Զինծառայողները կանցնեն առողջական վիճակի համալիր հետազոտություն և բժշկական փորձաքննություն զինվորական ծառայությունից արձակվելուց անմիջապես հետո. օրենսդրական նախագիծը

ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը հայտարարել է օրենսդրական նախագիծ ներկայացնելու մասին: Պատգամավորը «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել.
«Այս նախաձեռնությամբ առաջարկում ենք, որ զինվորական ծառայությունից արձակված շարքային եւ սպայական կազմերի պարտադիր զինծառայողներն անցնեն առողջական վիճակի համալիր հետազոտություն եւ բժշկական փորձաքննություն զինվորական ծառայությունից արձակվելուց անմիջապես հետո: 
Եթե եզրակացությամբ հաստատվում է, որ անձի առողջական վիճակը վատթարացել է զինվորական ծառայության ընթացքում եւ պատճառով, ապա պետությունը պարտավորվում է ապահովել անձի առողջության առաջնահերթ եւ անվճար վերականգնումը։

Այս նախաձեռնությամբ լուծվում են մի քանի կարեւոր խնդիրներ՝
– անձի ազատում ոչ իր մեղքով, զինվորական ծառայության ընթացքում եւ պատճառով իր առողջության վատթարացման հետեւանքների վերացմանն ուղղված ֆինանսական ծախսերից,
– զինվորական ծառայության ընթացքում եւ պատճառով առաջացած առողջության վատթարացման պատճառահետեւանքային կապի որոշակիացում,
– զինվորական ծառայության անցնելիս պարտադիր բժշկական հետազոտության եւ դրա եզրակացության որակի բարձրացում,
– վեճերի լուծման վարչական եւ դատական ռեսուրսների խնայում,
– զինված ուժերի եւ պետության նկատմամբ հասարակության վստահության բարձրացում» ։

Նախագիծն ամբողջական՝ այստեղ: