Երեք ամսվա ընթացքում ՄԱԿ-ը 64 բողոք է ստացել՝ իր աշխատակիցների կողմից իրականացված սեռական բնույթի հանցագործությունների վերաբերյալ

Ընթացիկ տարվա հուլիս ամսվանից մինչև սեպտեմբեր ամիսը ՄԱԿ-ը ստացել է 64 բողոք՝ ՄԱԿ-ի գործակալություններում սեռական շահագործման և բռնության դեպքերի վերաբերյալ, որոնց արդյունքում, ենթադրաբար, տուժել է 77 անձ: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի մամուլի քարտուղար Ստեֆան Դյուժարրիկը:ՄԱԿ ներկայացված 64 գործից 6-ում մեղադրվում են խաղաղապահները, 33 գործ վերաբերում է ՄԱԿ-ի գործակալություններին և համակարգի աշխատակիցներին և 25 գործ` ՄԱԿ-ի գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներին, որոնք զբաղվում են ՄԱԿ-ի ծրագրերի իրականացմամբ: Վերոգրյալ դեպքերից 30 միջադեպ տեղի է ունեցել այս տարի, իսկ մյուսները՝ նախորդ տարիներին:

«Պետք է հաշվի առնել այն փաստը, որ ՄԱԿ ներկայացված բողոքներից մի քանիսը դեռևս գտնվում են գնահատման փուլում»,-նշել է Ստեֆան Դյուժարրիկը լրագրողներին տված իր հարցազրույցի ժամանակ և հավելել է, որ եռամսյակային նման զեկույցներ ներկայացնելով՝ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը մտադիր է սեռական շահագործման և բռնության դեպքերի առնչությամբ թափանցիկ և արդյունավետ հետաքննություն ապահովել:

ՄԱԿ-ի հաղորդած տեղեկությունների համաձայն՝ սեռական հանցագործության 77 զոհերից 42-ը կանայք են, իսկ 24-ը՝ աղջիկներ: Սակայն զոհերի ցուցակը ներառում է նաև երկու տղամարդկանց և մեկ տղայի անուններ: Ութ դեպքերում զոհերի սեռը և տարիքը չեն հաղորդվել:

Այսպիսով, 55 հայցվորներ մեղադրել են պատասխանող կողմերին սեռական շահագործման ենթարկելու, վստահությունը և պաշտոնեական դիրքը չարաշահելու և հարկադրաբար սեռական ակտ իրականացնելու մեջ: 16 գործերի մեջ բողոքը վերաբերում է սեռական բնույթի բռնի գործողություններին, իսկ 4 դեպքերում՝ խախտումների բնույթը դեռևս անհայտ է: ՄԱԿ-ի փորձագետների ներկայացրած զեկույցների համաձայն՝ պատասխանող կողմերի ցուցակում են 66 տղամարդիկ և մեկ կին (երկուսի սեռը նշված չէ):

«Մենք շարունակում ենք ամրապնդել սեռական շահագործման դեմ պայքարի գործընթացում ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի կողմից իրականացվող ռազմավարության միջոցները»,- շեշտել է Դյուժարրիկը: Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբերին ՄԱԿ-ը սկսել է իրագործել կազմակերպության համակարգում սեռական բնույթի հանցագործությունների վերացմանն ուղղված ծրագիրը: Ծրագրին աջակցություն են հայտնել ՄԱԿ-ի 49 անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարներ, ՄԱԿ-ի գործակալությունների 22 ղեկավարներ և այլ կազմակերպությունների 72 ղեկավարներ:

Բացի այդ, վերջերս ՄԱԿ-ը ներկայացրել է նոր էլեկտրոնային բազա, որը հնարավորություն է տալիս բացահայտել ՄԱԿ-ի այն աշխատակիցներին, որոնք ազատվել են աշխատանքից իրենց դեմ ներկայացված բողոքների պատճառով կամ հեռացվել են պաշտոնից՝ իրենց դեմ իրականացված հետաքննության գործընթացի ժամանակ: