Թոռը տատի մահից հետո ամիսներ շարունակ ստացել է վերջինիս թոշակը

Կարեն Ալիխանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2015թ մայիսի 30-ին իր տատի՝ Դիլիջան քաղաքի բնակչուհի Հասմիկ Ասատրյանի մահից հետո իր մոտ վերցնելով վերջինիս կենսաթոշակի ստացման բանկային քարտը, լռություն դրսևորելով և նրա մահվան լուրը չհաղորդելով համապատասխան մարմիններին, 4 ամիս շարունակ բանկոմատից գումարը կանխիկացնելու եղանակով, խաբեությամբ հափշտակել է ընդհանուր 129540 ՀՀ դրամ, պետությանը պատճառելով զգալի չափերի գույքային վնաս:

Գործը քննվել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Ռաֆիկ Մելքոնյանի նախագահությամբ:

Տուժողի ներկայացուցիչը հայտնել է դատարանում, որ լիազորված է հաշտվելու ամբաստանյալ Կարեն Ալիխանյանի հետ նկատի ունենալով, որ հանցագործությամբ պատճառված վնասը վերականգնվել է, իսկ ամբաստանյալն իրեն մեղավոր է ճանաչել է և զղջացել է կատարածի համար:

Դատարանը քննության առնելով տուժողի ներկայացուցչի փաստարկները, լսելով դատախազի կարծիքը, ամբաստանյալի դիրքորոշումը, ուսումնասիրելով գործի նյութերը, հանգել է այն հետևության, որ տուժողը հաշտվել է ամբաստանյալի հետ, վերջինս համաձայն է այդ հիմքով գործի վարույթը կարճել: Սույն պայմաններում դատարանը կիրառելի է համարում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183 հոդվածի 1-ին մասը, համաձայն որի` 178 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության վերաբերյալ գործերը հարուցվում են ոչ այլ կերպ, քան տուժողի բողոքի հիման վրա և ամբաստանյալի հետ նրա հաշտվելու դեպքում ենթակա են կարճման:

Արդյունքում, դատարանը որոշել է քրեական գործի վարույթը ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 1-ին մասով կարճել և այդ հոդվածով ամբաստանյալ ԿԱրեն Ալիխանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել, ինչպես նաև ամբաստանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոցը ստորագրություն չհեռանալու մասին վերացնել:
Իրեղեն ապացույց ճանաչված և քրեական գործին կցված Գայանե Ասատրյանի անվամբ բանկային քարտը ոչնչացվել է:

Ծանուցում. Նյութը վերցված է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից, իսկ անունները փոփոխված են:

Մեկնաբանություններ