ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:
Այսպես, քրեական գործի նյութերի համաձայն, 2017թ. հոկտեմբերի 25-ին ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում պահվող կալանավոր Ա. Սարգսյանը հայտնել է, որ 2015թ.-ի ամռանը ՀՀ ԱՆ «Հրազդան» ՔԿՀ-ում վիճաբանել է հիմնարկի բժշկի հետ, որի պատճառով նույն ՔԿՀ-ի պետ Վահան Մարգարյանը հայհոյանքներ է տվել իրեն և հանձնարարել տեղափոխել պատժախուց: Կալանավորը նաև հայտնել է, որ մինչ պատժախուց տեղափոխվելը ինքնավնասում է կատարել, որից հետո իրեն տարել են «Հրազդան» ՔԿՀ-ի պետի աշխատասենյակ: Այնտեղ վերջինս, շարունակելով հայհոյանքները, ՔԿՀ-ի այլ պաշտոնատար անձանց ներկայությամբ իրեն ոտքերով հարվածներ է հասցրել:
Վերը նշված դեպքի առթիվ 04.11.2017թ.-ին ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 309.1 հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ: Հաշվի առնելով, որ քրեական գործի նյութերում առկա են պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից կատարված առերևույթ հանցագործության` հատկանիշներ, նշված քրեական գործը քննչական ենթակայության կարգով ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ` հետագա նախաքննությունը կատարելու համար:
Ծանուցում.ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: