Թուրքիան հաղթել է ԱՀԿ-ում ԱՄՆ-ի դեմ դատական գործը

Անկարան հաղթել է Առևտրի համաշխարհային կազմակերպությունում (ԱՀԿ) ԱՄՆ-ի դեմ դատական ​​գործը՝ թուրքական պողպատե խողովակների ներմուծման համար սահմանված մաքսատուրքերի վերաբերյալ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի առևտրի նախարարը:

2017 թվականի մայիսին ԱՄՆ վարչակազմը նավթի և գազի արդյունաբերության համար թուրքական պողպատե խողովակների ներմուծման համար լրացուցիչ մաքսատուրքեր է սահմանել։ Այնուհետև, Թուրքիան բողոք է ներկայացրել ԱՀԿ ԱՄՆ-ի դեմ։ Վաշինգտոնի համոզմամբ՝ Անկարան սուբսիդավորել է խողովակների արտադրությունը և այդ պատճառով ԱՄՆ իշխանությունները փոխհատուցման մաքսատուրքեր են սահմանել Թուրքիայի դեմ։ Այս կապակցությամբ Թուրքիայի առևտրի նախարարը հավելել է, որ Թուրքիան նախկինում նման բողոք է ներկայացրել ԱՀԿ նաև Մարոկկոյի դեմ և հաղթել է դատական ​​գործը։

ԱՀԿ պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության համաձայն՝ կողմերը կարող են 60 օրվա ընթացքում բողոքարկել ԱՀԿ-ի կայացրած որոշումը: Բացի այդ, գործի նյութերում նաև նշվել է, որ սույն գործով դատավարությանը որպես երրորդ կողմ ներգրավված են Բրազիլիան, Կանադան, Չինաստանը, ԵՄ-ն, Ճապոնիան, Ղազախստանը, Հարավային Կորեան, Մեքսիկան, Ռուսաստանը, Սաուդյան Արաբիան և Միացյալ Արաբական Էմիրությունները: