Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով հերթական դատական նիստը՝ Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ։
Նշենք, որ նախորդ նիստի ժամանակ ավարտվեց ապացույցների հետազոտման փուլը, որից հետո անցում կատարվեց ամբաստանյալների հարցաքննությանը:
Դատարանը որոշեց առաջինը հարցաքննել Ժիրայր Սեֆիլյանին, սակայն վերջինս հրաժարվեց ցուցմունք տալուց: Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը հայտնեց, որ Ժիրայր Սեֆիլյանն այս գործը համարում է թատերական ներկայացում և չի պատրաստվում ցուցմունք տալ և պատասխանել իրեն ուղղաված հարցերին:
‹‹Անհրաժեշտության դեպքում ինքս հանդես կգամ հայտարարություններով››,- դատարանին հայտնեց Ժ. Սեֆիլյանը:
Ցուցմունք տալուց հրաժարվեց նաև Սասունիկ Կիրակոսյանը:
Այնուհետև հարցաքննվեց ամբաստանյալ Հրայր Թոփչյանը, վերջինս դատարանին հայտնեց, որ ինքը սկզբունքորեն չի հրաժարվում ցուցմունք տալուց և կպատասխանի միայն իրեն ուղղված հարցերին, իսկ ցուցմունք տալու իր իրավունքից կօգտվի այն ժամանակ, երբ կլսի փորձագետին:
Պատասխանելով կողմերի հարցերին՝ Հրայր Թոփչյանը պատմեց, որ ամբաստանյալներից ճանաչում է Հովհաննես Պետրոսյանին, Սասունիկ Կիրակոսյանին, որն իր մտերիմ ընկերն է և Ժիրայր Սեֆիլյանին. ‹‹Սեֆիլյանի հետ հանդիպել եմ միայն առիթների ժամանակ, սակայն նրա քաղաքական գործողությունների որևէ մասը չեմ կազմել››:
Պատմելով Հովհաննես Պետրոսյանին պահ տված զենքերի մասին՝ Հրայր Թոփչյանը նշեց, որ այդ զենքերը եղել են իր զենքերը և իր մոտ գտնվել են 1992-1994թթ.-ից հետո:
‹‹Եղավ մի ժամանակ, որ ես ցանկանում էի այդ զենքերը որոշ ժամանակով հեռացնել իմ տնից և խնդրեցի Հովհաննեսին դրանք պահել, նա էլ համաձայնվեց››, – իր խոսքում նշեց նա:
Հրայր Թոփչյանը դատարանին հայտնեց, որ այդ զենքերը շատ հին էին և գուցե օգտագործման պիտանի էլ չէին, իսկ դատարանում զննված իրեղեն ապացույց հանդիսացող փամփուշտները առհասրակ իրեն չեն պատկանել, քանի որ իր մոտ եղած փամփուշտները եղել են հին և ժանգոտված. ‹‹100 տոկոսով վստահ եմ, որ այդ փամփուշտները իմը չեն, իսկ զենքերը չեմ կարող ասել՝ իմն են եղել, թե ոչ, գուցե դրանք էլ են փոխել››:
Այնուհետև ամբաստանյալը պատմեց, որ զենքերը որոշ ժամանակ Հովհաննեսի մոտ մնալուց հետո, դրանք վերցրել է, ճանապարհին էլ տեղի է ունեցել ավտովթարը և այդ զենքերը հայտնաբերվել են:
‹‹Մեքենային մեկ այլ մեքենա թեթև հարվածեց, որից մի քանի հոգի դուրս եկան և հարձակվեցին վարորդիս վրա: Դրանից հետո ինչ-որ տեղից հայտնվեց մի ավտոտեսուչ և հայտնաբերվեցին այդ զենքերը, որից հետո մեզ տարել են Մաշտոցի բաժին››:
Թոփչյանի խոսքերով այդ մարդիկ շատ լավ իմացել են զենքերի մասին և միտումնավոր սարքել են այդ ավտովթարը, քանի որ ոստիկանության աշխատակիցները պահանջել են բացել բեռնախցիկը և հանել արկղը, որի մեջ եղել են զենքերը և փամփուշտները:
Մեղադրող դատախազի միջնորդության համաձայն՝ հրապարակվեցին ամբաստանյալի նախաքննական ցուցմունքները: Նշենք, որ ցուցմունքներում Հրայր Թոփչանը պատմել է, որ իրեն և Հովհաննեսին ծանոթացրել է Ժիրայր Սեֆիլյանը, և նրանք ցանկացել են գրավել հեռուստաաշտարակը, ինչպես նաև՝ ‹‹Նուբարաշենի›› զորամասը: Թոփչյանը նաև հայտնել էր, որ ցանկացել են կատարել զիված հարձակում՝ իշխանափոխություն անելու նպատակով:
Նախաքննական ցուցմունքը լսելուց հետո Թոփչյանը դատարանին հայտնեց, որ ճիշտ է դատարանում տված իր ցուցմունքը, իսկ մյուս ցուցմունքերը սուտ են, քանի որ իրեն սպառնացել են և պահանջել են տալ նման ցուցմունքներ:
‹‹Քննչական կոմիտեում իմ տված ցուցմունքները իրականության հետ որևէ կապ չունեն, դրանք կորզվել են ինձանից պարտադրանքով››,- ասաց նա:
Մեղադրող կողմը ևս մի քանի հարց ուղղեց ամբաստանյալին, սակայն վերջինս հրաժարվեց դրանց պատասխանելուց:
Այնուհետև ցուցմունք տվեց ամբաստանյալ Հովհաննես Պետրոսյանը, վերջինս հայտնեց, որ Սեֆիլյանի հետ հաճախ չեն շփվել և կապը պահել են «Ֆեսբուք» սոցիալական ցանցի միջոցով: Նա նաև հայտնեց, որ Սեֆիլյանի հանձնարարականով է զենքը ստացել Հրայր Թոփչյանից՝ զինված հարձակումներ կատարելու նպատակով:
«Սեֆիլյանի ծրարգերն իրագործելուց հետ եմ կանգնել, երբ Հրայր Թոփչյանից իմացել եմ, որ ուզում են գրավեն «Նուբարաշենի» զորամասը»,- իր խոսքում նշեց Հովհաննեսը:
Հովհաննես Պետրոսյանը նաև հայտնեց, որ Սեֆիլյանը հերոս չէ. «Չի կարելի հերոս անվանել մի մարդու, որը ցանկանում էր ձեռք բարձրացնել հայ զինվորի վրա»: Վերջինիս այս խոսքերը զայրացրին Գևորգ Սաֆարյաինին, որն ի պատասխան Հովհաննեսի ասաց՝ «Մենք հերոսացնում ենք նրան, ով իսկապես հերոս է»:
Հավելենք, որ Հովհաննես Պետրոսյանը մեղադրյալներից միակն է, որը նախաքննության ընթացքում ցուցմունք է տվել Ժիրայր Սեֆիլյանի դեմ:
Հաջորդ նիստը կկայանա դեկտեմբերի 8-ին: