«Դատական նիստերը տապալվում են, փաստացի չեն կայանում»․ «Սասնա ծռեր»-ի 10 անդամների գործով նիստը հետաձգվեց

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության  դատարանում ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբավորման 10 անդամների գործով դատական նիստի ժամանակ ամբաստանյալ Սմբատ Բարսեղյանի  պաշտպան Հայկ Ալումյանը հանդես եկավ միջնորդությամբ՝ համաձայն որի սույն գործով անռանձնացված  3 մասերը միացվեն և քննվեն մեկ վարույթում։

Փաստաբանի խոսքերով հակառակ դեպքում տեղի են ունենալու դատավարական խախտումներ ամբաստանյալների, վկաների հարցաքննությունների և դատավճռի ժամանակ։

 «Վկաները հարցաքննվելու են 3 գործերում, ինչի դեպքում մեծ է հավանականությունը, որ ցուցմունքները կարող են չհամապատասխանել։ Բացի այդ մեծ է հավանականությունը, որ գործի քննությունը կավարտվի տարբեր ժամանակահատվածում»,- իր խոսքում ասաց փաստաբանը։

Այնուհետև  փաստաբաններ Մուշեղ Շուշանյանն ու Երվանդ Վարոսյանը, դիմելով դատարանին խնդրեցին հետաձգել Հայկ Ալումյանի կողմից ներկայացված միջնորդության քննարկումը, քանի որ այս պահին շատ փաստաբաններ ներկա չեն դատական նիստին։

Հայկ Ալումյանն էլ դատարանին հայտնեց, որ այս պահին հրաժարվում է իր միջնորդությունից։

«Ես առարկում եմ այս կարգի դեմ, երբ գործի քննությունը պետք է շարունակվի մյուս փաստաբանների բացակայությամբ։ Իմ կոլեգաներն այստեղ չեն և իրենց պաշտպանյալները չգիտեն ինչ դիրքորոշում արտահայտել այս միջնորդության վերաբերյալ»,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ ինքը չէր նկատել, որ որոշ ամբաստանյալների պաշտպանները բացակայում են, այդ պատճառով է հանդես եկել  միջնորդությամբ։

Դատավոր Մեսրոպ Մակյանը որոշեց նիստն ընդմիջել 20 րոպեով և այդ ընթացքում կապ հաստատել բացակա փաստաբանների հետ։

Նշենք, որ ընդմիջման ժամանակ «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Արայիկ Խանդոյանը փորձում էր բարձրախոսով զրուցել ապակիներից այս կողմ գտնվող մարդկանց  հետ և հարցնել նրանց որպիսությունը, սակայն ներսում գտնվող ոստիկանության ներկայացուցիչները թույլ չէին տալիս և բարձրախոսը վերցնում էին Արայիկ Խանդոյանի ձեռքից։

«Խոսում եմ, ի՞նչ եմ անում, իմ ժողովրդի հետ եմ շփվում»,- ոստիկանության աշխատակցին դիմեց Խանդոյանը։

Ընդմիջումից հետո դատավորը որոշեց հետաձգել գործի քննությունը՝ հայտնելով, որ դատարանը կանդրադառնա բացակա պաշտպանների վարքագծին։

Հավելենք, որ արդեն 2-րդ երկուշաբթին է, ինչ գործի քննությունը հետաձգվում է պաշտպանների բացակայության պատճառով։ Վերջիններս նախորդ նիստերի ժամանակ զգուշացրել էին դատավորին, որ երկուշաբթի օրերը այլ նիստեր ունեն և չեն կարող ներկայանալ։

«Ի սկզբանե, երբ պարոն Մակյանի որոշման մասին հայտնի դարձավ, որ նա պատրաստվում է շաբաթական 2 օր դատական նիստեր հրավիրել սույն գործով, պաշտպաններս մեր անհամաձայնությունը և մտահոգությունը հայտնեցինք՝ հիմնավորելով, որ տեխնիկապես շաբաթական 2 օր  դատական նիստեր  անցկացնելու նրա որոշումը իրագործել հնարավոր չէ։ Պարոն Մակյանն արդեն 2-րդ շաբաթն է՝  շարունակում է երկուշաբթի օրը դատական նիստ հրավիրել, որը չի կայանում»,- այս մասին մեզ հետ զրույցի ժամանակ ասաց փաստաբան Մուշեղ Շուշանյանը։

Փաստաբանի խոսքերով դատավորի կողմից ողջամիտ որոշում կլինի  իր որոշման վերանայումը և  շաբաթական մեկ օր  դատական նիստ անցկացնելը։ Շուշանյանի կարծիքով անհիմն է այն պատճառաբանությունը, որ ողջամիտ ժամկետում գործը քննելու նպատակով է որոշվել նիստերը նշանակել նաև երկուշաբթի օրերը։

«Դատական նիստերը տապալվում են, փաստացի չեն կայանում։ Դատարանը, եթե շաբաթը մեկ դատական նիստեր հրավիրի և գործի քննությունը տևի թեկուզ 5 տարի, միևնույն է այդ ողջամիտ ժամկետում  գործի քննության իրավունքը խախտված չի համարվի»,- ասաց փաստաբանը։

Հաջերդ դատական նիստը կկայանա նոյեմբերի 15-ին ։

Հիշեցնենք, որ 2016թ. հուլիսի 17-ին «Սասնա Ծռեր» խմբավորման  անդամները զինված հարձակում էին գործել ՊՊԾ գնդի վրա:

Նյութը՝ Ելենա Արամյանի

396 դիտում

Մեկնաբանություններ