Խոսրովի արգելոցում բռնկված հրդեհի հիմնական օջախները մարվել են

«Օգոստոսի 16-ին ժամը 17:30-ի դրությամբ հաջողվել է մարել մնացած 2.5 կմ պարագծում շարունակվող հրդեհի հիմնական օջախները: Ներկա պահին արգելոցում իրականացվում են հետմարման աշխատանքներ: ՀՀ ՌԴ ԱԻՆ «ԻԼ-76» ինքնաթիռը շարունակում է օդային հրդեհաշիջման աշխատանքները՝ ստեղծելով անվտանգության գոտիներ և խոնավ միջավայր՝ օջախների կրկնակի բռնկումը բացառելու նպատակով: Այս պահին Խոսրովի արգելոցի տարածքում անձրև չի տեղում, ՀՀ ԱԻՆ Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության տվյալներով՝ անձրևը սպասվում է ժամը 19:00-ից հետո: Ինքնաթիռի հետագա թռիչքների և լայնածավալ աշխատանքների իրականացման վերաբերյալ որոշումը կկայացվի վաղը առավոտյան՝ հետախուզական տվյալների ուսումնասիրության արդյունքում»:

Այս մասին, ֆեյսբուքյան իր էջում, տեղեկացնում է ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության պետի տեղակալ Նանա Գնդոյանը: