գործակցությամբ), 100 ակնաբույժ, 100 ներզատաբան, 400 ընտանեկան բժիշկ և 400 բուժքույր վերապատրաստում կանցնի, 10.000 մարդու կտրամադրվեն հանրային կրթության տեղեկատվական նյութեր։ Շաքարախտով պայմանավորված ակնային հիվանդությունների կանխարգելման թեմայով կկազմակերպվեն քննարկումներ և կլոր-սեղաններ։
Ծրագրի արդյունքում Հայաստանը կդառնա եզակի երկրներից, որ կունենա շաքարային դիաբետով հիվանդների ակնահատակի լուսանկարի շտեմարան, հնարավոր կլինի շաքարախտային ռետինոպաթիան հայտնաբերել և բուժել զարգացման վաղ փուլում:
Ծրագրի գործընկերներն են ՀՀ ակնաբույժների ասոցիացիան և Շաքարախտի հայկական ասոցիացիան: