Թեյմուրազյանն ընդդեմ Հայաստանի․ պետությունը կվճարի 11.700 եվրո

Դիմումատուն՝ Վարդան Թեյմուրազյանն ազգությամբ հայ է, ծնվել է 1957 թվականին և ապրում է Երևանում։ Դիմումատուն գլխավորապես բողոք է ներկայացրել, քանի որ հայկական օրենսդրությունը ոչ նյութական (բարոյական) վնասի փոխհատուցում չի ապահովել նրա հանդեպ վատ վերաբերմունքի և անօրինական կալանավորման համար։ 2005 թվականի ապրիլին Թեյմուրազյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել՝ ճանապարհային ոստիկանության երկու աշխատակիցների վրա հարձակում գործելու պատճառով, և Դիմումատուն կալանավորված է եղել մեկ և կես ամիս ժամկետով։ 2006 թվականին Դիմումատուն արդարացվել է, քանի որ դատարանը արձանագրել է, որ ոստիկանության աշխատակիցներն են բռնություն գործադրել և վնաս պատճառել Դիմումատուին։ Դատարանը նաև արձանագրել է, որ Դիմումատուի ձերբակալումը և կալանավորումն անօրինական են։ Ոստիկանության աշխատակիցները երբեք դատական հետապնդման չենթարկվեցին, քանի որ 2006 թվականի նոյեմբերին Դիմումատուի գործով Վերաքննիչ դատարանը նշել է, որ Հայաստանի օրենսդրության համաձայն հնարավոր չէ վերսկսել դատավարությունը, եթե դատախազությունը նախապես որոշել է մեղադրանք չառաջադրել ոստիկանության աշխատակիցներին, ինչպես դա կատարվել է 2005 թվականի հունիսին։

Թեյմուրազյանի ներկայացրած քաղաքացիական հայցը ոչ նյութական վնասի փոխհատուցման համար մերժվել է այն հիմքով, որ նման փոխհատուցում նախատեսված չէ ներքին օրենսդրությամբ։

Դիմումատուն բողոքել է իր կրած ոչ նյութական (բարոյական) վնասի փոխհատուցումը չապահովելու, իր նկատմամբ վատ վերաբերմունքի և իրեն ապօրինի կերպով ձերբակալելու և կալանավորելու անօրինականության մասին։ Դիմումատուն իր հայցի մեջ նշել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 13-րդ հոդվածի (իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք) խախտում և 5-րդ հոդվածի 5-րդ կետի (հայցի ուժով օժտված փոխհատուցման իրավունք) խախտում։

Այսպիսով, հետևյալ հիմքերի առկայությամբ դատարանը գտնում է բավարար՝ կոնվենցիայի 13-րդ հոդվածի և 5-րդ հոդվածի 5-րդ կետի խախտումն արձանագրելու համար։ Դիմումատուի հայցի արդարացի փոխհատուցումը բավարարելու համար ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ Հայաստանը պարտավոր է Դիմումատուին ոչ նյութական վնասների հատուցման համար վճարել 11.700 եվրո և 500 եվրո՝ դատական ծախսերի համար։