ՀՀ Փաստաբանների պալատի խորհրդին
Անի Լավրենտի Կաղինյանից
(ք.Երևան Ավան-Առինջ 3/2, բն 25)
01.08.2017թ.
Բացատրություն
Սույնով հայտնում եմ, որ Թեհմինե Ենոքյանի հետ ծանոթ եմ 2012 թվականից, ծանոթացել ենք Մաշտոցի պուրակի պահպանման համար պայքարի ժամանակ: Արուսյակ Հայրապետյանի հետ ծանոթացել եմ ֆեյսբուկ սոցիալական ցանցով մի քանի տարի առաջ:
«Ազատություն և հայրենիք» հիմնադրամին, որպես աջակից սատարել եմ հիմնադրման օրվանից, իսկ 2017թ. փետրվարի 1-ից ստանձնել եմ «Ազատություն և հայրենիք» բարեգործական հիմնադրամի տնօրենի պարտականությունները:
«Ազատություն և հայրենիք» հիմնադրամի հիմնադիրը հանդիսանում է Արուսյակի հայրը՝ Ֆելիքս Հայրապետյանը: Արուսյակ Հայրապետյանը հիմնադրամի հիմնադրման օրվանից հանդիսանում է հոգաբարձուների խորհրդի անդամ, իսկ 2017 թվականի փետրվարի մեկից զբաղեցնում է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնը: Թեհմինե Ենոքյանը հիմնադրման օրվանից հանդիսանում է «Ազատություն և հայրենիք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ:
Ազատություն և հայրենիք» հիմնադրամը սկզբից, այն է՝ 2016թ. օգոստոսի 17-ին բացվել է Սասնա Ծռերի խմբի գործողություններից հետո և կրել է այդ անունը։ 2016թ. նոյեմբեր ամսին ծագել են տարաձայնություններ Սասնա Ծռեր խմբի անդամների ընտանիքների, աջակիցների մի կողմից և հիմնադրամի անդամներ Արուսյակ Հայրապետյանի ու Ֆելիքս Հայրապետյանի միջև, հատկապես տարաձայնությունները առաջացել էին Շվեյցարիայում Արուսյակ Հայրապետյանի անվամբ գրանցված և հիմնադրամին Paypal համակարգով փոխանցվող միջոցների պահպանման և փոխանցման թափանցիկության՝ հաշվետվությունների վերաբերյալ։ 2016թ. դեկտեմբերին հիմնադրամը Սասնա Ծռեր խմբի անդամների ուղիղ պահանջով անվանափոխվեց «Սասնա Ծռեր»-ից և դարձավ «Ազատություն և Հայրենիք» հիմնադրամ։
Հիմնադրամի հայտարարած գործունեության նպատակն է եղել բարոյական, հոգեբանական, ֆինանսական, իրավաբանական և բժշկական աջակցություն ցուցաբերել ՀՀ-ում քաղբանտարկյալներին, քաղհալածյալներին, հանիրավի ձերբակալվածներին և նրանց ընտանիքներին։
Արուսյակ Հայրապետյանը հիմնադրամի շրջանակում ֆինանսական միջոցներ հայթայթելու նպատակով մեկնել է եվրոպական տարբեր քաղաքներ և կազմակերպել այնտեղ միջոցառումներ, նա ապահովում էր հիմնադրամի արտաքին, միջազգային կապերը։ Թեհմինեի գործառույթը եղել է ապահովել լրատվական կապը, նկարահանումները, ինչը արել է թերացումներով, մասնավորապես բոլոր այն տեսանկարահանվող ծրագրերը, որոնք նախանշված էր իրականացնել հիմնադրամի գործունեության թափանցիկությունն ապահովելու համար չեն արվել կամ մնացել են կիսատ։
Իմ՝ հիմնադրամին միանալուց, տնօրենի պարտականությունները ստանձնելուց հետո նշված անձինք կոնկրետ «Սասնա Ծռեր» խմբի անդամներին, նրանց ընտանիքներին որևէ աջակցություն չեն ցուցաբերել, բացի երեք ընտանիքներից, ովքեր վերստին դիմում են ներկայացրել հիմնադրամի շահառու դառնալու համար:
Արթուր Սարգսյանի մասով հայտնեմ, որ իր կենդանության օրոք հիմնադրամի հետ նրա միակ կապը եղել է նրա մոր՝ Դոնարա Պետրոսյանի, դիմումը իրեն շահառու համարելու մասին
2017թ. փետրվար ամսից ես անձամբ սկսել եմ ստանալ և Արուսյակին փոխանցել նամակներ ՀՀ փաստաբանների պալատից, կապված Տ. Եգորյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի հետ: Այդ կապակցությամբ բազմաթիվ քննարկումներ եմ ունեցել Արուսյակի հետ ու եզրակացրել եմ, որ նրա ու Թեհմինեի կողմից կանխակալ վերաբերմունք կա Արթուր Սարգսյանի պաշտպաններից Տիգրան Եգորյանի նկատմամբ: Նրանց վերաբերմունքը միանշանակ չէր նաև Արթուր Սարգսյանի անձի նկատմամբ: Արուսյակ Հայրապետյանը հիմնադրամի բոլոր աշխատողներին և սատարողներին հորդորում էր չմասնակցել Հաց բերողին աջակցելուն ուղղված ակցիաներին նրա հացադուլի ընթացքում 2017թ փետրվար ամսին՝ պատճառաբանելով, որ դրանք ուղղորդված են իշխանության կողմից։ Բացի վերոգրյալից նշեմ, որ Արուսյակ Հայրապետյանը հիմնադրամի տիրապետության տակ գտնվող և Արթուր Սարգսյանին վերաբերող ամբողջ տեղեկատվությունը, որը պահվում էր առանձին թղթապանակով, պահում էր բացառապես իր տիրապետության տակ։
13.01.2017թ. որպես աջակից այցելել եմ հիմնադրամ ու պատահական իմացել, որ Հաց Բերող Արթուր Սարգսյանը հյուրընկալվելու է հիմնադրամում: Հանդիպումը կազմակերպել էր այդ ժամանակ հիմնադրամի հոգաբարձու Եղիշե Պետրոսյանը: Հանդիպումը տևեց մոտ երկու ժամ, ներկա էին մոտ 10 անձ՝ Արուսյակ Հայրապետյան, Թեհմինե Ենոքյան, Եղիշե Պետրոսյան, Նատալիա Վիադեռնի, ես և այլոք: Հիշյալ հանդիպման ընթացքում Արթուր Սարգսյանը հստակ արտահայտեց իր դիրքորոշումը իր պաշտպանների վերաբերյալ ու պահանջեց Արուսյակ Հայրապետյանից և Թեհմինե Ենոքյանից չխառնվել իր և իր փաստաբանների գործերին, ասելով, որ ինքը նրանց անվերապահորեն վստահում է, և իր գործով բոլոր գործողությունները համաձայնեցված են միմյանց հետ։ Տեսնելով, որ նրանք չեն ուզում հասկանալ դա, արդեն խիստ տոնով կրկնեց նույնը, ինչին Արուսյակ Հայրապետյանը վրդովված ասաց, որ առաջին անգամ է տեսնում, որ մարդ զբաղվի իր պաշտպանների պաշտպանությամբ:
Նշեմ նաև, որ հանդիպման ժամանակ Արթուր Սարգսյանը հատուկ դիմեց Թեհմինե Ենոքյանին՝ ուղիղ մեղադրելով նրան մասնագիտական էթիկայի խախտման մեջ, Սարի Թաղի իրադարձությունների տեսագրությունը, առանց անձանց դեմքերը փակելու հրապարակելու համար, ինչի արդյունքում շատերը հայտնվեցին ճաղերի հետևում։ Թեհմինե Ենոքյանը կոպիտ կերպով արձագանքեց՝ սկսեց ագրեսիվորեն արդարանալ ասելով, որ իր տեսանյութը կապ չունի այդ ամենի հետ, որ ոստիկանությունն իր տեսանյութն ուներ և այլն, իսկ Արթուր Սարգսյանն ասաց. «Դու դատարկեցիր իմ Սարի Թաղը»։ Հանդիպումից հետո նկարվեցինք Արթուր Սարգսյանի հետ, նկարվելուց առաջ, սակայն, Թեհմինե Ենոքյանը ինձ ասաց. «Լա՞վ ես մտածել, ում հետ ես նկարվում, ամեն անարժան մարդու հետ պետք չի նկարվել»։
Տիգրան Եգորյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի շրջանակներում Արուսյակ Հայրապետյանն ու Թեհմինե Ենոքյանը արդեն իսկ բարձրաձայնել են, թե պաշտոնատար ինչ անձանց հետ են շփումներ ունեցել։
Արուսյակը սակայն ինձ, մեր բազմաթիվ քննարկումների ժամանակ ասել է, որ թե այդ հարցում (Տ. Եգորյանի կարգապահական պատասխանատվության ենթարկելու), թե առհասարակ հիմնադրամի իրավաբանական խնդիրների հարցում լուրջ աջակցություն է ցուցաբերում ՀՀ Փաստաբանների պալատը: Պատմել է, որ 2016թ. դեկտեմբեր ամսից ծանոթացել է պալատի փաստաբան Մարտուն Փանոսյանի հետ, ով նույն ամսին նրան հրավիրել է փաստաբանների պալատ, որտեղ նրանց համար կազմակերպվել է ջերմ ընդունելություն, ցույց են տվել շենքը, ներկայացրել պալատի աշխատանքը, երեսուն րոպեանոց հանդիպում է տեղի ունեցել Փաստաբանական պալատի նախագահ՝ Արա Զոհրաբյանի հետ:
Արուսյակի պատմելով գիտեմ, որ Փաստաբանների պալատի կողմից իբրև հիմնադրամին աջակցող փաստաբանների համակարգող նշանակվել էր փաստաբան Հարություն Հարությունյանը, այդ մասին Արուսյակն ինձ պատմել է իմ կողմից տնօրենի պաշտոնը ստանձնելիս, երբ ներկայացնում էր հիմնադրամի ընդհանուր կառուցվածքն ու գործընկերներին: Փաստաբան Հարություն Հարությունյանին, սակայն, ես անձամբ երբեք հիմնադրամում չեմ տեսել, տեղյակ եմ միայն, որ նրա հետ կապը պահում էին Թեհմինեն և Հայկ (Գրիշա) Կոստանդյանը:
Ինչ վերաբերում է Մարտուն Փանոսյանին, ապա Արուսյակի ներկայացմամբ այդ փաստաբանը ևս անձամբ օգնել է Եգորյանի դեմ դիմումը կազմելիս, հետագայում էլ ավելի գործուն աջակցություն է ցուցաբերել դիմումի լրացումը կազմելիս ու Փաստաբանների պալատ ներկայացնելիս: Մարտուն Փանոսյանին բազմաթիվ անգամ տեսել եմ հիմնադրամում, նա մասնակցել է նաև Արուսյակի որդու ծննդյան օրվա միջոցառմանը:
Միաժամանակ Տ. Եգորյանի կարգապահական վարույթի հարցում Արուսյակին ու Թեհմինեին փաստաբանական խորհրդատվություն է տվել նաև փաստաբան Հրանտը Անանյանը, իսկ վերջին շրջանում նման խորհրդատվություն տալիս էր նաև փաստաբան Հայկուհի Հարությունյանը, մասնավորապես Արթուր Սարգսյանի երկրորդ ձերբակալումից սկսած (սույն թվականի փետրվար ամսից):
Արուսյակի կողմից Փաստաբանների պալատի ու նախագահի հանդեպ ունեցած վերաբերմունքն ինձ առավել տարօրինակ թվաց, երբ նա սկսեց փորձեր կատարել գրաքննելու իմ ֆեյսբուկյան էջը: Մասնավորապես փաստաբան Տիգրան Աթանեսյանի գրասենյակի վրա կատարված հարձակումից հետո, 2017թ. մայիս ամսին իմ էջում տեղադրել էի «Հատուկ դեպքեր» հաղորդաշարի հերթական հաղորդումը, որը նվիրված էր այդ հարձակմանը, և մեկնաբանություն էի արել դատապարտելով բռնությունն ու նշելով, որ պալատի նախագահը պետք է իր տեղում լիներ: Դրան անմիջապես հետևեց Արուսյակի արձագանքը, ով պահանջում էր հեռացնել գրառումս: Հետո սպառնում էր, թե Արա Զոհրաբյանը կարող է ինձ դատի տալ: Սակայն ես, բնականաբար գրառումս չհանեցի, քանի որ անկախ նրանից, թե որտեղ եմ աշխատում ու ինչով եմ զբաղվում, ցանկացած ապօրինություն, որ կիրականացվի ՀՀ քաղաքացու նկատմամբ, դատապարտել ու դատապարտելու եմ:
Ինչպես արդեն նշեցի վերևում, ես հասկանում էի, որ Արուսյակ Հայրապետյանի և Թեհմինե Ենոքյանի կողմից ՓՊ ներկայացված դիմումը Տիգրան Եգորյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու պահանջով հետապնդում է կոնկրետ փաստաբանի նկատմամբ։ Այս հետևության պատճառներն արդեն նշել եմ։ Արթուր Սարգսյանի մահվանից հետո մի քանի անգամ խոսել եմ Արուսյակի և Թեհմինեի հետ, հորդորելով վերջ տալ այս անձնական հետապնդմանը, գոնե մահվանից հետո հաշվի առնելով Արթուր Սարգսյանի կամքը, սակայն նրանք անդրդվելի էին և չէին ցանկանում նահանջել։
Անի Կաղինյանի ֆեյսբուքյան էջից
229 դիտում