Երկրների վարկանիշային աղյուսակում Հայաստանը 6 հորիզոնականով նահանջել է․ ՀԲ-ի Doing business զեկույց

Համաշխարհային բանկի (ՀԲ) Doing business՝ գործարարությամբ զբաղվելու դյուրինության 2020 թվականի զեկույցում երկրների վարկանիշային աղյուսակում Հայաստանը 6 հորիզոնականով նահանջել է։ Ըստ Համաշխարհային բանկի, Հայաստանը բիզնեսով զբաղվելու դյուրինությամբ 190 երկրների ցանկում 47-րդ է՝ Բելգիայի և Մոլդովայի հարևանությամբ։

Երկրների ընդհանուր վարկանիշը ձևավորվում է 10 ցուցանիշների համեմատության արդյունքում, որոնցից յուրաքանչյուրն ազդում է աղյուսակում պետության զբաղեցրած հորիզոնականի վրա։ Այդ ցուցանիշներն են գործունեության գրանցումը, շինթույլտվությունների ստացումը, սեփականության գրանցումը, վարկերի տրամադրումը, փոքր բաժնետերերի պաշտպանությունը, հարկահավաքումը, միջազգային առևտուրը, անվճարունակության թույլտվությունը, էլեկտրաէներգիայի մատակարարումը։

Եվ այսպես, Հայաստանի ամենացածր ցուցանիշը փոքր բաժնետերերի պաշտպանությունն է, այս արդյունքում Հայաստանը 120-րդն է աշխարհում, ցածր է նաև անվճարունակության թույլտվության ցուցանիշը, այս մասով էլ 95-րդն է։

Ըստ համաշխարհային բանկի, անցած տարվա համեմատ բարձրացել են շինթույլտվությունների տրամադրումների, հարկահավաքման և արտաքին առևտրի ցուցանիշները։ Որոշ ցուցիչներով էլ Հայաստանն առաջատար դիրքեր է զբաղեցնում, գործունեության գրանցման ցուցանիշով 10-րդն է, սեփականության գրանցման մասով 13-րդը։

Համաշխարհային բանկի Doing business զեկույցին անդրադարձել են կառավարության նիստի ընթացքում, ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցադրմանը, թե ինչո՞ւ է Հայաստանն աղյուսակում 6 հորիզոնականով նահանջել, Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ասել է՝ զեկույցում ընդհանուր վարկանիշային աղյուսակից զատ նաև երկրների յուրաքանչյուր ցուցանիշով հավաքած միավորների մասին տվյալներ կան. Հայաստանն ընդհանուր առմամբ 74,5 միավոր է հավաքել։

«Նախորդ տարվա 2019-ի համար նույն մեթոդաբանությամբ տրված գնահատականի նկատմամբ առաջընթաց է արձանագրել 1,3 միավորով, այսինքն՝ մենք նախորդ տարվա մեր վիճակի համեմատությամբ ունենք առաջընթաց։ Չնայած մենք ինքներս մեր նկատմամբ բարելավում ենք արձանագրել, բայց գնահատման ամբողջ պատկերի մեջ 46 երկրներ կան, որոնք ավելի մոտ են առաջին հորիզոնականը զբաղեցնող երկրին», – ասել է Տիգրան Խաչատրյանը։

Նախարարը փոքր բաժնետերերի պաշտպանության այսչափ ցածր արդյունքը պայմանավորում է Համաշխարհային բանկի այս ցուցանիշի հաշվարկման մեթոդաբանության փոփոխությամբ։ Ըստ Խաչատրյանի, եթե առաջ այս մասով հաշվի էին առնում միայն իրավական կարգավորումներն, ապա այս տարի հաշվի են առել նաև բորսային շուկայում մասնավոր բաժնետերերի քանակը, որոնք բաժնետոմսեր են շրջանառում։

Այս կապակցությամբ ՀՀ վարչապետը նշել է, որ բորսային շուկաների հարցը կառավարության օրակարգի կարևոր խնդիրներից մեկն է։
ԿԲ նախագահը այս թեմայով քննարկման ավարտին հայտարարել է՝ իրենք Համաշխարհային բանկի զեկույցում փոքր բաժնետերերի պաշտպանության ցուցանիշում տեխնիկական սխալ են հայտնաբերել, որի շտկման դեպքում Հայաստանը կհանգրվանի 37-րդ տեղում։

Ըստ զեկույցի, բիզնեսով զբաղվելու դյուրինությամբ աշխարհի առաջատար երկիրը Նոր Զելանդիան է։
Հարևան երկրներից Թուրքիան և Ադրբեջանը համապատասխանաբար զբաղեցնում են 33-րդ և 34-րդ հորիզոնականը, Իրանը 127-րդն է, իսկ Վրաստանը լավագույն տասնյակում է՝ զբաղեցնելով 7-րդ հորիզոնականը։