«Ընդհանուր կարգով գործի քննության ժամանակ դատարանը անում է 15 քայլ, արագացված դատաքննության դեպքում՝ ողջամտորեն պետք է անի 4 կամ 5 քայլ». Տիգրան Մարկոսյան

Արագացված  դատաքննության և  պարզեցված վարույթների մասին Legalinfo.am-ը զրուցել է ՀՀ արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման եվ իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Մարկոսյանի հետ:

Ի՞նչ է իրենից  ներկայացնում արագացված դատաքննությունը քաղաքացիական դատավարությունում։

-Վերջերս ընդունվեց  Քաղաքացիական դատավարության նոր օրենգիրքը, և դրանում առկա են ոչ միայն արագացված դատաքննությունը, այլ պարզեցված մի քանի այլ ընթացակարգեր, մասնավորապես՝ հեռակա դատաքննություն, պարզեցված վարույթ, արագացված դատաքննություն և վճարման կարգադրություններ:

Արագացված դատաքննությունը իրականում նորություն չէ մեր քաղաքացիական դատավարության օրենսդրությունում։ Այնուամենայնիվ` այստեղ  մենք որոշակի փոփոխություններ ենք կատարել, որովհետև գործող խմբագրությամբ, այսինքն՝ մինչև նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձման օրը գործող քաղաքացիական դատավարության օրենսդրությունն այդքան էլ հստակ չի սահմանում, թե ո՞ր դեպքերում  է արագացված դատաքննությունը կիրառվում, ո՞րն է հիմքը կիրառման, ո՞րն է պայմանը և այլն: Այս անորոշություններն արդեն վերացված են  Քաղաքացիական դատավարության նոր օրենսգրքում, և  սահմանված են կոնկրետ հիմքեր, որոնց դեպքում պետք է կիրառվի արագացված դատական գործընթաց: Ինչ վերաբերում է արագացված դատաքննության ինստիտուտի էությանը, ապա պետք է նշել, որ կիրառելի է բանավոր լսումներ չպահանջող գործերով, այսինքն այն պարագայում, երբ փաստաթղթային դատավարությունը լիարժեք բավարար է օբյեկտիվ, բազմակողմանի, լրիվ քննություն իրականացնելու և հիմնավորված և  պատճառաբանված դատական ակտ կայացնելու համար:

-Ի՞նչ կարգով է իրականացվում արագացված դատաքննությունը:

– Արագացված դատաքննությունը, ըստ երևույթին,  կիրառվում է  այդ մասին դատարանի համապատասխան որոշմամբ, որը կարող է կայացվել ոչ շուտ,  ոչ շուտ, քան պատասխանողի համար սահմանված պատասխան ներկայացնելու ժամկետի լրանալն է: Նման կարգավորումը նպատակ է հետապնդում ապահովելու պատասխանողն դիրքորոշման արտահայտումը կամ առնվազն նման հնարավորության երաշխավորումը, և նման պայմաններում դատարանի կողմից հիմնավոր որոշման կայացումը արագացված դատաքննության կիրառման վերաբերյալ ։ Բանը նրանում է, որ պատասխանողի  փաստարկներն կարող են այնպիսին լինել, որ այդ պայմաններում ակնհայտ է, որ մենք պետք է ունենանք բանավոր լսումներ. անհրաժեշտ է փորձաքննություն նշանակել, վկա կանչել և այլն: Ահա այս դեպքերում մենք, բնականաբար, կբացառենք արագացված դատաքննության կիրառումը: Այնուամենայնիվ, եթե դատարանը պատասխան ստանալուց կամ սահմանված ժամկետում պատասխան չստանալու դեպքում եզրահանգում է, որ կան արագացված դատաքննություն կիրառելու հիմքեր,  որոշում է կայացնում արագացված դատաքննություն կիրառելու մասին, որից հետո՝ 15 օրյա ժամկետում, հրապարակվում է եզրափակիչ դատական ակտը, այսինքն՝ հարցը լուծող կամ վարույթը եզրափակող դատական ակտը: Ակնհայտ է, որ սա խիստ սեղմ ժամկետ է և ի տարբերություն մյուս վարույթների՝ մենք ունենում ենք ժամանակի մեծ խնայողություն, ինչը, մեծ հաշվով, բոլոր կողմերի համար շահեկան է: Շահեկան է նույնիսկ այն պատասխանողի համար, ով վերջնաարդյունքում ունենալու է իր դեմ վճիռ։ Ինչո՞ւ. որովհետև, եթե սովորական դատավարություն լիներ, այսինքն՝  ընդհանուր հիմունքներով դատավարություն տեղի ունենար, ապա հայցվորը, եթե փաստաբանի միջոցով  ներկայացվեր, ապա ծաղսերն օրըստօրե կմեծանային (որքան երկար տևի դատավարությունը, այնքան մեծ կարող է լինել վարձատրությունը):

Այսպիսով, եթե ընդհանուր կարգով գործի քննության ժամանակ դատարանը անում է 15 քայլ, այս ընթացակարգի դեպքում ողջամտորեն պետք է անի  4 կամ 5 քայլ, այսինքն՝ 10 քայլին ուղղված ջանքերի գործադրումից դատարանը զերծ կմնա՝ խնայելով իր ժամանակը և այն ուղղելով այլ գործերի քննությանը:

-Ի՞նչ խնդիրներ է առաջացնում դատաքննության արագացված կարգը,  ի՞նչ բասացական կողմեր ունի։

-Որպես այդպիսին, ես բացասական կողմեր չեմ դիտարկում, որովհետև, եթե մենք ունենք մրցակցային դատավարության պայմաններում  լռելյայն գործող պատասխանող կամ ունենք պատասխանող, որը, համաձայն լինելով փաստերի հետ, վիճում է միայն կիրառելի իրավունքի շուրջ, այսինքն՝ առկա է զուտ  իրավական վեճ է, որն ըստ էության դատարանի գնահատման տիրույթում է, և դատավորն է այն կոնկրետ պաշտոնատար անձը, որը պետք է գնահատական տա և  վերջնական որակում տա իրավահարաբերությանը, ապա կողմերին բանավոր լսելու և գործի քննության տևողությունը երկարացնելու, հարցը ծանրացնելու կարիք, միանշանակ, Արդարադատության նախարարությունը չի տեսնում:

-Պարզեցված վարույթի էությունն ու այս ինստիտուտի  անհրաժեշտությունն ինչո՞ւմ է կայանում։

-Պարզեցված վարույթների դեպքում գործողությունների հաջորդականությունը մի փոքր այլ է, բայց այս վարույթի բնականոն ընթացք առնչությամբ ևս մենք որևէ խնդիր չենք դիտարկում: Ինչի՞ն է հանգում պարզեցված վարույթի էությունը, այս ինստիտուտի անհրաժեշտությունը: Նախ գործնական  ուսումնասիրությունները ցույց են տվել, որ գույքային պահանջներով, որպես կանոն պահանջների շեմը չի անցնում 2 մլն ՀՀ դրամը, և այս առնչությամբ ակնհայտ է, որ որպես կանոն դրանք ուղեկցվում են փաստաթղթվորված պահանջներով, այսինքն, այն, ինչ  որ պնդում է հայցվորը (խոսքը հիմնականում վերաբերում է ֆինանսական ոլորտին և այն ոլորտներին, որտեղ սուբյեկտները գործում են գրավոր պայմանագրերի հիմքով) հիմնավորված է գրավոր ապացույցներով։ Ուստի այստեղ ևս ունենք փաստաթղթային դատավարություն իրականացնելու հնարավորություն: Օրենքում  սպառիչ սահմանված են այն հիմքերը, որոնց պայմաններում պարզեցված վարույթ չի կարող կիրառվել, և այդ բացառման կանոնով,  եթե մենք ունենում  են դրական պատասխան, պարզեցված վարույթի կիրառումը դառնում է անհրաժեշտություն: Այն իրականացվում է հետևյալ կարգով՝ հայցադիմումը ընդունվում է վարույթ, ուղարկվում է պատասխանողին, պատասխանողը պատասխան է ներկայացնում կամ օգտվելով իրավունքից՝  լռում է, որից հետո   դատարանը 7 օրյա  ժամկետում կայացնում է պարզեցված  վարույթ կիրառելու մասին որոշում:

Այստեղ մտահոգությունները, որոնք ինձ հասել  են, հետևյալի շուրջ է, իսկ եթե պատասխանողը չի ստանում հայցադիմում, ինչպես ենք այս  հաշվարկներն իրականացվում: Սա շատ կարևոր հարց է, որին  կցանկանայի անդրադառնալ: Մասնավորապես՝այս խնդիրը այսօր էլ է արդիական։

Ինչո՞ւ. որովհետև եթե պատասխանողը չի ստանում հայցադիմումը, այսինքն՝ ընդհանրապես տեղյակ չէ գործի մասին, մենք սկզբունքորեն դատական նիստեր իրականացնել չենք կարող, և նոր չէ, որ հարցը պետք է մտահոգեր ընդհանրապես։ Բայց այս խնդիրը, բնականաբար, Քաղաքացիական դատավարության նոր օրենսգիրքը մշակող աշխատանքային խումբը հաշվի է առել, և տրված են լուծումներ, մասնավորապես՝ Օրենսգրքի 99 հոդվածով սահմանված է նաև ֆիկցիայի հնարավորությամբ փաստաթուղթը հանձնելու հարցը։ Այսինքն՝ այն դեպքերում, երբ  անձը չի ստանում համապատասխան փաստաթուղթը, կամ հրաժարվում է ստանալ, կամ հասցեն անհայտ է և այլն,   մենք սահմանել ենք որոշակի մեխանիզմներ, թե  որ դեպքում դատարանից ուղարկված փաստաթուղթը, կհամարվի անձին հանձնված, և, այս գործիքը համադրելով քննարկվող վարույթի հետ, միանշանակ կարող ենք պնդել, որ այս առումով գործնականում խնդիրներ պետք է չառաջանան:

-Պարզեցված վարույթ կիրառելու մասին որոշումից հետո, դատարանն ի՞նչ ժամկետում է դատական ակտ կայացնում:

-Հետևյալն է սահմանված՝ վարույթի մասին որոշում կայացնելուց հետո, ընդհամենը  2 շաբաթ  է տրվում պատասխանողին, ավելի ճիշտ գործին մասնակցող բոլոր անձանց, իրենց միջնորդությունները, փաստարկները և փաստաթղթերը ներկայացնելու համար: Այս ժամկետը անցնելուց հետո  մեկ ամսում էլ դատարանը, համապատասխանաբար, պետք է վճիռը կայացնի: Այսինքն՝ ի սկզբանե  պարզեցված վարույթ կիրառելու  մասին որոշում կայացնելուց հետո  դատարանը սահմանում է վճռի հրապարակման ժամը և վայրը՝ ողջամտորեն 1 ու կես ամսվա կտրվածքով: Այնուհետև, եթե ինչ-ինչ պատճառներով ծանուցումները  ուշ կլինեն և այլն, դատարանին,տրված է հնարավորություն՝ վճռի հրապարակման վայրը և ժամը փոխելու  մասին: Այսինքն՝ այս գործիքը ևս տրված է, որը, որպես կանոն, պետք է լինի բացառություն, քան օրինաչափություն։ Այլ կերպ՝  դատարանները գործնականում, հասկանալով տվյալ ինստիտուտի կիրառման առանձնահատկությունները և ողջամտորեն պահանջվող ժամկետները, հետագայում կձևավորեն որոշակի մշակույթ, և պարզեցված վարույթ կիրառելու որոշման մեջ կնշեն եզրափակիչ դատական ակտի հրապարակման այնպիսի ժամկետ, որի փոփոխման կարիքը, որպես կանոն, չի առաջանա:

Պարզեցված վարույթի ընդհանուր բնութագիրը սա է, և պետք է նշել, որ օրենքով նաև սահմանված է պարզեցված վարույթի կիրառումից նահանջի հնարավորություն դատարանի համար։ Այսինքն, երբ  պարզեցված վարույթ կիրառելու մասին որոշում կկայացվի, և կողմերը կբերեն այնպիսի միջնորդություններ և ապացույցներ կամ փաստարկներ, որոնք կվկայեն պարզեցված վարույթ կիրառելու անթույլատրելիության հիմքերի ծագման մասին, այդ դեպքում դատարանը որոշում է կայացնում պարզեցված վարույթը դադարեցնելու և գործը ընդհանուր կարգով քննելու մասին։  Ինչպես տեսնում եք կառուցակարգերն  անպիսին են, որ որևէ կերպ չվնասվեն գործին մասնակցող որևէ անձի իրավունքները, և կողմերը ունենան հնարավորություն իրավահավասարության և մրցակցության պայմաններում իրենց դատավարությունը իրականացնելու համար:

 

Մեկնաբանություններ